
COVID-19․ թեժ գծի աշխատանքը
Մարտի երեքին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ստեղծվել է կորոնավիրուսի հիվանդության վերաբերյալ արագ արձագանքման խումբ և թեժ գիծ, որի նպատակն է պատասխանել քաղաքացիների զանգերին և ուղղորդել նրանց, թե որ ախտանիշների դեպքում ում կարող են դիմել։
Զանգերի կենտրոնում գործում է շուրջօրյա հերթապահություն։ Մարտի 3–ից մինչեւ մարտի 20–ը կենտրոնը ստացել է 14231 զանգ։ Ըստ կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանի՝ վերջին շաբաթվա ընթացքում զանգերի թիվն աճել է, վերջին 5 օրերին գրանցվել է մոտ 5000 զանգ։ Կենտրոնում աշխատում է 36 բժիշկ-համաճարակաբան։
«Զանգերը հիմնականում վերաբերում են բնակիչների անհանգստություններին, տարբեր երկրներում առկա վիճակին, զանգերի մի մասը խորհրդատվական բնույթ ունեն։ Շատ ժամանակ հարցնում են՝ ջերմություն ունենք, ի՞նչ անենք, մեր մասնագետները ներկայացնում են իրավիճակը, ուղղորդում մարդկանց։ Զանգերի կենտրոնը նախատեսված է միայն կորոնավիրուսային հիվանդությունների վերաբերյալ հարցերի համար», - նշեց Սիրանուշ Զաքարյանը։
Ի պատասխան մեր այն հարցին՝ արդյոք բոլոր զանգերն են ստանում պատասխաններ, Սիրանուշը նշեց, որ հնարավոր է լինեն զանգեր, որոնք կարող են անպատասխան մնալ, քանի որ աշխատում են 5 հոգի և օրական ստանում մոտ 3000 զանգ․ «Ուղղակի կոչ կանեմ քաղաքացիներին, եթե այդ պահին ունենան անպատասխան զանգեր, ապա քիչ անց նորից փորձեն, որովհետև իրենց հետ կարող է նույն պահին զանգի ևս 10 քաղաքացի»։
Կենտրոնի բժիշկ-համաճարակաբանները հավաքվում են տեղեկատվություն զանգահարողի վերաբերյալ, թե ում հետ է շփվել, ինչ ախտանիշներ ունի, արդյոք վերջին շրջանում եղել է վարակակիր երկրներում։ Ինֆորմացիան հնարավորություն է տալիս կատարել համապատասխան ուղղորդում։ Թեժ գիծ զանգելուց և կորոնավիրուսին բնորոշ ախտանիշների մասին զրույցից հետո օպերատորները շտապօգնություն չեն կանչում, այլ ուղղորդում են որպեսզի քաղաքացին ինքը զանգի և շտապօգնություն կանչի, որից հետո նաև տեղեկացնում են բժիշկներին, թե ինչ ախտանիշներով է քաղաքացին զանգահարել։
«Այս օրերին կենտրոնը զբաղվում է հիվանդների հայտնաբերմամբ, մեկուսացմամբ, շփման շրջանակի հայտնաբերմամբ, վարակակիրների ինքնամեկուսացմամբ և օրվա ընթացքում կատարվում է հսկողություն կենտրոնի աշխատակիցների կողմից»,- հավելեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը, նշելով, որ կենտրոնում են հավաքվում նաև հիվանդության վերաբերյալ տվյալները։
Թեժ գիծ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 060838300
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել