HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վաղը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը

Ինչպես ժամեր առաջ հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, վաղը՝ ապրիլի 12-ին, ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Մոսկվայից կվերադառնա Երեւան: Ինչպես նախորդ երկու դեպքերում էր, այս անգամ էլ տեղափոխությունը կիրականացնի ռուսական «Red Wings» ավիաընկերությունը: Թռիչքը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:40-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից: Վայրէջքը «Զվարթնոցում»՝ Երեւանի ժամանակով 19:25-ին:

Դեսպանությունը նշել է, որ հայրենիք վերադառնալու առաջնահերթությունը տրվել է հետեւյալ խմբերի քաղաքացիներին. նրանց, 1. ովքեր Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կարողացել մեկնել, 2. ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, 3. մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող եւ բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- իրազեկել է դեսպանությունը:

Ավելի ուշ դիվանագիտական ներկայացուցչությունը հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող եւ դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված ու դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը (ապրիլի 11-ի 19․00-ի դրությամբ)։ Դրանում ընդգրկված է 217 անձ: Դեսպանությունը նշել է, որ ցուցակը հրապարակվում է քաղաքացիների խնդրանքով։ Կառույցը հիշեցրել է, որ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը Մոսկվա է ժամանել ՌԴ այլ քաղաքներից, սակայն չի կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման/բացակայության պատճառով։ Ըստ դեսպանության՝ ցուցակը տրամադրվելու է թռիչքն իրականացնող ավիափոխադրողին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter