HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուսի թեստերի 45%-ն արդեն օգտագործվել է․ նոր թեստերի գնումներ առաջիկայում չեն նախատեսվում

Առողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ մայիսի 5-ին Հայաստանում եղել է կորոնավիրուսի համար նախատեսված 56 276 ՊՇՌ թեստ, և ձեռք է բերվել ևս 20 000-ը։

Մայիսի 5-ին ԱՆ-ն ամբողջ հանրապետությունում արդեն իսկ իրականացրել էր կորոնավիրուսի 25 846 թեստավորում։

Այսօր՝ մայիսի 21-ին, կորոնավիրուսով է ախտորոշվել ևս 325 մարդ (ընդհանուր՝ 5606 վարակված)։ Թեստավորվել է 45 822 հոգի։ Այսինքն, կորոնավիրուս ունի թեստավորված անձանց 12,2 %-ը։ Համեմատության համար, այսօր Ռուսաստանում, որը կորոնավիրուսի վարակի դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, վարակված է թեստավորված մարդկանց 4 %-ը ( 317 554 վարակակիր, 7,8 մլն թեստ

Այս պահին Հայաստանում առկա է կորոնավիրուսի 56 300 թեստ։ Մինչ օրս Հայաստան է բերվել կորոնավիրուսի 102 122 ՊՇՌ թեստ, այսինքն՝ թեստերի մոտ կեսը՝ 45 %-ն արդեն իսկ օգտագործվել է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնել են, որ նոր թեստերի գնում «առաջիկայում չի նախատեսվում»։

Ապրիլի 30-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 21 916 թեստ, օրական միջինը՝ 1100 թեստ։ Վերջին 10 օրում կիրառվող թեստերի օրական միջին թիվն ավելացել է՝ հասնելով 1380-ի։ Այսինքն, թեստավորման օրական նույն միջին քանակը պահելու դեպքում երկրում առկա թեստերի քանակը կբավականացնի մոտ 1 ամիս 10 օր՝ մինչև հունիսի 30-ը։

COVID-19 թեստավորում
Infogram

ԱՆ տրամադրած վերջին տվյալներով՝ ապրիլի 8-ին Հայաստանում եղել է 33 000 արագ թեստ, որից 20 060-ն է տրամադրվել Առողջապահության նախարարությանն ու բաշխվել՝ ըստ անհրաժեշտության․ 3400 արագ թեստ դեռևս պահեստում է։ Մնացածը տնօրինում է պարետատունը։ Արտադրության երկիրը Չինաստանն է, թե կոնկրետ որ ընկերության արտադրանք են թեստերը՝ ԱՆ-ն չի հայտնում։ Նշենք, որ արագ թեստերը լայնորեն չեն կիրառվում, քանի որ կարող են ցույց տալ «կեղծ դրական» կամ «կեղծ բացասական» պատասխան․ թեստերը «փնտրում են» ոչ թե վիրուսը, այլ վիրուսի հակամարմինները։

Ձեռք բերված 102 122 ՊՇՌ թեստերից 80 000-ը ձեռք է բերվել պետական միջոցներով, իսկ մնացածը նվիրատվություն է։ Գնման գործընթացի և արժեքների մասին ԱՆ-ն տեղեկություն չի տրամադրում։

Քանի որ աշխարհում շրջանառվում են կորոնավիրուսի ստուգման համար նախատեսված տարբեր որակի թեստեր, նախարարությանը խնդրել էինք պարզաբանել՝ ո՞ր երկրից են բերված թեստերն ու ո՞ր ընկերության արտադրանք են։

ԱՆ-ից մեզ հայտնել էին, որ «թեստերը ստացվել են որպես նվիրատվություն այլ երկրներից կամ օտարերկրյա կազմակերպություններից՝ Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա, Նիդերլանդներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն»։ 80 000 թեստը, որը ձեռք է բերվել պետական միջոցներով, «Չինաստանի արտադրանք է»։

Նախարարությանը խնդրեցինք հստակեցնել՝ ինչ է նշանակում «Չինաստանի արտադրանք», քանի որ, օրինակ, նույն Չինաստանում կան և՛ լավ, և՛ վատորակ թեստեր, ինչպես նաև՝ փորձեցինք ճշտել՝ արդյոք իրենք չեն տիրապետում այդ տեղեկատվությանը։ 

ԱՆ հասարակայության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայտնել են այն տեղեկությունը, որն ունեն։ «Մենք չունենք այդ ինֆորմացիան, այլապես կտրամադրեինք»,- ասաց նա՝ նշելով, որ թեստեր արտադրող ընկերությունների մասին տեղեկություն ստանալու համար պետք է դիմել պարետատուն։

Այն հարցին՝ արդյոք միայն պարետատունը գիտի արտադրողների անունները, Լ․ Բաբախանյանը պատասխանեց՝ քանի որ իրենք են գնումը ձեռնարկել, տեղեկության տնօրինողն իրենք են։ «Այն տեղեկատվությունը, որն ունենք, ձեզ տրամադրում ենք։ Այս պահին ինչը տրամադրել ենք, մեր ունեցած տեղեկատվության շրջանակներում է։ Թեստը մեզ հասել է, արտադրանքը, վրան գրված է՝ որ երկրի է, մենք ձեզ պատասխանել ենք»,- ասաց Լ․ Բաբախանյանը։

Մենք հարցում ուղարկեցինք պարետատուն՝ թեստերն արտադրող ընկերությունների անունները ճշտելու համար։ Տեղեկատվությունը տրամադրելու համար պարետատունը 30 օր ժամանակ է խնդրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter