HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՔԿՀ-ներում կորոնավիրուսով վարակված չկա. նախարարը չի բացառում վարակի տարածումն այնտեղ 

«Այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, այս պահի դրությամբ միայն հնարավոր է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում»,- այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը նշեց, որ նորամուծություն է ներդրվել, որով ազատ տեղաշարժի սահմանափակումները կարող են կիրառվել պայմանով։ Մասնավորապես՝ եթե որևէ վարչական շրջանում վարակի տարածումն արագ տեմպերով լինի, այդ համայնքում հնարավոր է կիրառվեն առավել խիստ սահմանափակումներ։ Կամ, եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա մարդիկ պետք է տրանսպորտից օգտվեն միայն դիմակների օգտագործմամբ, կամ կթույլատրվի միայն որոշակի քանակով ուղևորների փոխադրում։ «Այսինքն՝ պարետն այսուհետ հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պարտադիր պետք է ապահովվեն ազատ տեղաշարժի սահմանափակման կամ թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»,- նշեց նախարարը։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում։ Դատապարտյալներին թույլատրվելու է շաբաթը մեկ անգամ, մեկ անձի կողմից հանձնուք ստանալ։ Նախարարը նշեց, որ հանձնուքների անհրաժեշտություն երբեմն լինում է։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Հետքի» հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալի կամ ազատազրկված անձանց մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան. «Դրանք վկայում են, որ կանխարգելիչ միջոցառումները, որոնք իրականացվում են Քրեակատարողական ծառայության կամ Արդարադատության նախարարության կողմից, իրենց արդյունքը տալիս են։ Իհարկե, կարծում եմ՝ այս իրավիճակը դժվար թե երկար շարունակվի, որովհետև կորոնավիրուսի տարածման տեմպերն ու տարածման հեշտությունն անպայմանորեն բերելու է մի իրավիճակի, երբ կունենանք նաև վարակված դատապարտյալ։ Բայց սա չի նշանակում, որ որևէ կատաստրոֆա կլինի, որովհետև մենք նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյանավետ բուժումը, արդյունավետ վերահսկողությունը և մեկուսացումը հնարավոր կլինի ապահովել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով մեր մյուս հարցին, որը վերաբերում էր ՔԿՀ սենյակներում սոցիալական հեռավորության պահպանմանը, Բադասյանը նշեց՝ ՔԿՀ-ների վիճակը Հայաստանում լավագույններից մեկն է աշխարհում. դրա ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 % է։ Ըստ նախարարի՝ բոլոր մյուս երկրներում, որտեղ համաներմամբ դատապարտյալներ են ազատ արձակվել, այդ երկրների ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը 100 %-ից ավելի է եղել։

«Մեզ մոտ երևի քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, որի մասին վկայում են թվերը՝ 0 դեպք ունենք կալանավորված և դատապարտված անձանց շրջանում»,- նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter