HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ պաշտպանները միջնորդել են հետաձգել նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր նշանակված էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության այլ նախկին պաշտանատար անձանց վերաբերյալ դատական նիստ, որը, սակայն տեղի չի ունենա։

Դատավոր Վահե Միսակյանի կազմից «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նիստի հետաձգման պատճառը Սերժ Սարգսյանի պաշտպանների դիմումն է։

Նշենք, որ Սարգսյանի պաշպաններից Ամրամ Մակինյանն օրեր առաջ տեղեկացրել է, որ, պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Միջնորդությունը, փաստորեն, բավարարվել է։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործով անցնում է հինգ անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Գործով առաջին դատական նիստը եղել է բազմամարդ, մինչ նիստի մեկնարկն ու դրա ամբողջ ընթացքում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել դատարանի դիմաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter