HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով փակվել է կանադա-ամերիկյան պետական սահմանը

Հյուսիսային Ամերիկայում տարածվող կորոնավիրուսի պատճառով փակվել է կանադա-ամերիկյան պետական սահմանը։ Այն բաց կլինի միայն բեռնափոխադրումների համար։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Երկու կողմերի քաղաքացիների անցումը մյուս երկիր կթույլատրվի միայն կենսական կարևորության դեպքում։

Սահմանների փակման պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել են խոշոր փոխհատուցումներ բոլոր այն քաղաքացիներին, որոնք COVID-19 կորոնավիրուսի և կարանտինների պատճառով զրկվել են իրենց եկամուտներից։

Թվիթերի իր միկրոբլոգում նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ երկկողմ փոխհամաձայնությամբ որոշվել է փակել Կանադայի հետ ԱՄՆ հյուսիսային սահմանը։ Արգելքը չի տարածվի բեռնափոխադրումների վրա։ Ավելի վաղ, թե Կանադան, և թե ԱՄՆ-ն հայտարարել էին արտասահմանցիների մուտքի արգելքի մասին, սակայն մինչ այս հարևանները միմյանց չէին ներառել այդ արգելքի մեջ։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատմել է, որ չորեքշաբթի օրը խոսել է Թրամփի հետ՝ սահմանների փակման կապակցությամբ։ «Ցանկանում եմ ընդգծել, որ կենսական կարևոր շարժերը չեն դադարեցվում։ Կարևոր չէ, թե ով եք և ինչով եք զբաղվում։ Հիմա պետք է կենտրոնանալ սեփական և մերձավորների առողջության վրա։ Այլ ոչ թե նրա, որ հանկարծ կարող է կորցնեք աշխատանքը կամ փողերը կվերջանան և դուք չեք կարողանա գնել ուտելիք կամ դեղորայք»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետը։

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, որի արդյունքում վարչապետը գտնվում է կարանտինի մեջ։

Ինչի շուրջ են պայմանավորվել երկու երկրների ղեկավարները

Չնայած ԱՄՆ-ի և Կանադայի համաձայնության մանրամասները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել, այդուհանդերձ երկու երկրների ղեկավարները պնդում են, որ սահմանի փակումը չի ազդի բեռնափոխադրման ծավալների վրա։ Ամեն օր կանադա-ամերիկյան սահմանին տեղի ունեցող առևտրաշրջանառության ծավալները հասնում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարի։

«Առևտրաշրջանառությունը և ապրանքների մատակարարումը պետք է շարունակվեն, այդ իսկ պատճառով արգելքը բեռնափոխադրման վրա չի ազդի։ Մենք խոստանում ենք պահպանել առևտուրը։»,- հաստատել է Թրյուդոն։ Կանադայի քաղաքացիներին, որոնք շտապ կարգով պետք է մեկնեն ԱՄՆ, հնարավորություն կտրվի հատել սահմանը։ Թե ինչքան փակ կմնա սահմանը, դեռևս հայտնի չէ։

Մինչ այս պահը Տրյուդոյի կառավարությունը հերքում էր ԱՄՆ-ի հետ սահմանի փակման լուրը։ Երկրի փոխվարչապետ Քրիստյա Ֆրիլանդը երկու երկրները կապող ավտոմայրուղիներն անվանել է «կյանքի ճանապարհներ», որոնք կենսական են ինչպես ամերիկացիների, այնպես էլ՝ կանադացիների համար։ Յուրաքանչյուր օր սահմանը միջինում հատում էր 200 000 մարդ։ Այդուհանդերձ, COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով, երկու երկրները կանգնեցին սահմանների փակման հարցի առաջ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի վերջին նահանգը, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպք։ Վերջին տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 6 500 դեպք, որոնցից 114-ը մահացել են, իսկ Կանադայում մահացածների թիվը չի գերազանցել 10-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգնության ծրագրի շրջանակներում, երկրի յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 1000-ական ԱՄՆ դոլար։ Կանադայի կառավարությունն էլ մշակել է տնտեսական միջոցառումների փաթեթ, որով նախատեսվում է 82 միլիարդ կանադական դոլար ներդնել տնտեսության մեջ, որոնցից միայն 27 միլիարդը կուղղվի բիզնեսի սեփականատերերի և աշխատակիցների աջակցությանը։

 

Լուսանկարը՝ «The Canadian Press»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter