HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան իշխանությունները պաշտոնապես թույլատրել են ռեմդեսիվիրի կիրառումը կորոնավիրուսի դեմ պայքարում

Ամերիկյան իշխանությունները պաշտոնապես թույլատրեն են ռեմդեսիվիր հակավիրուսային միջոցի կիրառումը COVID-19 նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ FDA-ը՝ ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը, խորհուրդ է տվել օգտագործել ռեմդեսիվիրը, որը նախկինում կիրառվում էր Էբոլայի վիրուսի բուժման համար։

Որոշումն ընդունվել է արտակարգ ընթացակարգով, ինչը նշանակում է, որ ռեմդեսիվիրն արդեն կկիրառվի ամերիկյան հիվանդանոցներում՝ COVID-19-ով հիվանդ ծանր պացիենտների բուժման համար։ «Սա առաջին բուժական միջոցն է, որը խորհուրդ է տրվում կիրառել COVID-19-ի բուժման նպատակով։ Մենք շատ հպարտ ենք, որ մասնակցում ենք այս ամենին»,- նշել է FDA-ի ղեկավար Սթիվեբ Հանը։ 

Այս շաբաթ ԱՄՆ-ում ամփոփվել էին միջոցի կիրառման միայն նախնական արդյունքները։ Այդուհանդերձ, նախնական տվյալներն այնքան համոզիչ են եղել, որ ԱՄՆ ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ հաստատել էր հակավիրուսային միջոցի արդյունավետությունը։ Գիտափորձի արդյունքում պարզ էր դարձել, որ դեղամիջոցն օգնում է COVID-19-ով հիվանդ պացիենտներին արագ հաղթահարել հիվանդությունը։ 

Այդուհանդերձ, FDA-ի ներկայիս որոշումն ընդունվել է արտակարգ ընթացակարգով։ Վերջնական հաստատում ստանալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակահատված։ Փորձագետները զգուշացնում են, որ ռեմդեսիվիրը չի կարելի համարել որպես կորոնավիրուսի պանացեա (համադարման), այն դեպքում, երբ որոշ այլ հետազոտություններ, որոնք իրականացվել են ավելի վաղ, չեն ապացուցել դեղամիջոցի արդյունավետությունը։

Մասնավորապես, ապրիլի 29-ին «Lancet» պարբերականում հրապարակվել են մեկ այլ հետազոտության արդյունքներ, որտեղ դարձյալ ուսումնասիրվել էր ռեմդեսիվիրի ազդեցությունը կորոնավիրուսի վրա։ Գիտափորձն իրականացվել էր Չինաստանում և տվել հակառակ արդյունքը։ Դրա արդյունքում հնարավոր չէր եղել հաստատել դեղամիջոցի արդյունավետությունը։ Սակայն փորձագետները նշում են, որ չինական ուսումնասիրությունը, որն իրականացվել է ընդամենը 237 պացիենտների վրա, չի հանդիսանում բավականաչափ ներկայացուցչական, որպեսզի հնարավոր լինի հանգել նման եզրակացության։ Գիտափորձը նույնիսկ ժամանակից շուտ ընդհատվել է։ Պատճառը մասնակիցների ոչ բավարար թիվն էր։

Ամերիկյան «Gilead» դեղագործական ընկերության ղեկավար Դենիել Օ’Դեյը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, խոստացել է, որ իր ընկերությունն անվճար կմատակարարի 1,5 միլիոն դեղամիջոց։  

ԱՄՆ-ն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից։ Վերջին տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1 131 856 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 161 666-ի, իսկ մահացածների թիվը՝ 65 782-ի։

Լուսանկարը՝ «Shutterstock»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter