HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետ․ «Պարետատունը որոշել է Նորաշեն համայնքն ամբողջությամբ մեկուսացնել»

Կառավարության ապրիլի 16-ի նիստը մեկնարկեց շնորհավորանքներով։

Մինչ օրակարգի հաստատումը՝ վարչապետը շնորհավորեց ոստիկանության ամբողջ անձնակազմին ոստիկանության օրվա կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, ովքեր զոհվել են ՀՀ օրենքն ու իրավակարգը պաշտպանելիս։

Այնուհետև գործադիրի ղեկավարը շնորհավորեց Հակոբ Արշակյանին ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ, ապա խնդրեց Արսեն Թորոսյանին ներկայացնել վերջին տվյալները կորոնավիրուսի վերաբերյալ։

«Ունեցել ենք նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացած։ Իրականացրել ենք 24-ժամյա ցիկլով 537 թեստ։ Թեստերի մի մասը հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, ընդհանուր թիվը 810 է։ Հետևաբար, կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը։ Այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է։ Ընդհանուր դեպքերի թիվը 1159 է։ Մոտավորապես 1500 հոգուց ավելի այս ընթացքում կարանտինից դուրս է եկել։ Կարանտինում գտնվող մոտավորապես 300 անձանց մոտ հաստատվել է դրական արդյունք»,- հայտնեց Առողջապահության նախարարը։

Ըստ Թորոսյանի՝ միջոցառումները շարունակվում են։ Մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված։

«Եթե կարողանանանք այս տեմպը պահել, հանրությունը մեր խորհուրդներն իրականացնի, բացվող գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,- նշեց նախարարը։

Վարչապետի խոսքով՝ եթե շարունակենք այն վերաբերմունքը, որ հաճախ տեսնում ենք, հնարավոր է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում։

«Այսօր մոտավորապես 16 թեստից 1 դրական դեպք ենք ունենում, որը բավականին լավ ցուցանիշ է։ Ուզում եմ ընդգծել, որ համաճարակի կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում»,- հայտնեց գործադիրի ղեկավարը։

Վարչապետն անդրադարձավ նաև օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցած դեպքին։

«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Ոստիկանության և մասնագետի ուղեկցությամբ է նա գնացել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ իրավիճակը հուզումնալից է եղել, և նրանք, այնուամենայնիվ, չեն պահել պայմանները և գրկախառնվել են։ Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել։ Սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայքն ամբողջությամբ մեկուսացնել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ կառավարության ապրիլի 9-ի նիստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter