HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՌԴ-ն բավարարել է Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին» ՀՀ իրավապահներին հանձնելու միջնորդությունը

Ռուսաստանի Դաշնությունը կարտահանձնի «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանին, ով մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու գործով։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը  որոշում է կայացրել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։

«Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը»,- հայտնեց Արևիկ Խաչատրյանը։

Լևոն Սարգսյանի փաստաբան Աշոտ Սարգսյանը նրա մեղադրանքի վերաբերյալ հարցերին չպատասխանեց, հայտնեց նաև, որ արտահանձնման հետ կապված հարցերով զբաղվում է մեկ այլ փաստաբան՝ ՌԴ-ից։

Նշենք, որ Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործը վերաբերում է կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելուն: Տևական ժամանակ ՌԴ-ում բնակվող Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռևս  2018-ի հոկտեմբեր ամսին: 2019  թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Սարգսյանը ՌԴ-ում ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Սարգսյանի անունը շոշափվել է նաև Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Մասնավորապես՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ իր մեղադրանքում առկա է ձևակերպում, իբր իր և Սերժ Սարգսյանի մտերիմ անձինք մասնակցել են 2008-ին հավաքները ճնշելու գործընթացին:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ովքե՞ր են այդ մտերիմ մարդիկ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տվել էր Լևոն Սարգսյանի անունը։ Դավթյանը, սակայն նշել էր նաև, որ Լևոն Սարգսյանի արարքին դեռևս իրավական գնահատական չի տրվել, որովհետեւ նրա արարքին համապատասխան գնահատական տալու համար գործողություններ պիտի արվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter