
3-ից 5 տարի ազատազրկում` մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները չկատարելու համար. խորհրդարանը քննարկում է նախագծերը
Կառավարությունը հրատապ ռեժիմով խորհրդարան է ուղարկել նախագծերի փաթեթ` վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ նախատեսելով արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը չկատարելու համար:
Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկը:
Նախագծի հիմնական զեկուցողն է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Դանիելյանը հիշեցրեց` արտակարգ դրության ռեժիմում քաղաքացիների իրավունքները սահմանափակված են, սակայն դրա իրավական կարգավորումները հստակ չեն: Փոխնախարարի խոսքով` այժմ 600 մեկուսացված անձ կա, սակայն հիմք ընդունելով այն, որ ոչ բոլորն են հոժարակամ մեկուսացվում և ինքնամեկուսացվում, նախագծերի ներկայացման հրատապություն է առաջացել:
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապիկի չափով տուգանք է առաջարկվում` 300 հազարից մինչև 500 հազար դրամ: Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք կխախտեն արտակարգ դրության ռեժիմի պայմանները և մամուլում ու սոցցանցերում խուճապ առաջացնող տեղեկություններ կհրապարակեն, ըստ նախագծի, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև 300-ապատիկի չափով` 50 հազարից մինչև 300 հազար դրամով:
Առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, որոնց մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելն անզգուշությամբ առաջացնում է զանգվածային հիվանդացում: Այս դեպքերում սահմանված է կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:
Մեկնաբանել