HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրդական հարսանիք

Վառոդով լցված թղթե արկերի աղմուկից ականջներս արդեն ցավում են: Սակայն մեծերի հսկողությունից վերջապես ազատված երեխաները չեն պատրաստվում կանգ առնել՝ գետնին նետելով հերթական «պայթուցիկները»: Նրանց մայրերը տնով ու բակով մեկ վազվում են՝ նորանոր ուտեստները ձեռքերին, իսկ հայրերը վայելում են այդ ուտեստները ընդարձակ, լուսավոր վրանում:

Այսօր հարսանիքի երկրորդ օրն է Արմավիրի Արգավան գյուղի քրդական ընտանիքում: Հին ժամանակներում քրդական հարսանիքներին ընդունված էր հրացաններից կրակել. այդ կերպ դաստաբրակները (փեսայի ախպերացուները կամ երդումնեղբայրները) իբր չար ոգիներին քշում էին նորապսակներից: Հիմա թղթե արկերը փոխարինել են հրացաններին:

Ետնաբակում բացած վրանում առավել քան հարյուր տղամարդ քավորի գլխավորությամբ ուտում-խմում են արդեն մի քանի ժամ: Շուտով նրանք կգնան հարեւան Արազափ գյուղ՝ հարսի ետեւից: Հյուրերի քեֆն արդեն բավականին լավ է, ինչը զարմանալի չէ. երեկ գառ մորթելու հանդիսավոր արարողությունն էր, որից հետո կրկին հավաքվում են ու ուտում-խմում գրեթե ամբողջ գյուղով:

Նախկինում քրդական հարսանիքները տեւում էին յոթ օր, հիմա՝ երկու կամ երեք:

Անդրկովկասցի քրդերի մեջ ընդունված էր ամուսնության վեց ձեւ՝ բեշիկ քյարթմա ( օրորոցախազ), նշանկըրըն (սովորական նշանադրություն), փախցնելը , սարդառունշտանդն (աղջիկը գնում էր սիրելիի տուն), բարդելի (մի քրդի դուստրը եւ որդին ամուսնանում էին մեկ այլ քրդի որդու եւ դստեր հետ) ու բազմակնություն :

Նահրոն՝ ծագումով քուրդ բրիտանացի էթնոերաժշտագետը, ով ուսումնասիրում է հայկական քրդերի երաժշտական ավանդույթը, բացատրում է, որ հիմա քրդերի մեջ գործածվում է միայն նշանկըրընը , եթե նորապսակների ծնողներն ունեւոր են, եւ փախցնելը , եթե նրանք հնարավորություն չունեն հարսանիքի ծախսերը հոգալու: Այդ ժամանակ երկու ընտանիքների փոխադարձ համաձայնությամբ երիտասարդը փախցնում է իր ապագա հարսնացուին:

Իլյիչ անսովոր անունը կրող փեսայի ընտանիքն ունեւոր է, այնպես որ սա սովորական նշանադրություն է: Իլյիչին ընկերները Համիդ են անվանում: Նա քսաներկու տարեկան է, իր հարսնացու æեմման՝ տասնութ. ամուսնանալու համար ամենահարմար տարիքն է քրդերի մոտ:

Համիդը խաչեղբոր ու բարեկամների ընկերակցությամբ կանգնած է բակում ու ժպտում է: Նրա սեւ բաճկոնի տակից երեւում են խաչված ժապավենները՝ սպիտակ ու կարմիր: Ժապավենների վրա ռուսերեն գրված է՝ «պատվարժան վկա»:

-Ինչու՞ է ժապավեններին գրված «պատվարժան վկա»:

-Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ է գրված,- Համիդը ամոթխած ժպտաց:- Ես անգրագետ եմ, ավարտել եմ միայն չորս դասարան: Իսկ ժապավենները... Դե, դա մեր սովորույթն է:

Այդ սովորույթը ոչ ոք չի կարող բացատրել, ինչպես նաեւ այն սովորույթների մեծ մասը, որոնց իրենք հետեւում են:

Վերջապես հյուրերը դուրս եկան բակ՝ պարելու. վերջին «արարողությունը» հարսնացուի գյուղ մեկնելուց առաջ: Բոլոր պարերը շուրջպար են՝ պարզ, հիշվող շարժումներով, զուռնա-դհոլի ուղեկցությամբ:

Խաչեղբոր ձեռքին մրգերով, մեծամասամբ խնձորներով լի ծառի ճյուղ է, որի վրա կտոր է փաթաթված: Խաչեղբայրը ճյուղը մոտեցնում է պարողներին, եւ բոլորը դրամ են դնում կտորի մեջ:

Մի լավ պարելով՝ հյուրերը նստեցին մեքենաները, որոնց մեջ բավական շատ են նոր արտասահմանյան մեքենաները, եւ գնացին Արազափ:

Արազափում տղամարդիկ դարձյալ տեղավորվեցին վրանում: Վրանում զուռնա- դհոլին փոխարինեց սինթեզատորը: Քուրդ երգիչը երգում է հիմնականում սիրո մասին:

Հարսնացուի բարեկամուհիները զարդարում են նրան փոքր սենյակում: Գյուղի կանայք տեղավորվել են նստարաններին ու բակի մեծ քարերին եւ «օժիտատես» են անցկացնում. օժիտն, ի դեպ, բավականին տպավորիչ է: Մի քանի տղամարդ խնամքով բեռնատար մեքենա են տեղափոխում օժիտի մաս կազմող կահույքը՝ սպասքապահարանը եւ զգեստապահարանները: Իհարկե, ավելի հեշտ կլիներ պահարանի դարակները մասնատել ու մաս-մաս տեղափոխել, սակայն այդպես տպավորիչ տեսքը կկորեր: Լավ է, որ գոնե սպասքը հանեցին պահարանից այն մեքենայում բեռնավորելուց առաջ:

Հարսնացուի մոտ ազգականուհիները նրա մոր գլխավորությամբ կապում են անկողնու սպիտակեղենով եւ հագուստով բոխչաները:

Արազափ գյուղում նույնպես սպասեցինք մի քանի ժամ: Նույնիսկ անընդհատ ժպտացող փեսան քիթը կախեց:

- Հարսնացուիդ քեզ համար ծնողնե՞րդ են ընտրել, թե՞ դու,- հարցնում եմ ես:

- Չէ, նրանք հաշվի են նստել կարծիքիս հետ:

- Իսկ որքա՞ն ժամանակ եք ծանոթ:

- Տասը ամիս:

- Օհօ, ես կարծում էի, թե ձեզ մոտ' գյուղերում, այսպես է. մի օր ծանոթանում եք, մյուս օրն առաջարկություն անում, երրորդ օրն էլ ամուսնանում:

- Այդպես էլ է լինում,- համաձայնեց Համիդը:- Լինում է, որ փեսան հարսին առաջին անգամ տեսնում է հարսանիքի օրը:

- Բայց իմ զոքանչն ու աները հավանում են ինձ,- Համիդը գոհունակ ժպտաց:- Իրենք մեզ նույնիսկ մեկ-մեկ մենակ էին թողնում, չնայած դա չի խրախուսվում մեր մշակույթում:

Վերջապես ամբողջ օժիտը բեռնավորեցին բեռնատարի մեջ, տղամարդիկ սեղաններից վեր կացան եւ գնացինք ետ' Արգավան:

Հարսնացուին միանգամից տարան երկրորդ հարկում գտնվող սենյակը: Տան մուտքի մոտ նրա ոտքերի առաջ ափսե դրեցին, որը նա մեկ հարվածով կոտրեց: Ըստ հին ավանդույթի՝ եթե ափսեն ( կամ գդալը ) միանգամից է կոտրվում, հարսը կլինի հնազանդ ու աշխատասեր, եթե չէ՝ անսանձ ու ձանձրացնող:

Հիմա շատերը չգիտեն էլ ափսե կոտրելու նշանակությունը, պարզապես հետեւում են դարերի ընթացքում արմատացած սովորույթին:

Փեսայի տան մոտ պետք է կերակուրներով լի երեք սեղան դրված լինի, որոնցից հյուրերը պետք է համտեսեն տուն մտնելուց առաջ: Համիդի տան մոտ մեկ սեղան է ընդամենը, դա էլ' խորհրդանշական. ոչ ոք ձեռք չտվեց դրա վրա շարված կերակուրին:

Ընդարձակ վրանում արդեն նոր ափսեներ ու նոր կերակուրներ են դրված: Վրանի պատերից մեկին փակցված գորգին կիրիլական տառերով գրված է «երջանիկ հարսանիք»: Սովետական Միության փլուզումից հետո քրդերը վերադարձել են լատինական տառատեսակներին, սակայն ավագ սերնդի շատ ներկայացուցիչներ գիտեն գրել միայն կիրիլիցայով:

Բակում քյաբաբ են խորովում: Ես սովամահ եմ լինում, Նահրոն էլ, բայց մնացածը ողջ օրն ուտելով են զբաղված եղել ու չեն շտապում սեղան նստել:

Կանայք հարսնացուին դուրս են բերում պարելու: Ճերմակ զգեստով, աչքերը ըստ քրդական սովորույթի ներքեւ հառած ու հնազանդ' նա անմեղության մարմնացում է:

Հարսն ու փեսան տեղավորվում են պարողների շրջանում: Երբ æեմման միանում է պարողներին, երաժշտությունը դանդաղում է: Նա մեքենայաբար հետեւում է պարային շարժումներին՝ չորս քայլ առաջ, չորս քայլ ետ: Նրա դեմքն առաջվա նման ոչ մի զգացմունք չի արտահայտում, կարծես մոմե տիկնիկ լինի:

Հետո փեսան ու խաչեղբայրը բարձրանում են տան տանիքը «դարա մուրազե»-ով՝ ցանկությունների ծառով եւ «բալգիէ նուկէ»-ով՝ հարսնացուի բարձով: Առաջներում հարսնացուին փեսայի տուն բերում էին ձիով: Այն ժամանակ, երբ հարսնացուին իջեցնում էին ձիուց փեսայի տան շեմի մոտ, նրան ուղեկցող ձիավորներից մեկը փեսային հանձնում էր հարսնացուի տանից գողացված բարձը, իսկ հարսնացուն, ընկերուհիներով շրջապատված, մտնում էր տուն: Այժմ եւ՛ հարսնացուին, եւ՛ բարձը բերում են մեքենայով:

Խաչեղբայրը բարձրացրեց բարձը եւ երեք անգամ խփեց այն փեսայի գլխին: Մինչ այժմ չկա միարժեք կարծիք այդ սովորույթի նշանակության վերաբերյալ: Նահրոն ասում է, որ ամենատարածված բացատրությունը հայկական «մի բարձի ծերանաք» ասացվածքի համարժեքն է:

Այնուհետեւ փեսացուն ճյուղից պոկեց մի քանի խնձոր եւ նետեց այն ապագա կնոջ գլխին: Կանանցից մեկը ափսեն պահեց æեմմայի գլխի վրա, որպեսզի խնձորները չցավեցնեն նրան: Հարսնացուն առաջին անգամ թեթեւակի ժպտաց:

Արմինե Ավդալը, ում գիրքը անդրկովկասցի քրդերի կենցաղի մասին համարվում է լավագույնը, այդ սովորույթը բացատրում է նրանով, որ կինը ծառի նման պետք է պտուղ տա, այսինքն՝ շատ զավակներ ունենա:

Գյուղացիներն այն այլ կերպ են մեկնաբանում:

- Եվան կերավ խնձորը ու կործանեց մարդկային ցեղը,- բացատրում է խաչեղբայրը:- Երբ փեսան խնձոր է շպրտում հարսի վրա, նա կարծես անիծում է նրան արածի համար՝ ասելով՝ ետ վերցրու խնձորներդ, անիծյա՛լ կին, որ մարդկային ցեղը մահկանացու դարձրիր:

Այդ արարողությունից հետո բոլորը կրկին նստեցին սեղանների շուրջ: Հարսնացուին տարան իր սենյալը: Նա բոլորի հետ սեղան չի նստում: Ոչ մի քրդուհի չի նստում: Բացի ինձանից, ամբողջ վրանում կա ընդամենը երկու կին: Նրանք հայուհի են, հայուհիներին տղամարդկանց հետ նստել կարելի է: Հյուրերի շարքում շատ հայեր կան. նրանցից ոմանք գերազանց տիրապետում են քուրմանջիին (քրդերեն): Գյուղում ապրող քրդերը ըստ դավանանքի եզդիներ են, ովքեր այստեղ են տեղափոխվել հայկական կոտորածների ժամանակ: Այստեղ ապրում է մոտ հարյուր քրդական ընտանիք, եւ նրանց ու հայերի ապրելակերպի միջեւ առանձնապես տարբերություն չի զգացվում:

Մեր սեղանին առաջին կենացը Սիրամարգ Հրեշտակի կենացն է: Նահրոն բացատրում է, որ դա եզդիների ամենասուրբ կենացն է: Եզիդիզմում Աստված ստեղծեց յոթ հրեշտակի, որպեսզի օգնեն իրեն Տիեզերքի արարման գործում: Սիրամարգը պատասխանատու էր սկզբնամարդու ստեղծման համար: Երբ Ադամը ծնվեց, Աստված կանչեց բոլոր հրեշտակներին եւ հրամայեց նրանց խոնարվել առաջին մարդու առջեւ: Բոլորը խոնարհեցին գլուխները, բացի Սիրամարգ Հրեշտակից: Նա ասաց.

- Ադամը ստեղծվել է ցեխից, իսկ ես պատկանում եմ Սուրբ Հոգուն, դրա համար ես չեմ խոնարվի նրա առջեւ:

- Դա ճիշտ պատասխանն էր,- ասաց Աստված,- որը ես սպասում էի բոլորից:

Ու նա Սիրամարգին կարգեց հրեշտակապետ:

Տղամարդիկ ոտքի կանգնեցին, երկու ձեռքով վերցրեցին օղով ( սեղանին դրված միակ ալկոհոլային խմիչքը) լի բաժակները ու լուռ խմեցին մինչեւ վերջ:

Կատարելով սուրբ պարտքը՝ նրանք վերադարձան ուտել-խմելուն՝ շարունակելով տոնախմբությունը, որը տեւելու էր մինչեւ ուշ գիշեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter