HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Փորձագետ. «Վարկային ծրագիրն այն օժանդակությունը չէ, որ հանրային սննդի ոլորտն ակնկալում է պետությունից»

Այսօրվանից Հայաստանում արգելվել է բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը։ Մինչ այդ էլ հանրային սննդի ծառայությունների ոլորտը, ինչպես տնտեսության շատ ոլորտներ, կորոնավիրուսի տարածման հետևանքով եկամուտների անկում էր գրանցում։ Ըստ հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանի՝ հարկավոր էր ի սկզբանե, արտակարգ դրություն հայտարարելուն զուգահեռ, որոշում կայացնել փակել հանրային սննդի կետերը՝ հաշվի առնելով ինչպես առողջապահական, այնպես էլ՝ տնտեսական խնդիրները։

«Երբ մենք արտակարգ դրության պայմաններում ստիպված ենք փակել հանրային սննդի կետերը, մենք կարողանում ենք գործածել անհաղթահարելի ուժի կիրառման հոդվածը և ավելի պինդ դիրքերից հանդես գալ տարբեր մատակարարների, աշխատակիցների, վարձատուների հետ։ Այստեղ պետությունը շատ մեծ անելիքներ ունի»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ եթե հանրային սննդի օբյեկտները, գոնե, մայիսի վերջից վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, ապա կփորձեն ինչ-որ կերպ վերականգնել իրենց ֆինանսական վիճակը։ Սակայն, վերականգնման համար ժամանակ է հարկավոր, իսկ այդ ժամանակը գումար է պահանջում։

«Պետության կողմից արդեն հաստատվել է, որ հանրային սննդի օբյեկտներին տրամադրվելու են վարկեր։ Սակայն, վարկային ծրագիրն այն օժանդակությունը չէ, որ հանրային սննդի ոլորտն ակնկալում է պետությունից։ Դա վերադարձելիության սկզբունքով է գործելու և հավելյալ բեռ է ապագա ամիսների վրա։ Մենք արդեն բավականին մեծ գումարներ ենք կորցրել և աշխատելուց հետո էլ երկար ժամանակ է պետք, որ սկսենք շահույթով աշխատել, հետևաբար այդ գումարները վերադարձնելը ևս խնդիր է դառնալու հետագա ամիսների համար։

Հանրային սննդի ոլորտը գումարը վաստակում է ամառային ամիսներին, սակայն այս տարի տուրիստական հոսքը խիստ նվազելու է, հետևաբար այդ եկամուտները ոլորտը չի ստանալու»,- նշեց Աշոտ Բարեղյանը։

Ըստ նրա՝ հանրային սննդի ոլորտն այս պահին պետությունից անկնալում է ոչ թե անտոկոս վարկային ծրագրեր, այլ օժանդակություն այլ տեսքով՝ սուբսիդիաների, որոշ հարկերի չեղարկումների, հարկային արձակուրդների։ «Մենք պարտադրված ենք վճարել մեր աշխատողներին, որոնց ուղարկել ենք հարկադիր պարապուրդի։ Բայց և պետք է այդ աշխատակցների համար սոցիալական վճարներ կատարենք, եկամտային հարկ վճարենք. այս մասով պետության կողմից պետք է մեղմացումներ լինեն»,- նշում է հանրային սննդի ոլորտի փորձագետը։

Նրա խոսքով՝ եթե հանրային սննդի ոլորտը ամռանը սկսի աշխատել, ապա հետագա ամիսներին համեմատաբար մեղմ կորուստներ կունենա. միանգամից չի կարող վերականգնվել հաճախորդների հոսքը, սակայն որոշակի եկամուտներ կունենա։ «Անձամբ ես պատրաստվում եմ իմ դիտարկումները հղել Կառավարությանը։ Այստեղ նաև իրավաբանների, հաշվապահների ու մյուս ոլորտների հետ լավ կլինի միավորվել և օգնել Կառավարությանը»,- նկատում է Աշոտ Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարությունը հայտարարել է, որ տարբեր մեխանիզմներով պատրաստվում է  150 մլրդ դրամի գումար ներարկել տնտեսության մեջ։ Թե որ ոլորտներին որքան կհասնի, դեռևս հստակեցված չէ։ Միայն հայտնի է, որ առաջին փուլում օժանադակությունը նախատեսված է երեք ձևով՝ վարկերի գծով համաֆինանսավորման, վերաֆինանսավորման ու սուբսիդավորման տեսքով։

Ինչ վերաբերում է պետության կողմից հարկային արձակուրդներ տրամադրելուն, ապա արդեն իսկ հայտարարվել է, որ նման արտոնություններ բիզնեսին չեն տրամադրվելու։ «Ելնելով թե՛ տնտեսության, թե՛ հարկ վճարելու ձևավորված մշակույթի մեր առանձնահատկություններից ու դեռևս ոչ այնքան գոհացուցիչ մակարդակից՝ մենք ձեռնպահ մնացինք հարկային արտոնություններ և հարկային արձակուրդներ տրամադրելու ձևով աջակցություն ցուցաբերելուց, որ չունենանք հարկ վճարողների վարքագծի փոփոխություն»,- օրեր առաջ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter