
Խորհրդարանը քննարկեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի շահագործումն արգելող նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որով 2022 թվականից սկսած արգելվելու է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը: Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով` առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը` բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների:
Գրիգորյանի խոսքով` ենթադրվում էր, որ փոփոխությունները երկու փուլով պետք է իրականացվեն. առաջին փուլում համապատասխան վճարով էր լինելու, երկրորդում տարածվելու էր արգելքը:
«Բայց քանի որ տևական ժամանակ քննարկվեց, ու հասարակության վարքի փոփոխման դրսևորումներ եղան, այսօր արդեն տարածված է բազմակի օգտագործման պարկերի օգտագործումը: Իսկ այս ժամանակահատվածում հնարավորություն կտրվի տնտեսվարողներին վերապրոֆիլավորվել շուկայում»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ է իրենից ենթադրում 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենը, արդյոք սա ենթադրում է, որ պոլիէթիլենային բոլոր տոպրակների շահագործումը կարգելվի:
Նախարարն արձագանքեց` սուպերմարկետներում վաճառվող բոլոր տոպրակները մինչև հիսուն միկրոն հաստության են:
«Այս նախագծով արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկների օգտագործումը»,- ասաց Գրիգորյանը:
Նախարարի խոսքով` մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործման արգելք են դնում ոչ միայն աղտոտումը կանխարգելելու նպատակով, այլ այն պատճառով, որ սննդային շղթա է մտնում այդ պլաստիկը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ մի քանի տարիների ընթացքում աշխարհի շատ երկրներ կհրաժարվեն պլաստիկից:
«ԱԺ նախագահին գրություն եմ գրել` խնդրելով հնարավորության դեպքում այս պլաստիկ շշերն ապակյա շշերով փոխարինվեն»,- ասաց Գրիգրյանը` ցույց տալով պատգամավորների սեղանին դրված շշերը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչ է լինելու աղբի տոպրակների հետ, եթե արգելվելու է դրանց օգտագործումը, ապա քաղաքացիները ինչ են կիրառելու: Էրիկ Գրիգորյանն արձագանքեց` աղբի տոպրակները երկրորդային հումքից են ստացվում, ուստի դրանց շահագործումը չի արգելվելու:
Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ պատգամավոր Մերի Գալստյանը` կոչ անելով կողմ քվեարկել, քանի որ սպասված նախագիծ է, հանձնաժողովն էլ դրական եզրակացություն է տվել:
Մեկնաբանել