HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Կաննի փառատոնը

Ամենամյա Կաննի կինոփառատոնը, որը պետք է կայանար այս տարվա մայիսի 12-23-ը, Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է։ Նախնական տվյալների համաձայն, որը հրապարակվել է կինոփառատոնի պաշտոնական կայքէջում, այն տեղափոխվել է այս տարվա հունիս ամսվա վերջ։

«Երբ Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակը մեզ հնարավորություն տա պարզել ճշգրիտ ամսաթիվը, մենք կհայտնենք մեր վերջնական որոշումը՝ իհարկե մինչ այդ խորհրդակցելով Ֆրանսիայի կառավարության և Կաննի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև Կինոփառատոնի խորհրդի, մասնակիցների և բոլոր գործընկերների։ Այս ընթացքում Կաննի կինոփառատոնը միանում է բոլոր նրանց հորդորներին, որոնք կոչ են անում հարգել ընդհանուր արգելքը և խնդրում համերաշխություն ցուցաբերել ողջ աշխարհին այս դժվարին օրերի ընթացքում»,- նշվում է կազմակերպչական խմբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ապրիլից հոկտեմբեր էր տեղափոխվել «Canneseries» հեռուստասերիալների փառատոնը, որը նույնպես պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ։ Նույն պատճառով չեղարկվել է նաև «MIPTV» միջազգային հեռուստաշուկան, որը պետք է սկսվեր արդեն մարտի 27-ին։

Այս պահի դրությամբ, Կաննի փառատոնն առցանց ռեժիմով անցկացնելու մասին խոսք չկա։ Սակայն մի շարք փառատոններ և ֆորումներ որոշել են չտեղափոխել անցկացման ժամկետները, այլ կազմակերպել առցանց ռեժիմով։ Այսպես, հեռուստատեսային արտադրության «Series Mania» միջազգային փառատոնը թողարկել է «Digital Forum» առցանց հարթակը, որը կրկնօրինակելու է «Series Mania» ֆորումի որոշ գործառույթներ։ Տեղեկությունը տարածել է «Vaiety» պարբերականը՝ հղում կատարելով ֆորումի հիմնադիր և գլխավոր տնօրեն Լորենս Հերշբերգին։ 

Ֆորումը պետք է կայանար Ֆրանսիայի Լիլ քաղաքում այս տարվա մարտի 20-28-ը։ Հատուկ հարթակը կաշխատի մարտի 25-ից ապրիլի 7-ը։ Մասնակցության հասանելիության համար օգտատերերը պետք է վճարեն 90 եվրո։ Վիրտուալ ֆորումի մասնակիցներին հասանելի կլինեն նախագծերի ցուցադրությունները, հեռուստասերիալների պիլոտային սերիաները և 16 նախագծերի տեսացուցադրություններ, որոնք առանձնացրել է «Co-Pro Pitching» ընկերությունը։

ԱՄՆ-ում տեղի ունեցող «South by Southwest» ամենամյա միջոցառումը, որը միավորում է մի քանի երաժշտական, կինեմատոգրաֆիական և մեդիա փառատոններ, նույնպես անցել է առցանց ռեժիմի։ Այն կավարտվի վաղը՝ մարտի 21-ին, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն մարտի 24-ին։ Ժյուրիի անդամները թեկնածուներին գնահատելու են առցանց տեղադրված նյութերի և կաղապարների միջոցով։ Այս տարի չեղարկվել է նաև «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը։

Մի շարք թանգարաններ և թատրոններ իրենց բովանդակությունը նույնպես տեղափոխել են համացանց։ Ներկայացումները հնարավոր է դիտել առցանց հեռարձակման կամ որակյալ տեսագրությունների միջոցով, իսկ թանգարաններ կարելի է այցելել վիրտուալ այցելության հնարավորության միջոցով։ Առցանց հարթակներում տեղադրվել են նաև բազմաթիվ դասախոսություններ, ֆորումներ և սեմինարներ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter