HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը` նախարարին. «Դոլարով միլիոնատերը հիվանդանոցում է պառկում, իսկ քյասիբը ՔԿՀ-ում է կալանքը կրում»

Խորհրդարանն առաջին ընթերմամբ քննարկեց կառավարության ներկայացրած Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը, որով հնարավորություն է ստեղծվում կալանքը որպես խափանման միջոց հնարավորինս կրճատելու համար:

«Գաղափարն այն է, որ գրավը լինի խափանման առանձին տեսակ և պրակտիկայում հնարավորինս բացառենք ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը»,- ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին:

«Գիտենք հայտնի մարդկանց, ովքեր իրենց խափանման միջոցը` կալանավորումը, անցկացնում են հիվանդանոցներում, ընդ որում` ամիսներով: Հիմա քանի կոպեկի արժեք ունի խափանման միջոցը կալանք ընտրելը, եթե ինքը դոլարով միլիոնատեր է, հիվանդանոցում է պառկում, և մեկը որ քյասիբ է, քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) է կալանքը կրում: Չկա՞ վտանգ, որ ով փող ունի, կօգտվի սրանից, ով չունի, կմնա ՔԿՀ-ներում»,- ասաց Մարուքյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` որևէ խափանման միջոց ինքնանպատակ չէ:

«Հետևաբար թ՛ե գրավը, թե՛ ստորագրությունը չհեռանալու մասին պետք է հաշվի առնվի, թե որքանով է արդյունավետ` դրված նպատակներին հասնելու համար: Ինչ վերաբերում է փող ունեցողներին, նախ քյասիբ ՔԿՀ-ներում չկա: Կառավարությունն արել է ամեն ինչ նրա համար, որպեսզի այն անձինք, ովքեր որ բժշկի ցուցումով կարիք կունենան քաղաքացիական հիվանդանոցում անցնել բուժզննում, անպայման ստանան: Ինչ վերաբերում է հարուստների,ն ովքեր կարող են չարաշահել ու մնալ հիվանդանոցում, էնպես չէ, որ հիվանդանոցում ազատ շփվում են իրենց շրջապատի հետ»,- ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով` դատապարտյալը եթե առողջական խնդիր ունի, ապա անպայման բուժում պետք է ստանա` անկախ նրանից հարուստ է, թե ոչ, այլ բան է, որ նախարարությունը պետք է հսկի վերջիններիս քաղաքացիական հիվանդանոցներում, ինչն էլ, ըստ նախարարի, իրենք անում են:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց`անհարկի շատ է կիրառվում կալանքը:

«Ես վստահ եմ, որ տնտեսական հանցագործությունների դեպքում դա անիմաստ է. մարդուն փակում ենք չորս պատերի մեջ: Նրան, ում վնաս է հասցվել, դրանից ոչ մի օգուտ, իսկ ՔԿՀ-ում փակված մարդը չենք կարող ասել ինչ տրանֆորմացիաներով դուրս կգա այնտեղից»,-ասաց պատգամավորը:

Վերջինս, սակայն, մտահոգվեց, թե արդյոք քննիչին նման լիազորություն տալը չի հանգեցնի կոռուպցիոն ռիսկի, քանի որ նա չի ունենալու հստակ չափորոշիչներ, թե որ դեպքում ինչ խափանման միջոց պետք է կիրառի:

«Պետք է պաշտպանեմ Էդմոն Մարուքյանի տեսակետը, որ սա արդյոք տեղ չի՞ թողնելու կոռուպցիոն չարաշահումների, որ ով փող ունի, գրավով կարողանա ազատվել»,- ասաց Զոհրաբյանը:

Ռուստամ Բադասյանն արձագանքեց` խափանման միջոցների կիրառման առնչությամբ որևէ վտանգ չկա. չափորոշիչները նույնն են, ինչ հիմա:

Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter