
Այսօր Չինաստանից Հայաստան կբերվի թեստերի տեղական արտադրության համար անհրաժեշտ նյութերի վերջին խմբաքանակը
Պաշտպանության և արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ՝ այսօր երրորդ թռիչքը կլինի Չինաստանից, որտեղից Հայաստան կբերվեն բժշկական սարքավորումներ, ինչպես նաև կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրության համար ռեագենտների (քիմիական հակազդակ) վերջին խմբաքանակը: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումները։
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև հունիսի 13-ը:
«Այժմ արդեն առավել քան երբևէ ակնհայտ է պետական համակարգում համապարփակ և խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը: Չնայած այդ ուղղությամբ դեռ անցած տարի մեկնարկած աշխատանքներն ընդհատվեցին կորոնավիրուսի պատճառով, սակայն առաջիկայում լրջորեն լծվելու ենք այդ աշխատանքներին, այդ թվում՝ շատ հարցեր այսօր արդեն այլ լույսի ներքո է երևում, այդ համատեքստում պետական համակարգում բազմաթիվ կարծրատիպեր և միֆեր պարզապես կոտրվեցին»,- իր խոսքում նշեց Տիգրան Ավինյանը:
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հաջորդ փուլում Կառավարությունը, ըստ պարետի, որդեգրելու է վարակի տարածման դինամիկայով և առողջապահական համակարգի կարողություններով պայմանավորված՝ սցենարային մարտավարական կառավարում իրականացնելու գործելաոճը:
Մեկնաբանել