HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արսեն Թորոսյան. «146 մարդ ունի թոքաբորբ, 35-ը ծանր վիճակում է, 8-ը՝ ծայրահեղ ծանր»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քիչ առաջ ուղիղ եթերով անդրադարձավ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին Հայաստանում։ Նախարարը կոչ արեց քաղաքացիներին հետեւել պարետի որոշումներին՝ տնից անհարկի դուրս չգալ, պահպանել հիգիենայի կանոնները։ Ըստ նախարարի՝ վարակակիրների թվի աճի «կորը հարթեցնելու տեմպը կոտրելու ջանքերը պետք է կրկնապատկել», որպեսզի դրական արդյունքը հնարավոր լինի պահպանել, մինչեւ վստահ լինեն, որ լայնածավալ տարածման վտանգ չկա։

Վերջին երեք օրերին գրանցված դեպքերի աճի մասին ասաց, որ գրանցվել է համապատասխանաբար 4,6 %, 6,8 %, 1,3 % աճ. «Ես երեկ գրառում էի արել, որտեղ նշել էի՝ կրկնապատկման արագությունը յոթ օրը մեկ է, եւ թիվը փոխվում է նոր հայտնաբերված դեպքերի հետ։ Այսօր արդեն ունենք ութ օրը մեկ կրկնապատկման դեպք։ Մեր խնդիրն է տեմպը գցել ինչքան հնարավոր է, որպեսզի ունենանք կրկնապատկման այնքան դեպք, որ նախկինում հաստատված դեպքերը դուրս գրվեն հիվանդանոցներից, եւ նոր դեպքերը տեղավորենք մեր մահճակալային ֆոնդում»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների համար մահճակալային ֆոնդում կա 1400 մահճակալ, որոնց կեսը զբաղեցված է։ Այն վարակակիրները, որոնք ունեն թույլ գանգատներ կամ ընդհանրապես գանգատ չունեն, գտնվում են հյուրանոցներում՝ բժշկական հսկողության տակ։ «Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի, 146 հոգի երեկվա դրությամբ ունի թոքաբորբ, 35 հոգի ծանր վիճակում է, որոնցից մեծ մասը թթվածնի կարիք ունի, իսկ ծայրահեղ հիվանդ 8 հոգի են»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով գիշերը գրանցված մահվան դեպքին՝ նախարարը նշեց, որ վարակակիրն ունեցել է ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, գլխի անոթների իշեմիկ խնդիրներ։

Ըստ նախարարին՝ մեկուսացման վայրերում կա 1500 քաղաքացի, ինքնամեկուսացված է ավելի քան 5000 քաղաքացի։ 400-ից ավելի քաղաքացիներ դուրս են եկել մեկուսացումից։

Նախարարն անդրադարձավ դիմակների օգտագործմանը, նշեց, որ դրանք հիմնականում ցուցված են բուժաշխատողների, վարակակիր անձանց, սուր շնչառական վարակներով հիվանդների համար։ Տեղեկացրեց, որ դիմակները օգտագործվում են, որպեսզի տարբեր մակերեսների հպվելուց հետո ձեռքերը բերանին, քթին չհպեն եւ այդպիսով վարակը չփոխանցեն։

Դիմակների դեֆիցիտի եւ բարձր արժեքի վերաբերյալ նախարարն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը որոշել են խորհուրդ տալ կրել նաեւ տնային պայմաններում պատրաստվող դիմակներ եւ կտորե դիմակներ, որոնք պարբերաբար կախտահանվեն եւ կօգնեն մարդկանց, որպեսզի ձեռքերը չհպեն բերանին, քթին։ Շուտով կլինի ուղեցույց, որտեղ մանրամասն կներկայացվի, թե ինչպես պետք է օգտագործել այդ դիմակները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter