HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կգանձվե՞ն վարձավճարները, թե՝ ոչ. ինչ են ասում տոնավաճառների և խոշոր առևտրի կենտրոնների ներկայացուցիչները

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով խոշոր առևտրի կենտրոններն ու տոնավաճառները դադարեցրել են իրենց գործունեությունը: Նրանց մի մասը՝ աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել էին մինչև արտակարգ դրության ռեժիմ մտցնելը, իսկ մի մասը դրանից հետո, իսկ որոշներն էլ միայն մարտի 24-ից՝ արտակարգ դրության ռեժiմի միջոցառումների խստացման մասին որոշումից հետո:

Տոնավաճառներն ու խոշոր առևտրի կենտրոնները իրենց պատկանող տարածքը վարձակալական հիմունքներով հանձնում են տարբեր տնտեսվարողների, որոնք էլ ստացած շահույթի մի մասը ուղղում են տարածքի վարձավճարին: Սակայն այս պահին առևտրի կենտրոնների և տոնավաճառների փակ լինելու պատճառով տնտեսվարողները բնականաբար չեն կարող շահույթ ակնկալել, այսինքն՝ այդ պարագայում դժվարություններ կարող են առաջանալ կապված տարածքների վարձավճարների հետ:

«Հետք»-ը զրուցել է Երևանում գործող մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և տոնավաճառների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե արդյոք ստեղծված իրավիճակում վարձավճարները գանձելու՞ են, թե՝ ոչ:

«Մալաթիա» տոնավաճառը չի աշխատում մարտի 16-ից: Այն փակ է լինելու մինչև մարտ ամսվա վերջ, եթե այդ ժամանակ աշխատելու թույլտվություն լինի, ապա կվերսկսեն աշխատանքները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Նա ասաց, որ տնտեսվարողներից մարտ ամսվա վարձավճարները չեն գանձելու. «Մարտ ամսին եթե չեն աշխատում, ինչի՞ գանձենք: Երբ որ սկսեն աշխատել, այդ ժամանակ էլ կգանձենք: Վաճառողները մի քիչ նեղվում են, որովհետև գարնանային ապրանքներ ունեն, որ էս ամսին պետք է վաճառեին: Մնալու են դրանք, հետո դժվարանալու է վաճառելը»,- նշեց Սամվել Ավետիսյանը: Հարցին, թե այդ դժվարությունների դեպքում տոնավաճառը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին, տնօերնը պատասխանեց, որ եթե հարկային մարմինը ների իր պարտավորությունները, ապա իրենք նույնպես կներեն տնտեսվարողին:

«Եթե ես աշխատելու եմ, ուրեմն հարկայինը պետք է ինձանից գանձի: Դա մի միլիոն չէ, երկու միլիոն չէ, որ կարողանամ ամբողջը ինձ վրա վերցնել: Ես հիմա պետք է տամ ամսական 20 միլիոն աշխատավարձ, դա բավական մեծ գումար է, իսկ մենք չգիտենք, թե ինչքան կշարունակվի էս վիճակը: Եթե իրանք գան աշխատելու, չկարողանան վճարել, բայց տոնավաճառը աշխատի, հարկային տեսչությունը պետք է ինձնից գումարները գանձի: Եթե տեսչությունը կարողանա ինձնից գումար չգանձել, ապա ես էլ զիջումներ կանեմ: Մենք մեր հաճախորդների հետ պայմանավորվածություն ունենք, բոլորն էլ գոհ են: Ես իրանցից ավել գումարներ չեմ գանձում, կաշխատեն՝ կվճարեն, չեն աշխատի՝ չեն վճարի»,- ասաց Սամվել Ավետիսյանը՝ շեշտելով, որ չնայած տոնավաճառը հիմա չի աշխատում՝ աշխատակիցները տարածքի պահպանություն են իրականացնում:

«Սուրմալու» տոնավաճառի տնօրեն Վարդան Մանուկյանը վարձավճարների վերաբերյալ հարցին ասաց, որ առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ սեփականատերերը պետք է որոշեն:

«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, սեփականատերերը հիմա այստեղ չեն: Որոշողը իրենք են: Այսօր նոր փակեցինք տոնավաճառը և այս պահի դրությամբ որոշում չունենք: Տնտեսվարողները դժգոհություններ ունեցան, որ փակվեց, որովհետև իրենք ապրանք են մատակարարում խանութներին, չգիտենք, թե ինչ կլինի»,- նշեց «Սուրմալու»-ի տնօրենը:

«Փեթակ» տոնավաճառի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց: Մեր զանգին պատասխանեց անվտանգության աշխատակիցը և ասաց, որ չեն կարող կոնտակտ տրամադրել: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Փեթակում» գործունեություն իրականացնող տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ըստ ակցիայի մասնակիցների՝ տոնավաճառի ղեկավարությունը պահանջել էր տնտեսվարողներից, որ գնան աշխատեն և մուծեն իրենց զբաղեցրած տարածքների համար սահմանված վարձավճարները: Պատգամավոր Արման Բաբաջանյանը բողոքի ակցիայի ժամանակ «Փեթակում» էր, նա էլ տոնավաճառի տնօրինությանը և աշխատակիցներին փոխանցել է պարետատան բանավոր որոշումը, համաձայն որի՝ փակ առևտրային շուկաների տնօրենները արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում չեն կարող վարձավճար պահանջել չաշխատող կրպակատերերից: Սակայն կան նաև բացօթյա տաղավարներ: Բացի այդ, տոնավաճառում աշխատողներից մեկը «Հետք»-ին տեղեկացրել է, որ Արման Բաբաջանյանի այցի հաջորդը օրը՝ տնօրինությունը հայտնել է, որ ընդամենը 3 օրվա վարձ են չեղարկում:

«Փեթակ»-ի հարևանությամբ գործող «Ռիչ պլազա» առևտրի կենտրոնը չի աշխատում մարտի 23-ից: Տնօրեն Արմեն Զաքարյանն ասաց, որ տնտեսվարողների հետ համաձայնության են եկել և գումարներ չեն գանձվելու՝ կախված իրավիճակից: Հարցին թե, որ ամսվանից չի հաշվարկվելու, «Ռիչ պլազա»-ի տնօրենը պատասխանեց՝ արտակարգ դրության ռեժիմ մտցնելու օրվանից, այսինքն՝ մարտի 16-ից: 

«Տարածքի վարձակալները դժգոհություն են հայտնում, սակայն փակման որոշումը ես չեմ կայացրել: Թող իրանց բողոքկները պարետատուն ուղարկեն: Ես ընդամենը կատարող եմ»,- ասաց Արմեն Զաքարյանը:

Որպես «Առինջ մոլի» «տնօրինության աշխատող» ներկայացած անձը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե՝ մարդը չի աշխատում, ինչպես կարող են նրանից գումար գանձել:

«Ես իմ կարծքին եմ ասում, լավ կլինի տնօրինության հետ կապվեք»,- ասաց «Առինջ մոլ»-ի աշխատակիցը և ասաց, որ մի փոքր ուշ զանգահարենք, և տնօրինությունից կպատասխանեն, սակայն ավելի ուշ կատարած մեր զանգերն անպատասխան մնացին:

«Ռոսիա մոլը» փակվելու մասին հայտնել էր մարտի 15-ին՝ մինչև արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը: Մոլի տնօրեն Նոնա Անդրեասյանն ասաց, որ վարձակալներից գումար չեն գանձելու:

«Բաժնետերն էլ է հասկանում, որ եթե մարդկանց բիզնեսներն այստեղ է, ու նրանք այստեղ պետք է աշխատեին և վարձ վճարեին, ապա փակ լինելու դեպքում ոնց պետք է վճարեն: Բնականաբար քանի դեռ մոլը փակ է, վարձավճարները չեն հաշվարկվելու, իսկ մնացածը հետո կհասկանանք, թե ինչքան է ձգվելու իրավիճակը»,- նշեց Նոնա Անդրեասյանը:

«Ռոսիա մոլում» գտնվող «Քարֆուր» սուպերմարկետը, դեղատունն ու բանկի մասնաճյուղը շարունակում են իրենց գործունեությունը:

«Երևան մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանն ասաց, որ այս պահի դրությամբ հստակ որոշում չկա, քանի որ իրավիճակը շարունակում է անկայուն և անհասկանալի մնալ բիզնեսի համար:

«Կարծում եմ այսօր ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի կարող հստակ պատասխան տալ ձեր հարցին, քանի որ իրավիճակը դեռ շարունակում է  մնալ անկայուն և անհասկանալի բիզնեսների համար։ Սակայն միանշանակ է, որ Երևան մոլը անելու է ամեն ինչ, որպեսզի իր վարձակալները չկրեն մեծ ֆինանսական կորուստներ, սակայն պետք է հաշվի առնել, որ մոլը ևս տնտեսվարող մեծ սուբյեկտ է՝ հարակից մեծ ծախսերով և ֆինանսական պարտավորություններով, ուստի պետք է գտնել առավելագույն օպտիմալ լուծում երկու կողմերի համար, ինչի ուղղությամբ էլ այժմ տարվում են համապատասխան բանակցություններ գործընկերների հետ»,- ասաց Շուշան Ավագիմյանը:

«Երևան մոլը» նույնպես փակվելու մասին հայտարարել է մարտի 15-ին: Այնտեղ ևս գործում է միայն «Քարֆուր» սուպերմարկետը:

«Երևան» տոնավաճառին, «Դալմա գարդեն մոլին», «Ռիո մոլին» և «Մեգամոլ Արմենիա»-ին ուղղված մեր զանգերն ու նամակները անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի տարածքում մեկ շաբաթով արգելվել է մի շարք տնտեսական գործունեության տեսակներ, կշարունակեն գործել միայն առաջին անհրաժեշտության տեսակի գործունեությունները: Պետական եկամուտների կոմիտեի կայքում էլ հրապարակվել է գործունեությունը ժամանակավորապես արգելված հարկ վճարողների ամբողջական ցանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter