HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սիսակ Գաբրիելյան․ «Առաջիկայում մեղմացումներ կլինեն տեղեկատվության տարածման հարցում»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում քննարկված, արտակարգ դրության օրերին տեղեկատվության տարածումը սահմանափակող կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը ԶԼՄ-ներին չի վերաբերում։

Այս մասին պատգամավորն ասաց «Հետք»-ի հետ զրույցում՝ նշելով, որ նախագիծը վերաբերում է բլոգերներին, ֆեյսբուքյան էջերին, ԶԼՄ գործունեություն ծավալող, բայց ԶԼՄ չհանդիսացողներին և մի շարք այլ խմբերի։ Սիսակ Գաբրիելյանը հիշեցնում է, որ արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ների գործունեությունը վերահսկող դրույթներն այսօր էլ կան Վարչական օրենսգրքում։

«ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող որևէ հարց չի քննարկվել առաջին ընթերցմամբ, ոչ էլ հիմա օրակարգում կա։ Առաջին ընթերցմամբ քվեարկված փոփոխությունը վերաբերում է նրան, որ այն սանկցիան, որը կիրառելի է ԶԼՄ-ների նկատմամբ, կիրառելի լինի նաև լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ»,- պարզաբանում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ առաջիկայում կլինեն մեղմացումներ տեղեկատվության տարածման հարցում։

«Սանկցիան սահմանված է Կառավարության կողմից նախատեսված սահմանափակումների դեպքում։ Եթե չի լինում Կառավարության նախատեսած սահմանափակումը, չի լինում նաև սանկցիան։ Ես չգիտեմ կամ չեմ ուզում ասեմ՝ Կառավարությունը վաղը ինչ որոշում կկայացնի սահմանափակումների մասով, կկայացնի, թե՝ չի կայացնի․․․ մենք ունենք առաջարկ, որ անկախ նրանից Կառավարությունը կհանի, թե չի հանի սահմանափակումը, ԶԼՄ-ների համար նախատեսված տուգանքները 3 անգամ կրճատվի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ անտրամաբանական համարելով ԶԼՄ-ներին արտակարգ դրության օրերին տեղեկատվության սահմանափակման կարգը խախտելու համար մինչև 800 հազար դրամ տուգանելը։

Սիսակ Գաբրիելյանի հետ մեր ամբողջական զրույցը կարող եք դիտել ստորև տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter