
Արսեն Թորոսյան. «Խնդրում եմ մի տրվեք գայթակղությանը՝ COVID-19-ը բոլոր ԲԿ-ներ մտցնելու»
Բոլոր բժշկական հիմնարկները չեն զբաղվելու Covid-19-ի բուժմամբ, դա սխալ է:
Այս մասին խորհրդարանում` 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցադրմանը, թե ինչու շատ ԲԿ-ներ չեն սպասարկում կորոնավիրուսով վարակված անձանց:
«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի տրվեք գայթակղությանը՝ COVID-19-ը բոլոր ԲԿ-ներ մտցնելու, որովհետև այն վարակիչ հիվանդություն է, և ոչ թե մի պարզ պրոցեդուրա, որը կարելի է նույնիսկ ոչ ԲԿ-ներում բուժել»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով` ԲԿ-ներն ընտրվում են հակահամաճարակային կանոնները հաշվի առնելով, ինչպես նաև ընտրվող ԲԿ-ների պրոֆիլները:
«Մարդիկ այլ հիվադություններից էլ են հիվանդանում, մենք չենք կարող կարևոր բժշկական ծառայությունները դնել կասկածի տակ միայն այն պատճառով, որ հիվանդանոցն ուզում է կովիդով զբաղվել: Միանշանակ է, որ չենք կարող ամբողջ առողջապահական համակարգը դնել սրա տակ` մահճակալային իմաստով: Էս թեման արհեստական է ուռճացվել որոշ շրջանակների կողմից, կարծում եմ` ժամանակը ցույց կտա, որ ճիշտ էինք»,- ասաց նա:
Անդրադառնալով կորոնավիրուսով վարակված անձանց բուժման ծախսերին նախարարն ընդգծեց` ծախսերն արվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Հաճախ դրան հիմնադրամ կամ ֆոնդ են ասում, դա բյուջեն է, այո, եղել են նվիրատվություններ` մեկ միլիարդ 100 միլիոնի չափ, բայց մենք դրանից շատ անգամ ավելին ենք ծախսել, և այդ ծախսերը շարունակում են աճել: Օրինակ՝ հիվանդանոցային օղակի պահպանման ծախսերը նախորդ ամսին մեկուկես միլիարդ էր, հիմա ավելի շատ կլինի, որովհետև ներգրավված ԲԿ-ները շատացել են»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` հունիսի 11-ի դրությամբ 120 պացիենտ սպասում է հոսպիտալիզացիայի: Ըստ Թորոսյանի` այդ անձանց շրջանում ծանր վիճակում գտնվողներ չկան:
Մեկնաբանել