HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առողջապահության նախարար․ «Մեր առաջարկությունը Կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնելը»

Ապրիլի 10-ին տեղի ունեցած ասուլիսին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ առաջարկելու են Կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը։

«Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Սակայն գործողությունների շարունակականությունն ապահովելու համար, կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է»։

Նախարարի խոսքով՝ մինչ օրս արվել է մոտավորապես 6500 թեստ։

«Արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում։ Չափանիշներն ընդլայնվել են, մենք ավելի շատ թեստ կիրականացնենք` կապված նաև համաճարակաբանական իրավիճակով։ Ամենօրյա կատարվող թեստերի քանակը կավելանա, մենք նպատակ ունենք, ինչպես բազմիցս նշել ենք, դրանց թիվը հասցնել օրական 1000-ի»,- հայտնել է Թորոսյանը։

Նախարարն անդրադարձավ այն հարցին, թե ինչու չի արվում թեստավորում այս կամ այն բնակավայրում կամ բուժհաստատությունում:

Նա ասաց, որ վիրուսների թեստավորումն ինքնին ամենաբարդ բժշկական հետազոտություններից մեկն է, որը բազմափուլ, երկարատև պրոցես է։ Միայն հետազոտության փուլը, երբ նմուշն արդեն լաբորատորիայում է, տևում է մոտավորապես 5 ժամ։ Լաբորատորիան պետք է համապատասխանի կենսաանվտանգության բարձր պահանջներին, որպեսզի վիրուսի տարածում լաբորատորիայում չլինի հենց բուժաշխատողներին, հետո բուժաշխատողներից էլ ուրիշ մարդկանց։ Այդպիսի լաբորատորիաներ Հայաստանում շատ չեն։

«Մենք ունենք մեր ենթակայության այդպիսի 6 լաբորատորիա, և մեր հետազոտությունները ցույց են տվել, որ կա ևս 2 մասնավոր լաբորատորիա, որոնք այսօրվանից ընդգրկված են պրոցեսում»,- նշեց նախարարը։

Թորոսյանը կարևորել է նաև նախորդող՝ փորձանմուշներ վերցնելու փուլը, որը կրկին պետք է իրականացվի պատշաճ, որպեսզի կեղծ դրական կամ կեղծ բացասական պատասխաններ չստացվեն։ Դրա համար անհրաժեշտ է բարձր որակավորում ունեցող անձնակազմ, որը վերապատրաստվել է և շարունակում է վերապատրաստվել։ Անհրաժեշտ են նաև հատուկ տեղափոխման սառցե տարաներ։

«Լոգիստիկ շղթան պետք է պատշաճ կազմակերպվի։ Սա ասում եմ, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի, որ դա ընդամենը մատից արյուն վերցնել և կես ժամից պատասխան տալու նման պրոցես է։ Պետք է նաև հաշվի առնել, որ լաբորատորիայի աշխատակիցներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ գիշեր-ցերեկ, և դա նույնպես կարող է մեծացնել սխալվելու հավանականությունը, ինչը չենք կարող թույլ տալ։ Հետևաբար ռեժիմի հարցեր էլ կան, փորձելու ենք գիշերն ընդհանրապես թեստեր չանել, որպեսզի չսխալվենք»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Նախարարն անդրադարձել է նաև երեխաներին և նրանց` պարտեի որոշման մեջ թիրախային խմբում լինելու հանգամանքին․

«Երբ ասել եմ, որ երեխաները զերծ են հիվանդության բարդացումից, ասածս կրկին ուժի մեջ է, բայց դա չի նշանակում, որ չպետք է զբաղվենք երեխաների խնամքով և բուժումով։ Խոսքը աշխարհում աւրձանագրված մահվան դեպքերին է վերաբերում, որոնց մեջ, բարեբախտաբար, առողջ երեխաներ չկան։ Իհարկե արձանագրվել է թույլ իմունիտետ ունեցող երեխայի մահվան դեպք, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, ինչը մեզ նաև հավելյալ զգոնության առիթ է տալիս, հատկապես՝ քիմիաթերապիա ստացող, իմունային անբավարարություն ունեցող երեխաների նկատմամբ»,- ասաց նախարար Թորոսյանը։

Վերջինս նաև հայտնեց, որ ծանր վիճակում գտնվող երեխա կամ երեխայի հետ եղած ծնող այս պահին չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter