HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․ Թորոսյան․ «Թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք»

Կառավարության ապրիլի 23-ի նիստը մեկնարկեց կորոնավիրուսի մասին նոր տեղեկատվության հաղորդմամբ։ Մինչ օրակարգի հաստատումը վարչապետը խնդրեց Արսեն Թորոսյանին ներկայացնել իրավիճակը։

Նախարարի խոսքով՝ վերջին տվյալներով հաստատվել է 50 նոր դեպք, բուժվել է 26 քաղաքացի, գումարային դեպքերի թիվը 1523 է, ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը՝ 840, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի ընդհանուր թիվը 24 է։

«Այս պահին ունենք 10 ծայրահեղ ծանր, մոտ 230 թոքաբորբով հիվանդ, արհեստական օդափոխությամբ 5 հոգի, որոնցից մեկը 27 տարեկան է, սակայն ունի ծանր բնածին հիվանդություն։ Բժիշկներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու համար։ Հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ աճի տեմպն, ըստ էության, նույնն է։

 «Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար, սակայն թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք»,- ասեց նախարարը։

Վարչապետը հետաքրքրվեց նաև աշխարհում տիրող իրավիճակով։

«Ամեն օր նոր դեպքերի թիվը Իրանում ավելի քիչ է, քան նախորդ օրը, նույնը վերաբերում է նաև մահերին։ Սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում, և կարծես թե երկիրն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն հունին։ Սակայն խոսվում է  երկրորդ ալիքի մասին, թուլացումներից զգուշանալու մասին։ Անորոշությունները էլի մնում են շատ։ Այսինքն՝ ինչպիսի գործողություններ անեն երկրները, հաճախ օրական հիմքով որոշումներ են կայացնում՝ ինչպես շարժվել առաջ»,- նշեց առողջապահության նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter