HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի տարածումից հետո սահմանափակումներ են մտցվել տարեցների խնամքի կենտրոններում

Հայաստանում գործող տարեցների խնամքի կենտրոններն աշխատում են հատուկ ռեժիմով․ մի շարք կենտրոններում առկա է տեսակցությունների սահմանափակում։

Տարեցների խնամքով զբաղվող «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը կորոնավիրուսով պայմանավորված երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո որոշում է կայացրել անցնել աշխատանքային այլ ռեժիմի։ ՀԿ-ն որոշել է մարտի 17-ից տարեցների խնամքն ապահովել միայն տնայցերի միջոցով, իսկ մինչ այդ ՀԿ-ի ցերեկային կենտրոններ էին այցելում սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներ, ճաշարաններում ստանում սնունդ, իսկ տարեցների համար կենտրոնը կատարում էր տնայցեր։

Մեզ հետ զրույցում «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը նշեց, որ վաղվանից նախատեսվում է կազմակերպել միայն տնայցեր և ցերեկային կենտրոնի հաճախողներին տրամադրել սննդի փաթեթներ։

«Առաքելություն Հայաստան»-ը Երևանում և մարզերում ունի 1500 շահառու։

«Այն տարեցները, որոնք չեն կարողանա մեր ուղարկած փաթեթների սննդամթերքով կերակուր պատրաստել, մեր աշխատակիցները որոշ բաներ կնախապատրաստեն, այսինքն կիսաֆաբրիկատներ կանեն, հեշտ պատրաստվող սնունդ կտրամադրենք, այս պահին քննարկում ենք՝ ինչ կարելի է ձեռնարկել»,- ասում է Ալլա Հարությունյանը։

Այսպիսի ռեժիմով է աշխատում նաև «Օրրան» բարեգործական ՀԿ-ն։ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը մարտի 2-ից դադարեցրել է շահառուների մուտքը ՀԿ-ի տարածք։ Շահառուների մեծ մասը՝ 300 հոգի, անապահով ընտանիքների երեխաներ են, ովքեր իրենց ժամանցն են անցկացնում կազմակերպությունում, նաև ապահովում է մոտ 100 տարեցների նախաճաշը։ ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ մարտի 2-ից շահառու երեխաների ծնողները եկել են ՀԿ և տարել չոր սնունդ՝ ձեթ, մակարոնեղեն, լոբի, շաքար, 1-ին անհրաժեշտության պարագաներ։ Մեր այն հարցին՝ իսկ ծերերին, ովքեր չեն կարող նախաճաշել, արդյոք սնունդ չի տրամադրվել, Սուսաննան պատասխանեց՝ «Ծերերն իրենք են ասել, որ իրենց չոր ուտելիք պետք չէ, քանի որ մի մասը գազ չունի, մի մասը՝ լույս, և չեն կարողանում ճաշ եփել, մենք առաջարկել ենք։ Եթե իրավիճակը երկար տևի, պատրաստվում ենք ինքներս այցելել նրանց, ու մեզ հետ տանել երշիկ, պանիր և նմանատիպ ուտելիքներ», - նշեց Սուսաննա Մանուկյանը։

Զրուցել ենք նաև այլ տուն-ինտերնատների և ծերանոցների ղեկավարների հետ։ Այս կենտրոններում ևս իրականացվում են սահմանափակումներ։

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի տեղակալ Վարդան Բալայանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ փետրվարի 27-ից տուն-ինտերնատում հայտարարված է կարանտինային ռեժիմ, ծերերի մուտքն ու ելքը սահմանափակված է, տարածքը պարբերաբար ախտահանվում է քլորի լուծույթով, տեսակցություններ չկան, տարեցները ևս չեն լքում ինտերնատի տարածքը, խանութ, հասարակական այլ վայրեր դուրս գալն արգելված է։

Նորքի տուն-ինտերնատ

Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշեց, որ արդեն 16 օր է՝  տուն-ինտերնատում սահմանված է կարանտինային ռեժիմ, հրահանգը ստացել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, կարանտինից դուրս կգան միայն այն դեպքում, երբ նախարարությունից կրկին հրահանգ ստանան։ Փակ են տուն-ինտերնատի ելքերն ու մուտքերը։

Գյումրու տուն-ինտերնատ

Տնօրեն Արմեն Սարուխանյանն ասում է, որ արդեն մեկ շաբաթ է՝ Գյումրու տուն-ինտերնատն անցել է սահմանափակ շփման ռեժիմի, այցելություններն ու տարածքից ելք ու մուտքը սահմանափակված են, պարբերաբար իրականացվում են ջերմաչափումներ, սպիրտային լուծույթով ախտահանում են տուն-ինտերնատի տարածքը։

«Նարեկ» ծերանոց («Սաթենիկ» բարեգործական հասարակական կազմակերպություն)

ՀԿ-ի տնօրեն Շողիկ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աբովյան քաղաքում գտնվող «Նարեկ» ծերանոցում, որտեղ այս պահի դրությամբ բնակվում է 33 հոգի, մարտի 15-ից տեսակցությունները սահմանափակված են։

«Բնակիչներից մի հոգի ամեն օր գնում, գնումներ է անում, գալիս է, մյուսների ելք ու մուտքը սահմանափակված է, մեկն էլ կա, վիճակն անկառավարելի է՝ հոգեկան խնդիրներ ունի, ինքն ամեն օր գնում է Երևան, գալիս, նախքան կենտրոն մտնելը ձեռքերը սպիրտով ախտահանում է»։

«Արծվաբուն» տարեցների խնամքի կենտրոն

Տարեցների կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Պողոսյանի պնդմամբ՝  իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, ախտահանում են գույքը, տարեցներին պարտադրում ձեռքերն ախտահանել օճառով և ախտահանիչ նյութով։

«Աշխատակիցների ջերմությունը դուրս ու ներս գալուց ստուգվում է, կրում են դիմակներ»,- նշեց տնօրենը և հավելեց, որ 10-15 օր է՝ սահմանափակված են տեսակցությունները, տարեցները դուրս չեն գալիս շենքերից։

ՀՕՖ-ի Վանաձորի տարեցների տուն

Հայ օգնության ֆոնդի տարեցների տանը խիստ սահմանափակում չկա, սակայն, քանի որ տարեցների տունը գտնվում է անտառում՝ քաղաքից դուրս, ծերերը դրսի մարդկանց հետ գրեթե չեն շփվում։ Միայն բնակիչներից մեկին այցելության եկող հարազատին տեղեկացրել են, որ չայցելի։ «Տարեցներն այս պահին գտնվում են ծերանոցում, հանրային միջոցառումների չեն մասնակցում, հաղորդակցությունը միայն աշխատողների հետ է։ Տարեցների տանն այս պահին հիվանդ չկա», - այս մասին նշեց Մարգարետ Առաքելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter