HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչ առցանց հնարավորություններ են առաջարկում հայաստանյան թանգարանները արտակարգ դրության պայմաններում

Դեռ մարտի 14-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանյանի հրամանով՝ առնվազն մինչև մարտի 23-ը կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով՝ փակվել էին ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Սա աշխատանքային արտակարգ իրավիճակ էր, որին առնվազն վերջին 10 տարիներին չէին բախվել հայաստանյան մշակութային հաստատությունները։

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, երբ օրեցօր զարգանում են տեղեկատվական միջոցները, մշակութային հաստատությունները նույնպես գտնում եմ նորագույն միջոցներ՝ այցելուներին և հասարակությանն առավել հասանելի լինելու և նոր մոտեցումներ առաջարկելու համար։ Երբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, պարզ դարձավ, որ մինչև ապրիլի 14-ը, թերևս, փակ կլինեն նաև բոլոր թանգարանները։ 

«Հետք»-ը փորձել է իմանալ, թե այս օրերին ինչ առցանց հնարավորություններ են առաջարկում Երևանում և մարզերում գտնվող թանգարանները։

Հայաստանի պատմության թանգարանը երկրի ամենախոշոր թանգարաններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1919 թվականին։ Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Պատմության թանգարանը այցելուներին հնարավորություն է տալիս կայքի պաշտոնական էջում առցանց տարբերակով շրջել թանգարանի ցուցասրահներում, իսկ «360 stories» ցանցը հնարավորություն է տալիս շրջել միայն թանգարանի նախասրահում։

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին։ Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ազգային պատկերասրահի մամուլի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ Ազգային պատկերասրահը այս պահին վիրտուալ այցելության հնարավորություն չունի, սակայն քննարկումներն այդ ուղղությամբ իրականացվում են։

Առաջիկայում պատկերասրահի ֆեյսբուքյան էջով կտարածվեն մի շարք ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնք մինչ այս պահը հասանելի չեն եղել լայն հանրությանը։ Բացի այդ, մյուս տարի լրանում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը, որի շրջանակներում պատկերասրահը սկսում է «#100-ամյա պատմություն» խորագրով առցանց նախագիծ։ Նախագծի շրջանակներում պատկերասրահի պաշտոնական էջում հնարավոր կլինի գտնել տարբեր տարիների լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են Պատկերասրահի 100-ամյա գործունեության: Հայաստանի ազգային պատկերասրահը կոչ է անում իրենց ուղարկել արխիվային լուսանկարներ Ազգային պատկերասրահի ֆասադի, վերակառուցումների, ցուցասրահների և պարզապես հին երևանյան հուշերի վերաբերյալ, որոնք կհրապարակվեն պատկերասրահի էջում։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ընդգրկում է հայ գրականության, թատրոնի, երաժշտության և կինոարվեստի գործիչների, հայագիտական երախտավորների անհատական, նաև մշակութային հիմնարկների, կազմակերպությունների, կրթական գիտական հաստատությունների ու խմբագրությունների մեծածավալ ֆոնդեր։ Ի տարբերություն մի շարք այլ թանգարանների, գրականության և արվեստի թանգարանը «360 stories» ցանցում ունի վիրտուալ այցելության հնարավորություն։ Դրա շնորհիվ հնարավոր է տեսնել թանգարանի մշտական ցուցադրությունը, որը ներառում է հայ գրողների կյանքին և գործունեությանը վերաբերող բազմաթիվ ցուցանմուշներ, հայկական մշակույթին և արվեստի առանձին ճյուղերին վերաբերող ցուցասրահներ։

Թանգարանի ֆեյսբուքյան էջից էլ պարզ է դառնում, որ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110 ամյակին ընդառաջ, թանգարանի էջում յուրաքանչյուր օր հրապարակվելու է Դաշտենցի կյանքին և գործնեությանն առնչվող հետաքրքիր լուսանկարներ՝ ուղեկցող տեղեկություններով:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղանկարչական աշխատանքների թանգարան է Երևանում։ Հիմնադրվել է նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ստեղծած ժողովրդական արվեստի պետական թանգարանի հիման վրա։ 

«360 stories» ցանցում կարելի է գտնել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոն վիրտուալ այցելության հնարավորությունը, որը թույլ է տալիս ծանոթանալ թանգարանի առանձին ցուցասրահներին և ցուցանմուշներին։

Թանգարանի ցուցասրահներում կարելի է տեսնել գորգագործության, ասեղնագործության և ժանեկագործության, փայտի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մետաղի գեղարվեստական մշակման, գեղանկարչության ցուցանմուշներ։ Ցուցադրությանը առանձին ցուցանմուշներին կարելի է ծանոթանալ նաև թանգարանի յութուբյան էջում բեռնված հոլովակից։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է 2015 թվականին։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Թանգարանում վիրտուալ այցելություն իրականացնելու համար՝ ուղղակի պետք է մտնել «360 stories» ցանց, որտեղ կարելի է ծանոթանալ թանգարանի ցուցանմուշներին, որոնք նվիրված են Կոմիտասի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև կոմիտասյան ժառանգությանը։

Մարտի 13-ին, երբ դեռ չէր հայտարարվել մշակութային հաստատությունների փակման մասին, թանգարանն արդեն իսկ տեղեկացրել էր, որ հետաձգվում են մարտ ամսին կայանալիք բոլոր միջոցառումները։ Թանգարանն իր ֆեյսբուքյան էջում այս օրերին «Թանգարանը կգա տուն» շարքի շրջանակներում պարբերաբար պատմելու է իր առանձին ցուցանմուշների պատմությունները։ Ամեն օր հնարավոր կլինի կարդալ մեկ ցուցանմուշի պատմություն։ Ընդ որում յուրաքանչյուր ցուցանմուշի պարագայում տեղադրվելու է այն տեքստը, որը կպատմեր գիդը, եթե այցելուն իրական պայմաններում այցելեր թանգարան։ Բացի այդ, յուրաքանչյուր երեկո առցանց տեղադրվելու են նաև համերգների տեսագրությունների պրեմիերաներ, որոնք տարբեր տարիներին տեղի են ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։ Ի դեպ, թանգարանի ֆեյսբուքյան էջում արդեն իսկ կարելի է գտնել «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Տակահիրո Ակիբայի համերգները։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետ Սևակ Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ թանգարանում առկա է նաև երգերի ուսուցման ծրագիր, որի շրջանակներում այցելուներին սովորեցրել են Կոմիտասի մշակմամբ հայկական ժողովրդական երգեր։ Ներկայումս թանգարանը նախատեսում է նկարահանել հոլովակներ, որոնք հնարավորություն կտան առցանց ռեժիմով սովորել այդ երգերը։ Սևակ Հակոբյանը նշում է նաև, որ, հատկապես այս օրերին, իրենք ավելի են ակտիվացրել «360 stories»  ցանցի միջոցով թանգարան վիրտուալ այցելությունը, որը կարելի է գտնել նաև թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-րդ տարելիցին։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18 000 ցուցանմուշներ։

«360 stories» ցանցում ևս կարելի է գտնել Հովհաննես Թումանյանի թանգարանը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ ոչ միայն Թումանյանի կյանքին և գրական գործունեությանն առնչվող ցուցանմուշներին, այլև անձնական իրերին և թանգարանի 3D հնարավորություններին։

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ արտակարգ դրությունը ինչ-որ առումով դրական հնարավորություն է տալիս թանգարաններին՝ բացահայտելու և գտնելու նոր հնարավորություններ, գործիքներ և մեթոդներ, լսարանին էլ ավելի հասանելի դառնալու համար։ Նա նշում է, որ թանգարանի տված բոլոր այն առցանց հնարավորությունները դրական արձագանք են ստանում հասարակության կողմից։ Մի քանի օր է՝ արդեն թանգարանն իր ֆեյսբուքյան էջում սկսել է «Տուն, թեյ, գիրք» ֆոտոմրցույթը, որի մասնակցության պայմաններում են պարտադիր տանը մնալը և մարդաշատ վայրերից խուսափումը, ինքնակրթությամբ զբաղվելը, նկարել գիրքը, թեյը՝ գեղագիտական մոտեցմամբ և ուղարկել նկարը թանգարանին: Նկարի հետ պետք է նշվի նաև գեղեցիկ մեջբերում թումանյանական ստեղծագործություններից կամ այն գրքից, որը կարդում է ընթերցողը: Ֆոտոմրցույթը կտևի մինչև ապրիլի 10-ը։ Բացի այդ, այս պահին թանգարանը մշակում է նաև տարիքային տարբեր խմբերի համար հատուկ ինտերակտիվ ծրագրեր, որոնք հիմնականում տարածվելու են «Facebook», «Youtube» և «Instagram» սոցիալական ցանցերով։ Որոշ ինտերակտիվ ծրագրեր շարունակական կլինեն և դրանց հաջորդ փուլն արդեն կլինի թանգարանում։ Անի Եղիազարյանը ցավով նշում է, որ թանգարանի պաշտոնական կայք էջն այս պահին այդքան էլ ակտիվ չէ, ավելի ակտիվ են թանգարանի սոցիալական ցանցերի էջերը։ Պատճառը հանրային առավել մեծ հետաքրքրությունն է դեպի սոցիալական ցանցերը։

Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984 թվականի հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում:

Ինչպես հայաստանյան մի շարք թանգարաններ, Երվանդ Քոչարի թանգարանը նույնպես հասանելի է «360 stories» կայքում։ Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Հետք»-ի հետ զրույցում նշում է, որ այս օրերին թանգարանի ֆեյսբուքյան էջի միջոցով փորձելու են լսարանին ներկայացնել Երվանդ Քոչարի կյանքին և թանգարանի գործունեությանը վերաբերող նյութեր, տեսաֆիլմեր, հարցազրույցներ և ռեպորտաժներ։

Թանգարանը սկսում է նաև «Տնից թանգարան» վիրտուալ ծրագիրը, որի շրջանակներում շրջանառության մեջ է դրվել #տնիցթանգարան հեշթեգը։ Վիրտուալ ծրագիրը նպատակ ունի հանրության լայն հատվածների համար բացահայտել Մաէստրո Քոչարի գործունեությունը։

Շարունակելի...

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter