
Հավաքականի մարզիկներից մեկը վարակվել է. բռնցքամարտի ֆեդերացիաների հայտարարությունները հակասում են իրար
Հայաստանի բռնցքամարտի երկու ֆեդերացիաների միջև տարաձայնությունները շարունակվում են: Վեճի թեման այս անգամ Արթուր Գևորգյանի գլխավորած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) տարածած հաղորդագրությունն էր, որով հայտնել էին, թե վարկանիշային մրցաշարին մասնակցելու նպատակով Լոնդոն մեկնած հայկական պատվիրակության անդամների և պատվիրակության անդամ չհանդիսացող անձինք կորոնավիրուսով են վարակվել: Հովհաննես Հովսեփյանի գլխավորած Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան (ԲՀԱՖ) էլ հայտնել է, որ մյուս ֆեդերացիան պատվիրակության հետ որևէ կապ չի ունեցել:
Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջն այսօր առավոտյան հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում:
Մի քանի րոպե անց, սակայն, հաղորդագրությունը հեռացվեց ֆեյսբուք էջից:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Երվանդ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նյութը հեռացվել է պարետատան պահանջով: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի հաստատումը չստացած անձինք մեկնել են Լոնդոն, Երվանդ Հակոբյանը պատասխանեց, որ նրանք պատվիրակության հետ մեկնել են սեփական միջոցներով:
«Դուք էլ, եթե ցանկանայիք, կարող էիք ձեր միջոցներով տոմսը առնել և մեկնել, այլ հարց է, թե այնտեղ միջազգային ֆեդերացիաները որքանով են թույլատրել այլ անձանց ներգրավել այդ մրցումներին, դրա մասին էլ տեղյակ չեմ»,- նշեց ֆեդերացիայի մամուլի խոսնակը:
Երվանդ Հակոբյանի խոսքով` ֆինանսական միջոցները փոխանցվում են իրենց ֆեդերացիային և հենց ֆեդերացիան էլ հաստատում է պատվիրակության կազմը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լոնդոն էր մեկնել մարտի 11-ին և վերադարձել՝ մարտի 20-ին:
ՀԲՖ մամուլի խոսնակի հետ մեր զրույցից մի քանի րոպե հետո Հովհաննես Հովսեփյանի գլխավորած Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրեց, որը գրեթե ամբողջությամբ հակասում է մյուս ֆեդերացիայի հաղորդագրությանը: Մասնավորապես նշում են, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ու ՀԱՕԿ-ի կողմից տրված համատեղ հայտով է Հայաստանի պատվիրակությունը մասնակցել վարկանիշային մրցաշարին: Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ, ուստի ՀԲՖ-ն ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական տեսակետից իրավունք չունի հայտարարություն տարածել Լոնդոն մեկնած բռնցքամարտի պատվիրակության վերաբերյալ, առավել ևս, եթե նման հայտարարություններն արգելվում են ՀՀ օրենքով»,- ասվում է ԲՀԱՖ-ի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ՀԱՕԿ-ի արտահերթ ժողովում Արթուր Գեւորգյանի ղեկավարած ֆեդերացիան հեռացվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) անդամակցությունից: Այդ ժամանակվանից ի վեր երկու ֆեդերացիաների միջև հաստատվել են գերլարված հարաբերություններ, և սա առաջին դեպքը չէ, որ մեկը մյուսին հակասող հայտարարություններ են անում:
Վարակման դեպքի վերաբերյալ «Հետք»-ը պարզաբանում խնդրեց նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, որտեղից մեզ փոխանցեցին հետևյալը.
«ՀՀ ԿԳՄՍՆ-ն հաստատում է, որ Լոնդոն մեկնած պատվիրակության մեջ եղած մարզիկներից մեկը վարակված է կորոնավիրուսով, մյուսների մասով բժիշկների ցուցումները կատարված են, սերտ շփում ունեցածները մեկուսացված են: Վարակված մարզիկը գտնվում է բուժհաստատությունում»:
Մեկնաբանել