
Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է արտակարգ դրության անցնելու ռեժիմի պայմանները
Խորհրդարանը հրավիրել է հատուկ նիստ` երկրում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` չկա որևէ այլ տեղեկատվություն, քան մինչ այս պահը իրավասու գերատեսչությունների կողմից հաղորդվածը:
«Կորոնավիրուսով հիվանդացության 30 հաստատված դեպք կա, և այդ դեպքերից 19-ը առնչվում է Էջմիածնի նշանդրեքին, երեք հոգի՝ առաջին ախտորոշված դեպքի հետ և ամենամտահոգող դեպքը երեկ ախտորոշված դեպքերն են` Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերվածները: Նրանց շփման շրջանակը պարզման փուլում է, այդ մարդիկ կմեկուսացվեն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` կորոնավիրուսով հիվանդացած անձանց ամենաբարձր տարիքային խումբը 60-ից բարձրն է, այդ խմբի երեք անձի մոտ է հայտնաբերվել վիրուսը, որոնցից մեկի մոտ թոքաբորբ է:
Փաշինյանի խոսքով` բոլոր ախտորոշվածները լավ կամ բավարար վիճակում են:
«Այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի: Ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի դեպքի հետ, բայց, կարծես թե, կարողացել ենք գծանշել այդ շրջանակը: Ուղղակի նման դեպքերում երբեք չես կարող վստահ լինել, դրա համար է, որ նման որոշում կայացվեց»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` արտակարգ իրավիճակների մասին օրենքը չի նախատեսել դրույթ համաճարակային իրավիճակների համար:
«Վերջին քսան օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր սիրելի հայրենակիցները միշտ չէ, որ հետևում են նախարարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների անվտանգությունը, և շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել»,- մանրամասնեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով է ստեղծվել պարետատունը:
«Մենք նոր կարգավիճակ ենք տվել այն հանձնաժողովին, որը գործում է հունվարի 30-ից»,-ասաց նա:
Անդրադառնալով պարենի պաշարներին՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` երկրում բավարար պաշարներ կան, և առնվազն մեկ ամսվա համար դեֆիցիտ չի առաջանա: Փաշինյանը հավելեց` պարետապետը բավարար լիազորություններ ունի որոշումներ կայացնելու, օրինակ՝ որոշ ապրանքների արտահանումն արգելելու հարցում:
«Խիստ սահմանափակումներ կան տեղեկությունների տարածման առումով, սա բացառապես կորոնավիրուսի հետ է կապված և չի նշանակում, որ ագելվելու է Կառավարության աշխատանքի որևէ քննադատական հրապարակումը: Սահմանափակումը վերաբերում է միայն վիրուսի հետ կապված տեղեկություններ տարածելուն»,- ասաց նա` հավելելով, որ հանրությունը, թերևս, այս ժամանակահատվածում տեսել է, թե ինչպես Է Կառավարությունը րոպե առաջ փորձում հանրությանը տեղեկացնել վիրուսի հետ կապված ցանկացած նոր իրավիճակի մասին:
Վարչապետը նաև հավելեց, որ երկրի ողջ տարածքով արգելվել են հանրային հավաքները, ինչպես` հարսանիքներ, նշանդրեքներ, հուղարկավորություններ:
«Զգայուն է թաղումների հարցը, մենք ոչ թե ի սկզբանե սահմանափակումներ ենք դնում, այլ կարող են լինել համաճարակային կենտրոններ, որ իրավիճակից ելնելով՝ մասնակիցների թիվը սահմանափակվի, չլինի քսանից ավելի»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել