HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սերոբ Խաչատրյան. «Աշխարհը հայտնվել է մի իրավիճակում, երբ հեռավար ուսուցումը դարձել է միակ հնարավոր մեթոդը»

Հանրապետության բազմաթիվ դպրոցներ, արտակարգ դրությամբ պայմանավորված, անցել են հեռավար ուսուցման մեթոդին: Սա Հայաստանում դեռևս չկիրառված փորձ է, շատ դպրոցների համար` նոր փորձարկում:

Հանրային հեռուստաընկերությամբ մարտի 19-ից տարբեր ժամերի դպրոցականների համար հեռարձակվում են տարբեր առարկաների դասեր: Դրանք անցկացվում են նաև այն աշակերտների համար, ովքեր չունեն տեխնոլոգիական միջոցներ՝ համակարգիչ և ինտերնետ հասանելիություն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ևս օնլայն դասեր է անցկացնում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ ինտերնետ կապի և համացանցի բացակայության խնդրով քիչ զանգեր են ստացել: Ստացված զանգերը որոշ դեպքերում վերաբերել են կապի որակին, կամ դպրոցահասակ երեխաները չեն ունեցել ինտերնետ հասանելիություն, կամ տանը եղել է դպրոցահասակ մի քանի երեխա, սակայն` մեկական համակարգիչ ու սմարթֆոն։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տևական ժամանակ քննարկում է հեռավար ուսուցման կիրառման մեթոդը: Քննարկումները վերաբերում են հատկապես սահմանամերձ կամ գյուղական այն դպրոցներին, որոնք ունեն ուսուցիչների պակաս:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս հաստատում է, որ չնախատեսված հեռավար կրթության մեթոդի կիրառումը ի վերջո ստիպեց դպրոցներին կիրառել այսքան երկար քննարկված, սակայն չգործարկված մեթոդը: Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակում հեռավար ուսուցումը կրթության ապահովման լավագույն մեթոդներից է:

Խաչատրյանը դեռևս օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել էր դասապրոցեսն ապահովելու համար օգտագործել Հանրային հեռուստատեսության եթերը:

«Այս մեթոդը շատ ավելի հասանելի է, որովհետև բոլորը հասանելիություն ունեն այդ ալիքին: Իհարկե կան մարդիկ, ովքեր վաղուց հեռուստացույց չեն դիտում, բայց այդ մարդիկ էլ ինտերնետ ունեն, կարող են համացանցով «Հ1»-ին հետևել: Կարծում եմ դա լավագույն լուծումն էր այս ձևով»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետը սակայն ցավով է նշում, որ մեր կրթական համակարգը պատրաստված չէր այս իրավիճակին, այդ պատճառով այժմ կրթության կազմակերպման համար շատ բան հնարավոր չէ անել: Ընդգծում է, որ հունվար-փետրվար ամիսներին, երբ արդեն իսկ աշխարհում բուռն թափ էր ստացել կորոնավիրուսը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարող էր բոլորի դասարանների համար օնլայն կամ վիդեո դասեր պատրաստել, որոնք այս պայմաններում հնարավոր կլիներ արագ կիրառել, կամ հավաքեր օնլայն թեստային առաջադրանքներ, որոնք ուսուցիչը կարող էր համացանցով հանձնարարել և ստուգել:

«Ինչ էլ անենք` լավ է, իհարկե եթե շատ խիստ մոտենանք բազմաթիվ թերություններ կան՝ նույն ինտերնետի հասանելիությունը, բացի այդ, շատ դժվար է հետևել երեխաներն` ինչ են անում այդ ընթացքում, արդյոք հետևում են դասին, թե այլ բանով են զբաղվում»,- ասում է Խաչատրյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ մեծ դասարանների հետ հեռավար ուսուցման կիրառումը պահանջում է բազմաթիվ գործիքների կիրառում, որին շատ քիչ ուսուցիչներ են տիրապետում:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ լավ է, երբ անելանելի իրավիճակում պարտադրված սկսում ենք նոր մեթոդներ սովորել: Նշում է, որ նախորդ տարիներին շատ ուսուցիչներ չէին ցանկանում սովորել օնլայն դասեր անցկացնելու մեթոդներն ու գործիքները՝ դրանց մեծ կարևորություն չտալով:

«Հեռավար ուսուցման մեթոդը մշտապես եղել է երկրորդական, փոխարինող մի բան: Հիմա աշխարհը հայտնվել է մի իրավիճակում, երբ հեռավար ուսուցումը դարձել է միակ հնարավոր մեթոդը: Սա շատ լավ հարթակ է, որպեսզի զարգացվի ուսուցիչների թվային գրագիտությունը: Եթե անգամ դպրոցները բացվեն, երեխաները հաճախեն դասերի, օնլայն ուսուցումը կդառնա աջակցող ծառայություն»,- նշում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter