HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Համակարգը փրկեցինք կոլապսից»․ Նիկոլ Փաշինյանը խոսել է կոմունալ վճարների մասին

Երբ Կառավարությունը հայտարարեց, որ արտակարգ դրության օրերին կոմունալ վճարները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինելու, չվճարել սկսեցին ոչ միայն այն մարդիկ, որոնք հնարավորություն չունեին, այլ նաև նրանք, որոնք հնարավորությունն ունեին։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ երբ ասում էին, թե կոմունալների չվճարելու դեպքում անջատումներ չեն լինի, չէին պատկերացնում, որ արտակարգ դրության ռեժիմը կարող է այսքան երկարաձգվել։

«Այստեղ առաջանում է հետևյալ պրոբլեմը․ փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը համատարած չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին և մատակարարներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակները և նպաստները, սակայն ամենակարևոր ռիսկը՝ այս համակարգը կարող է քանդվել։ Այսինքն՝ կարող է խոսք գնալ ոչ թե 5000, 1000, 2000 հոգու էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ կարող է խոսք գնալ, որ երկրում էներգետիկ համակարգը չաշխատի, որովհետև դրա բնականոն աշխատանքի շղթան կտրվել է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտնեց, որ կոմունալ վճարների կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարում է վերացած։ Սրան հետևեցին «Գազպրոմ»-ի, ՀԷՑ-ի հայտարարություններն այն մասին, որ ապրիլի 22-ից հետո վճարումներ չկատարելու դեպքում անջատումներ կլինեն։

«Այս պայմաններում մենք համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն և մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Խոշոր սպառողների կողմից վճարումներ չկատարելու պատճառով դիրքորոշումը կոշտացնելուց հետո մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 միլիարդ դրամ վճարումներ եղան համակարգ։ Հազարավոր խոշոր բաժանորդներ, որոնք սոցիալապես անապահով խմբերի մեջ չեն եղել, վճարումներ չեն կատարել։ Դիրքորոշումները կոշտացնելու արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում առկա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդներից 4 300-ի հոսանքն անջատվել է, 623 հազար գազի բաժանորդներից էլ անջատվել է 736-ի մատակարարումը։

«Հոսանքն անջատած բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավել, իսկ գազի սպառողների պարագայում 80 հազար դրամ և ավել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ սպառողներ չարաշահել են ձեռնարկած քայլերը՝ կոմունալների չվճարման մասով։

«Մեր հաշվարկներով՝ մինիմում մեկ տարի՝ մինչև մյուս տարվա մարտը, մենք լինելու ենք կորոնավիրուսային ճգնաժամի մեջ, և հետևաբար եթե մենք ասենք, որ էդ ճգնաժամի ժամանակ մարդիկ կարող են կոմունալները չվճարել, կնշանակի, որ մենք ասենք՝ երկրում հոսանք չի լինելու»,- ասաց վարչապետը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter