HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքում դիահերձումը կարգելվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվեց Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում արգելել դիահերձումը: Նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Փոխնախարարի խոսքով` նախագծի հիմնական նպատակն է կանխել հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը:

Ավանեսյանի խոսքով` երկրում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հետաքրքրվեց` եթե դիահերձում չի իրականացվելու, ինչպե՞ս է նախարարությունը մահացած պացիենտի պատճառահետևանքային կապը պարզելու:

«Այս պահի դրությամբ մենք կորոնավիրուսից մահացած երեք անձինք ունենք, եթե ոչ դիահերձումով, ապա ո՞նց ենք կորոնավիրուսն ուղիղ կապում մահվան պատճառի հետ։ Եթե դիահերձում չենք արել, ինչո՞ւ ենք ենթադրում, որ հենց կորոնավիրուսն է եղել մահվան պատճառ»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Առողջապահության փոխնախարարն արձագանքեց` պացիենտներն անցել են թեստավորում, և 100 տոկոսով հաստատվել է նրանց մոտ վիրուսի առկայությունը:

«Վիրուսի առկայության հետևանքով վրա է հասել մահը, վիրուսն ինքը մահվան հանգեցնող փաստ չէ, բայց այս պարագայում դրա հետևանքով վրա է հասել մահը»,- ասաց Ավանեսյանը:

Հովհաննես Իգիթյանն էլ նկատեց, որ առաջին հերթին պայմաններ պետք է ստեղծել, որ դիահերձման ժամանակ բուժաշխատողները պաշտպանված լինեն, որովհետև հակառակ դեպքում նույն տրամաբանությամբ կարելի է մտածել, որ բուժաշխատողի համար վտանգավոր է ոչ միայն դիակին դիպչելը, այլև հիվանդին: Իգիթյանի խոսքով` Ֆրանսիայում ու Իսրայելում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հասկանան՝ մարդն ինչից է մահացել:

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց, որ նախարարությունը ձեռնարկում է քայլեր անվտանգության բոլոր պահանջներին բավարարող դիահերձարան ունենալու համար, բայց այս պահին նման դիահերձարան չկա:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 66 կողմ, 16 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter