
ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են հասնել «բելառուսական միջանցքով»
Ինչպես արդեն գրել ենք, Ռուսաստանի ավիացիոն գերատեսչությունը՝ «Ռոսավիացիան», հայտարարել է, որ մարտի 27-ից դադարեցվում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ: Այսինքն՝ Ռուսաստանի օդանավակայանները փակվում են միջազգային չվերթների համար:
Սա Հայաստանի համար էական նշանակություն ունի այնքանով, որ կորոնավիրուսով եւ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված մի շարք արտերկրյա ավիափոխադրողներ դադարեցրին դեպի Հայաստան թռիչքները: Այդ պայմաններում ռուսական ավիաընկերություններն ու օդանավակայանները միջոց էին այլ երկրներից տարանցիկ ճանապարհով Հայաստան հասնելու համար՝ հաշվի առնելով, թե ինչ տխուր վիճակում է հայկական ավիացիան:
Փաստորեն, հիմա մեր համաքաղաքացիները զրկվում են «ռուսական միջանցքից» օգտվելու հնարավորությունից:
Այս պայմաններում Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունները հանդես եկան հայտարարություններով: Ֆրանսիայում մեր դիվանագիտական կառույցը ժամեր առաջ տեղեկացրել է, որ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված Փարիզ-Մինսկ-Երեւան չվերթից, որն իրականացնելու է բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը։
Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Նիդերլանդներում մեր դեսպանատունը՝ նշելով, որ մեր քաղաքացիները ցանկության դեպքում կարող են Հայաստան վերադառնալ մարտի 29-ին Ամստերդամ-Մինսկ-Երեւան չվերթով: Դեսպանությունը հայտնել է, որ կապի մեջ է «Բելավիայի» ներկայացուցչության հետ եւ պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում դրանց առկայության պարագայում։
Ստացվում է, որ ներկա իրավիճակում, երբ ռուսական փոխադրողները Հայաստան չեն ժամանելու, մեր ավիաընկերություններն էլ դադարեցրել են թռիչքները, ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու «միջանցք» է դառնում Մինսկը:
Նկատենք, որ Բելառուսը չի մտնում այն երկրների ցանկի մեջ, որոնք համարվում են էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներ: Սա կարեւոր է, քանզի ներկայում արգելվում է այն օտարերկրացիների մուտքը ՀՀ, ովքեր ժամանում են այդ երկրներից կամ ժամանելուց առնվազն 14 օր առաջ եղել են այդ երկրներում: Այլ կերպ ասած՝ եթե Բելառուսը համարվեր նման երկիր, ապա այնտեղից ժամանող օտարերկրացիների մուտքը Հայաստան կարգելվեր, ինչը «Բելավիային» կստիպեր ոչ թե կրճատել (ինչպես ներկայում է), այլ ընդհանրապես դադարեցնել դեպի Երեւան թռիչքները:
Մեկնաբանել