HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ազատ է արձակվել ադրբեջանցի հայտնի լրագրող Աֆղան Մուխթարլին

Դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին և անմիջապես ուղարկվել Գերմանիա, որտեղ բնակվում է նրա ընտանիքը։ 

Այն մասին, որ Մուխթարլին ազատ է արձակվել, միանգամից հայտնել են ադրբեջանական լրատվական մի քանի գործակալություններ։ «BBC»-ին տեղեկությունը հաստատել է նաև իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը։ Նրա խոսքերով՝ այն փաստը, որ Աֆղան Մուխթարլին վաղաժամկետ ազատ է արձակվել և ուղարկվել Գերմանիա, վկայում է այն մասին, որ նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական է։

Մուխթարլին Ադրբեջանում հայտնի է կոռուպցիայի վերաբերյալ իր հրապարակումներով։ Նա հոդվածներ է հրապարակել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի՝ Վրաստանում ունեցած սեփականության վերաբերյալ։

2015 թվականին լրագրողն Ադրբեջանից մեկնել էր Վրաստան, իսկ 2017 թվականին՝ անհետացել։ 2017 թվականի մայիսին նրա ընտանիքը հայտնել էր լրագրողի առևանգման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ Մուխթարլիին գաղտնի տեղափոխում են Ադրբեջան։ Մինչ այդ Մուխթարլին հայտարարել էր, որ իրեն հետևում են, իսկ վրացական իշխանությունները չեն արձագանքում այդ ամենին։

Շուտով Մուխթարլին հայտնվել է Ադրբեջանում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանի անօրինական հատման, մաքսանենգության և սահմանապահների վրա հարձակման համար։ 2018 թվականի հունվարին նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Նրա անհետացումից հետո, ի աջակցություն Աֆղան Մուխթարլիի, Վրաստանում բողոքի ցույցեր են սկսվել։ Կազմակերպվել է նաև ստորագրահավաք։ 2018 թվականի հունիսին Եվրախորհրդարանը ընդունել է «Մուխթարլիի գործը և Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակը» բանաձևը, որով կոչ էր անում Բաքվին ազատ արձակել լրագրողին, իսկ Թբիլիսիին՝ քննություն իրականացնել առևանգման փաստով։

Ըստ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի՝ Ադրբեջանում ներկայումս կան ավելի քան 100 քաղբանտարկյալներ, որոնցից չորսը՝ լրագրողներ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter