HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սուսաննա Սաֆարյան. «Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով ամենից տուժած ոլորտներից է»

«Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով ամենից տուժած ոլորտներից է և կարելի է ասել՝ այս պահին Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունների քանակը ձգտում է զրոյի։ Հետևաբար, զբոսաշրջությունը համարվում է առավել խոցելի, քան մյուս ոլորտները և, դրանով պայմանավորված, կրում է վնասներ»,-քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

Նա նշեց, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ։ Սուսաննա Սաֆարյանի դիտարկմամբ՝ զբոսաշրջային ինդուստրիայի համար սա զգալի կորուստ է։ Նա կարծում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակի պատկերը կարող է առավել վատ լինել, քանի որ սահմանները փակ են, թռիչքները՝ դադարեցված, հետևաբար զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն  լինելու։ «Դա նշանակում է՝ ֆինանսական այն մուտքերը, որոնք հանրապետությունն ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,-նշեց Սուսաննա Սաֆարյանը։

Սուսաննա Սաֆարյանն ասաց, որ կորոնավիրուսի պատճառով վնասներ են կրում զբոսաշրջային սուբյեկտները, հյուրատները, հյուրանոցներն ու այն մարդիկ, ովքեր զբոսաշրջային ծառայություններ են մատուցում։

Այդ իսկ պատճառով կառավարությունը քննարկել է զբոսաշրջային ոլորտի սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մի շարք ծրագրեր։ 

Աջակցության առաջին ծրագրով սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում։

«Երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման՝ իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների և ևս 50 տոկոս պետության աջակցութամբ ֆինանսավորում ստանալու համար»,-մանրամասնեց Սուսաննա Սաֆարյանը։

Այդ վարկը նրանք կարող են ծախսել իրենց աշխատակիցների աշխատավարձերի կամ դրանց հավասարեցված վճարումների, պետական բյուջե կամ համայնքային բյուջե կատարվող տուրքերի, պարադիր վճարների, կոմունալ ծախսերի համար։

«Սա մի փոքր կարող է մեղմել կորուստները, որոնք տվյալ գործունեության սուբյեկտները կրում են։ Այնուամենայնիվ, ամբողջությամբ չի ծածկում պահանջարկը կամ աջակցության այն կարիքը, որ իրենք ունեն»,-նշեց նա։

Մյուս ծրագիրը վարկավորման աջակցությունն է՝ նախատեսված զբոսաշրջության փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Վարկավորումից կարող են օգտվել այն սուբյեկտները, որոնց շրջանառությունը 24-500 միլիոն դրամ է։ 

«Վարկի մարման ժամկետը 36 ամիս է, որի մարման առաջին վեց ամսվա ընթացքում տոկոսավճարներ չկան, որից հետո ևս երկու տարի շարունակում են վճարել մայր գումարը՝ առանց տոկոսի, և միայն վերջին՝ 12 ամսում 12 տոկոս տոկոսավճարով կարողանում են օգտվել վարկավորումից։ Վաղաժամկետ վճարման դեպքում երրրոդ տարվա տոկոսավճարը չի գանձվում»,-մանրամասնեց զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Սուսաննա Սաֆարյանը սա շահավետ հնարավարություն է համարում այն տնտեսվարողների համար, ովքեր կկարողանան երկու տարում մարել վարկը։

Սաֆարյանը ներկայացրեց աջակցության ևս մեկ ծրագիր, որը նախատեսված է զբոսաշրջային ոլորտի աշխատակիցների վճարումների համար՝ նվազագույն աշխատավարձից մինչ 136 հազար դրամ սահմանաչափով։ 

Հյուրանոցների սեփականատերերին զբոսաշրջության կոմիտեի նախագահը հորդորեց իրենց հյուրանոցները որպես մեկուսավայր օգտագործելու համար գնային առաջարկ ներկայացնել Զբոսաշրջության կոմիտե։ Սաֆարյանն ընդգծեց, որ իրենց թիրախում 50 սենյակից ավելի ունեցող հյուրանոցներն են, որոնցում մեկուսացվածների կենտրոնացվածությունը հնարավոր է լինելու ապահովել։ 

Այժմ հիմնականում դիտարկվում են Երևանի, Դիլիջանի և Ծաղկաձորի հյուրանոցները։ Սուսաննա Սաֆարյանը սա ևս հյուրանոցների աջակցության ծրագիր համարեց, որից ստացված եկամուտները կարող են ուղղել իրենց կարիքների ապահովմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter