
Կառավարությունը վարձու` չգրանցված աշխատողներին նույնականացնելու խնդիր ունի
Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի. կա գրանցված աշխատող ու չգրանցված աշխատող: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե այս իրավիճակում ինչ է լինելու օրավարձով աշխատող քաղաքացիների հետ:
«Մենք մեկուկես տարի քաղաքացիներին կոչ ենք անում լինել օրինական դաշտում, գրանցել աշխատանքը, եկամուտը… Էս պայմաններում բոլոր էն մարդիկ, ովքեր գրանցված են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը: Մենք էդ մարդկանց կարողանում ենք գտնել՝ որտեղ է աշխատում, վերջին մեկ տարում ինչքան աշխատավարձ են ստացել, վերջին երկու ամսում ինչքան եկամտից են զրկվել, ինչքան պետք է իրենց օգնենք, որպեսզի իրենց սոցիալական վիճակը այս իրավիճակում կառավարենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` օրավարձով աշխատող քաղաքացիները ստվերում են, կառավարությունը նրանց գտնելու խնդիր ունի:
«Մենք իրենց նույնականացնելու խնդիր ունենք, բայց համարում ենք, որ իրենք ևս մեր քաղաքացիներն են, ու պարտավոր ենք իրենց աջակցել: Բայց ոնց պարզենք իրենց, մեր կանխավարկածը հետևյալն է, որ իրենք սոցիալապես ոչ էդքան պաշտպանված խավի մեջ են, ու մեր տվյալներից որևէ մեկում պետք է արտացոլված լինեն, օրինակ՝ «Փարոս» համակարգում: Մյուսն այն է, որ վերջին ամիսներին դիմել են «Փարոս» համակարգին միանալու համար, սակայն դեռ չեն ներառվել, և երրորդ` գրանցվել են որպես գործազուրկ: Այսինքն՝ իրենց գտնելու խնդիր ունենք, քանի որ եկամտահարկ չեն վճարել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը պնդեց` այդ մարդիկ չեն կարող ապացուցել, որ աշխատել են, քանի որ հարկ չեն վճարել, և իրենց եկամուտը որևէ կերպ չի արտացոլվել:
Ընթերցեք նաև՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել