HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տուժող ճանաչված «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն վիճարկում է նախաքննական մարմնի ձեռք բերած ապացույցները

Քնչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վերաբերյալ նոր քրեական գործ է քննվում: Քննիչի դիմումով Ֆիննախի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում և ընկերությանը հասցված ֆինանսական վնասի չափը հաշվարկել է ավելի քան 100 մլն դրամ:  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում է 26.04.2019թ.-ին կազմված թիվ 49-Ա ակտը՝ նպատակ ունենալով նախաքննական մարմնին թույլ չտալ ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը կիրառել քրեական գործում:

Քրեական գործը հարուցվել է 04.06.2019թ.-ին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում տեղի ունեցած ֆինանսական չարաշումների վերաբերյալ մեր հրապարակումներից հետո: Հոդվածներում ներկայացրել էինք ընկերությունում տեղի ունեցող կոռուպցիոն բնույթ կրող չարաշահումները եւ ընկերության տնօրենների ներգրավվածությունն այդ գործում:

Մինչ այդ, Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ էր հարուցվել ոստիկանության 2018թ. օգոստոսի 25-ին հրապարակած բացահայտումների հիման վրա: Ըստ այդմ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ղեկավարները հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու եւ այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Քննչական կոմիտեն մարտի 17-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային վերահսկողության նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանին գրավոր տեղեկացրել է, որ իր վարույթում քննվող քրեական գործը հարուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելու եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Այս գործով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ճանաչվել է տուժող եւ լիազորել է համապատասխան ներկայացուցչին հանդես գալ որպես տուժողի ներկայացուցիչ: Հայտնել են նաեւ, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել եւ անհրաժեշտության դեպքում տեղեկություններ տրամադրել վարույթն իրականացնող մարմնին:

Վերջին միտքը կարեւոր նորություն էր, որովհետեւ մինչ օրս «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն գործնականում դիմադրություն է ցույց տալիս նախաքննությունն իրականացնող մարմնին: ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության իրականացման շրջանակներում անհրաժեշտություն էր առաջացել ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, որի համար գործը քննող քննիչը դիմել էր ֆինանսների նախարարությանը: Ֆիննախի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում եւ 26.04.2019թ.-ին կազմել է թիվ 49-Ա ակտը: Մեր ունեցած տեղեկություններով, ֆիննախի ստուգումների արդյունքներով ընկերությանը հասցված ֆինանսական վնասի չափը հաշվարկվել է ավելի քան 100 մլն դրամ:

«Վեոլիա ջուր» ընկերությունը 2019թ. հուլիսին, երբ ընկերության տնօրենը դեռեւս Գոռ Գրիգորյանն էր, հայցադիմումներ էր ներկայացրել վարչական դատարան: Հայցերից մեկով խնդրել էր ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019թ.-ին ընդունված թիվ 49-Ա ակտը առ ոչինչ ճանաչել:

Միաժամանակ, վարչական դատարան ներկայացված մեկ այլ հայցով դատարանին խնդրել էր վերացնել 26.04.2019թ. ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ընդունած թիվ 49-Ա ակտը։

Երկու գործերով էլ վարչական  դատարանը մերժել է հայցերը վարույթ ընդունել՝ հիմնավորելով, որ հիշյալ ակտը առ ոչինչ ճանաչելու կամ վերացնելու վերաբերյալ պահանջները ենթակա չեն դատարանում քննության, հետեւաբար մերժվում է ներկայացված հայցադիմումի ընդունումը։

Նույն հիմնավորումով վերաքննիչ վարչական դատարանն է մերժել երկու հայցերով ներկայացված բողոքները: «Բողոքարկվող թիվ 49-Ա ակտը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն ուղղված չէ հայցվորի համար իրավունքներ եւ պարտականություններ uահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, դրա միջոցով վարչական մարմինը չի մերժել, միջամտել, ընդհուպ uահմանափակել հայցվորի իրավունքների իրականացումը»,- նշվում է դատական ակտում։ Դատարաններն այն համոզմանն են, որ նշված գրությունը՝ ակտը, տեղեկատվական բնույթի փաստաթուղթ է, որով, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հետեւյալ հարցերին.

  1. Որքա՞ն է կազմել դրամական միջոցների մնացորդը 09.2018թ. դրությամբ հաշվարկային հաշվում եւ դրամարկղում (խոսքը «Վեոլիա ջրի» մասին է-Ս.Պ.):
  2. 2017 թ. հունվարի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ ընկերության գործունեության ընթացքում որքա՞ն դրամական միջոցներ են մուտքագրվել դրանց հաշվին, ինչ եղանակով եւ ինչ աղբյուրներից, այդ մուտքերն, արդյոք, ճի՞շտ են փաստաթղթավորվել եւ արտացոլվել համապատասխան հաշվետվություններում, թե՝ ոչ:
  3. Ընկերության դրամական միջոցների ելքերը որքա՞ն են կազմել, ի՞նչ ուղղություններով են գումարները ծախսվել, ո՞ր կազմակերպություններին են փոխանցվել եւ ի՞նչ չափով, ստացե՞լ են, արդյոք, այդ ծախսերը համապատասխան փաստաթղթային ձեւակերպում, եւ ինչքանո՞վ են դրանք հիմնավոր:
  4. Պարզել ընկերության կողմից ձեռքբերված ապրանքանյութական արժեքների մուտքագրման եւ ելքագրման ճշտությունը:

2019թ. օգոստոսի 29-ին «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ֆրանսիական (մայր) կազմակերպության որոշմամբ աշխատանքից ազատվեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Գրիգորյանը: Մեկ ամիս անց աշխատանքից ազատվեցին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում տնօրենների պաշտոններ ստանձնած Գ. Գրիգորյանի մերձավորները՝ Արեւմուտք տարածքային մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, «Արեւելք» տարածքային մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը եւ այլք: Օգոստոսի 30-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Մարիաննա Շահինյանը:

«Վեոլիա ջրի» նոր տնօրինությունը մինչ օրս բողոքարկում է դատական ակտերը: Հիշյալ ակտը վերացնելու գործով բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել, սակայն ակտը առ ոչինչ ճանաչելու գործով բերված բողոքը 2019 թ. հոկտեմբերի 21-ին վարույթ է ընդունել:

Այն հետեւողականությունը, որ «Վեոլիա ջուր» ընկերության ներկայիս ղեկավարությունը դրսեւորում է հիշյալ ակտը վերացնելու հարցում, հիմք է տալիս ասելու, որ նոր տնօրինությունը նույնպես չի ցանկանում բացահայտել կատարված յուրացումները: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, վիճարկելով հիշյալ ակտի իրավաչափությունը, ըստ էության, նախաքննական մարմնին թույլ չի տալիս ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը կիրառել քրեական գործում: Հետեւաբար, կասկածելի է դառնում Քննչական կոմիտեի հետ համագործակցելու նրանց պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ղեկավարներին մեղադրեց  հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու եւ այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ, որը նրանք կատարել էին սեփական ընկերություններ ստեղծելով եւ «Վեոլիա ջրի» գնումներին մասնակցելով: Մեր իրականացրած հետաքննության մեջ հիմնավորել ենք, որ ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրենի եւ մասնաճյուղերի տնօրենների հիմնած ընկերություններն են իրականացրել ընկերության հայտարարած գնումները: Նաեւ, թե այս ընկերություններից յուրաքանչյուրը՝ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ, «ԴԵԼԼ-ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ, «ՇԻՆՄԱՍՏԵՐ» ՍՊԸ, «ԷՄՕՇԻՆ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», տնօրեններից ում է պատկանում:

Օրինակ, «Գավաթ» ՍՊԸ-ն, որը նույնպես անցնում է այս քրեական գործով, առնչվում է նախկինում տեխնիկական տնօրեն Վահե Բատոյանին: Մարիաննա Շահինյանի գլխավոր տնօրեն նշանակվելուց առ ժամանակ հետո նա նշանակվեց տնօրենի առաջին տեղակալ: Ընկերությունում մնալու եւ ավելի բարձր պաշտոն ստանձնելու բացատրությունն այն է, որ Վահե Բատոյանը Մ. Շահինյանի ամուսնու ազգականն է: Բնական է, որ նրանք չպետք է ցանկանան օժանդակել նախաքննությանը:

Ավելին, քրեական գործը հարուցվելուց հետո էլ՝ 2019 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին հիշյալ կազմակերպությունները շարունակել են մասնակցել «Վեոլիա ջրի» գնումների մրցույթներին եւ շահել դրանք: «Հետք»-ը 2019թ.-ի հոկտեմբերին հարցում էր ուղարկել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին՝ խնդրելով հայտնել, թե որ ընկերություններն են շահել մրցույթները, սակայն հարցմանը չեն պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ մրցույթում հաղթողները դարձյալ վերը թվարկված ընկերություններն են եւ նրանցից յուրաքանչյուրն այդ ամիսներին նվազագույնը 300 մլն դրամի շրջանառություն է ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter