
Ընդհանուր 52 հաստատված դեպք․ պարզվում են վարակի նոր դեպքերի աղբյուրները
Մարտի 16-ին Առողջապահության նախարարությունն իրականացրել է կորոնավիրուսի 105 թեստ, և քիչ առաջ հայտարարված 15 հաստատված դեպքերից բացի, ևս 7 թեստի արդյունք դրական է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Շտապելով ասեմ, որ դեպքերից 12-ը կապված են էջմիածնի դեպքի հետ և որևէ ախտանշան չեն ունեցել մինչև այս պահը։ Ինչո՞վ է պայմավորված թեստերի դրական լինելը։ Մենք որոշեցինք թեստերի պրոակտիվ չակերտավոր էքսպերիմենտ կատարել՝ հասկանալու համար մեր կողմից մեկուսացված շրջանակի մոտ վիրուսի առկայությունը։ Այնպես ստացվեց, որ թեստերից 12-ը դրական եղան, և նրանք մեկուսացման օրվանից մինչև օրս որևէ գանգատ չեն ունեցել։ Այսինքն՝ վիրուսը պարզապես առկա է նրանց օրգանիզում, ու նրանք մոտավորապես 5 օր է՝ մեկուսացված են, հավանակությունը նրանց կողմից այլոց փոխանցելու շատ փոքր է»,- ասաց նախարարը։
Թորոսյանն ասաց, որ սեփական փորձով տեսնում են՝ բացի որոշ դեպքերում ջերմության առկայությունից և թոքաբորբով երկու դեպքերից, մնացած բոլոր դեպքերում նույնիսկ հիվանդության ախտանշաններ չկան, սակայն դա չի նշանակում, որ նախարարությունը չի շարունակելու վարակի կանխարգելման աշխատանքները։
Ամփոփելով մարտի 16-ը՝ Արսեն Թորոսյանը ընդգծեց, որ 30 հաստատված դեպքերին ավելանում են 22-ը՝ ընդհանուր կազմելով՝ 52։
«Թեստ հանձնածներից վերջին 12-ի մոտ ախտանշաններ ընդհանրապես չկան, և նրանք հիմա նույնիսկ հիվանդանոցներում էլ չեն գտնվում, այլ մեկուսացման վայրում, նույնիսկ չեն էլ ենթադրում, թե իրենցից ում մոտ է թեստը դրական։ Ամենայն հավանականությամբ նրանց մասով անհատական որոշումներ կկայացնենք՝ նրանց պետք է հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ, որովհետև բացի ժամանակից իրենք ուրիշ որևէ բանի կարիք չունեն՝ վիրուսը օրգանիզմից դուրս գալու համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Առողջապահության նախարարը նշեց, որ նոր դեպքերի մի մասը կապված է արտադրամասի հետ, և կան դեպքեր, որոնց համաճարակաբանական հետաքննությունն ընթացքի մեջ է, և փորձում են պարզել վարակի աղբյուրը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել