HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի պայմաններում օրավարձով աշխատողների համար տանը մնալը շքեղություն է

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար ցանկալի է դուրս չգալ եւ հնարավորության դեպքում աշխատել տնից։ Տարբեր կազմակերպություններ արդեն անցել են տնային աշխատանքի ռեժիմին։

Վերջին մի քանի օրվա ընթացքում սոցցանցերում տարածվեց #մնատանը հեշթեգը, որով տարբեր (հատկապես ՏՏ ոլորտի) ընկերություններ իրենց օրինակով կոչ են անում մարդկանց աշխատել տնից։

Բայց Հայաստանում կան օրավարձով աշխատող հազարավոր մարդիկ, որոնք ոչ միայն չեն կարողանա տնից աշխատել, այլ հնարավոր է ունենան լուրջ ֆինանսական խնդիրներ։

«Հետքը» զրուցել է օրավարձով աշխատողների հետ եւ փորձել հասկանալ, թե ինչպես են նրանք վարվելու ստեղծված վիճակում։

«Եթե գործի չեմ գնում, օգուտ չեմ տալիս իմ տնօրենին ու աշխատավարձ չեմ ստանում։ Հիմա տանն եմ, էսօր պետք է գործի գնայի, բայց չեմ գնացել կորոնավիրուսի պատճառով»,- ասում է Մարինեն։

Քսանամյա Մարինեն դերձակ է, աշխատում է փոքր արհեստագործական արտելում, բայց գրանցված աշխատող չէ։ Նա ութժամյա աշխատանքային օրվա համար ստանում է հինգ հազար դրամ, միակ հանգստյան օրը կիրակին է։ Բացի Մարինեից՝ կա մեկ աշխատող եւ տնօրենը։

Նա պատմում է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով աշխատանքը վերջին օրերին կտրուկ պակասել է. «Տնօրենը մեզ ասեց, որ մնանք տանը մինչեւ գործը շատանա։ Ինքը գործի գնում ա, խոստացել ա, որ եթե շատ լինի գործը, մեզ էլ կկանչի… բայց ես չեմ կարծում, որ գործ կլինի, երեւի մինիմում մի շաբաթ կմնանք տանը»։

Մարինեն ապրում է Կոտայքի մարզում ծնողների, եղբոր եւ քրոջ հետ։ Ամեն օր գալիս է Երեւան աշխատանքի։ Տան հիմնական աշխատողը նա է՝ գյուղում գործ չկա, ծնողները զբաղվում եմ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, իսկ եղբայրն ու քույրը դպրոցական են։

Ընտանիքում դեռ չեն քննարկել, թե ինչ են անելու, եթե մեկ շաբաթից ավելի աշխատանք չլինի։ Փորձում են լավատես լինել, բայց լավատեսությունը միշտ չէ, որ հերիքում է։

Ըստ Մարինեի՝ նրանք, ովքեր կարող են տնից աշխատել, լավ վիճակում կլինեն, բայց «օրինակ մենք, ում գործը կոնկրետ տեղում պետք ա լինի ու ով օրավարձով ա աշխատում, մեծ ֆինանսական ճգնաժամի մեջ կհայտնվենք»։

Մարինեն ասում է, որ իր տարբերակները սահմանափակ են. այս պայմաններում նա ոչ մի բան չի կարող փոխել, նոր գործ չի կարող գտնել եւ դեռ չգիտի, թե ինչ է անելու։

Անահիտը 62 տարեկան է, երեւանյան փաբերից մեկում մաքրություն է անում եւ ամաններն է լվանում։ Նրա աշխատանքը սկսվում է ժամը չորսին եւ ավարտվում կեսգիշերին։

Մարինեի պես նա էլ գրանցված աշխատող չէ, օրավարձով է աշխատում, ստանում է հինգ հազար դրամ։

 «Հինգ տարի ա ստեղ եմ աշխատում, բայց աշխատավարձս դեռ չի բարձրացել, եթե չեմ աշխատում, ոչ մի կոպեկ չեմ ստանում»,- պատմում է Անահիտը։

Անահիտն ապրում է որդու՝ 29-ամյա Գոռի հետ, ով նույնպես աշխատում է սպասարկման ոլորտում՝ ռեստորանում խոհարար է։ Ֆիքսված աշխատավարձ չունի, մեկ աշխատանքային օրվա համար ստանում է միջինում տասը հազար դրամ։ Աշխատանքի է գնում ժամը հինգին եւ ավարտում գիշերը ժամը մեկին։

«Ներկա պահին, քանի դեռ ռեստորանը փակ է, մենք աշխատավարձ չենք ստանալու, հետո փոխհատուցում կլինի թե չէ՝ չգիտեմ, բայց հիմա փաստացի աշխատանք չկա, սննդի կետերը փակվում են»,- ասում է Գոռը։

Անահիտն ու Գոռը Երեւան են տեղափոխվել Վայոց Ձորից, այնտեղ վաճառել են իրենց տունը եւ Երեւանում նոր տուն են գնել։ Անահիտն ասաց, որ վարձով ապրելու դեպքում ավելի բարդ իրավիճակում կհայտնվեին, իսկ օրավարձով աշխատող հարյուրավոր մարդիկ Երեւանում վարձով են ապրում։

Անահիտն ասում է, որ ի սկզբանե նա կողմ է եղել տանը մնալուն։ Քանի որ կորոնավիրուսի վտանգը իրական է, ժամանցի վայրերը որոշ ժամանակով պետք է փակ լինեն, բայց ստացվում է, որ նա զրկվում է աշխատավարձից։

Ընտանիքի հիմնական մտավախությունը կապված է ֆինանսական իրավիճակի հետ՝ «չնայած ամենաքիչը ես եմ վաստակում, բայց որոշ խնայած գումար ունեմ, միայն ուտելիքի փող, երեւի մոտ երկու շաբաթվա կհերիքի, հետո չգիտենք ինչ ա լինելու»,- ասում է Անահիտը։

Գոռն ու Անահիտը պլանավորում են տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Երկուսն էլ հուսով են, որ ստեղծված իրավիճակը ամենաշատը երկու շաբաթից կլուծվի և կկարողանան գնալ աշխատանքի։

Երեկ կառավարությունը մեկ ամսով արտակարգ իրավիճակ հայտարարեց։ Ըստ երևույթին, ո՛չ Անահիտը, ո՛չ էլ Գոռը չեն կարողանա գնալ աշխատանքի, իսկ արտելում աշխատող Մարինեի գործը չի ավելանա առնվազն մեկ ամիս։

Դիմեցինք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հարցով, թե արդյոք պետությունը որեւէ հատուկ միջոցներ է նախատեսում օրավարձով աշխատող մարդկանց հնարավոր բարդ ֆինանսական վիճակը մեղմելու համար։

Նախարարությունից մեզ ասացին, որ պետությունը հատուկ նպաստ չի նախատեսում։ «Ցավոք, օրավարձով աշխատող մարդկանց օգնել չենք կարող, բայց Կառավարությունը հորդորելու է մասնավոր ընկերություններին գոնե որոշ գումար վճարել իրենց օրավարձով աշխատակիցներին», -ասաց նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Հերոսները խնդրեցին փոխել իրենց անունները աշխատանքի վայրում խնդիրներից խուսափելու համար։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter