HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քաղաքացիներին անհատական մոտեցում կցուցաբերվի վարկերի և հիպոթեքների մարման հարցում

Հայաստանի առևտրային բանկերն անհատական մոտեցում կցուցաբերեն քաղաքացիների ոչ միայն վարկերի, այլ նաև հիպոթեքային պարտավորությունների մարման հարցում:

Կառավարության այսօրվա նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը կայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երկրի ֆինանսական կայունությանը:

«Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, ես ուզում եմ արձանագրել, որ բանկային համակարգն ունի իրացվելության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի հավաստիացմամբ` ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:

Դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ վարչապետը խնդրեց հաստատել իր խոսքերը:

«Պարոն վարչապետ, հանրապետությում այսօր որևէ խնդիր չկա, և դրա մասին փաստերն են խոսում, մի քիչ վայրիվերումներ են եղել և անկայուն վիճակ, բայց վիճակը հիմա լրիվ վերահսկվող է ու կայուն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԿԲ-ն դիմել էր առևտրային բանկերին՝ կոչ անելով, ներկա իրավիճակով պայմանավորված, քաղաքացիներին անհատական մոտեցում ցուցաբերել վարկային պարտավորությունների մարման հարցում: Բանկերի մի մասն արդեն արձագանքել է՝ իրենց հաճախորդներին տրամադրելով վարկային արձակուրդ:

ԿԲ նախագահը նշեց, որ կա պայմանավորվածություն նաև հիպոթեքային մարումները տարաժամկետելու հարցում:

«Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեքային ընկերության, «Բնակարան երիտասարդներին» ծրագրի և երրորդ կողմի` միջազգային կազմակերպության հետ: Մենք պայմանավորվեցինք հնարավորություն տալ մինչև վեց ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները, հետաձգել մարումները, երկարացնել ժամկետները, հարկ եղած դեպքում՝ իջեցնել տոկոսադրույքները: Այդ ամենը անելու դեպքում կազմակերպություններն իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է այսօրվանից սկսած՝ բանկերն այդ հնարավորությունն ունեն»,-ասաց նա:

ԿԲ նախագահի խոսքով` քաղաքացիները ոչ միայն իրենց բանկերում կարող են անհատական սպասարկում ստանալ, այլ նաև հարկ եղած դեպքում դիմել ԿԲ-ի թեժ գծի ծառայություն և ստանալ համապատասխան աջակցություն:

Վարչապետ Փաշինյանը նաև արձանագրեց, որ 2019-ի արդյունքներով՝ Հայաստանի միջաջգային արտարժույթային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա` 2 միլիարդ 800 միլիոն դոլարից ավելի:

«Նախորդ տարի ԿԲ-ն 560 միլիոն դոլարի արտարժույթի առք է իրականացրել, էնպես որ, ինչպես ասացի, Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը՝ բարձր,  անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ու Կառավարությունն աջակցություն կցուցաբերեն բանկերին»,-եզրափակեց Փաշինյանը:

Հավելենք նաև, որ ԿԲ-ն հայտարարել է, որ որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել։

Փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղեր՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև մի քանի բանկերի այն մասնաճյուղերը, որոնք գործում են Էջմիածնում, Մեծամորում:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման»,-ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter