HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 1000-ը

Մարտի 26-ի տվյալներով` Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 196 նոր դեպք։ Այդ մասին գրում է «BBC»-ն՝ հղում կատարելով Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին։ Այդպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1036-ի։

Կորոնավիրուսի վարակման նոր դեպքերը գրանցվել են երկրի 16 շրջաններում, ընդ որում` նոր դեպքերի ընդհանուր թվից 157-ը գրանցվել է միայն Մոսկվայում։ Բացի այդ, նախօրեին Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 1 պացիենտ։ «Интерфакс»-ի փոխանցմամբ, մահացածը տարեց կին է։ Ստացվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան պաշտոնական դեպքերի թիվը հասել է երեքի։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մահացել էր կորոնավիրուսով հիվանդ ևս մեկ պացիենտ, սակայն նա չէր ներառվել պաշտոնական վիճակագրության մեջ, քանի որ մահվան պատճառ էր նշվել թրոմբի պոկումը։ Մահվան բոլոր դեպքերը գրանցվել էին Մոսկվայում։

Ներկայում Մոսկվա քաղաքում, որին բաժին է հասնում երկրում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը (703 մարդ), բժիշկները բուժել և հիվանդանոցից դուրս են գրել 18 պացիենտի։ Նախորդ օրվա ընթացքում մայրաքաղաքում կորոնավիրուսից ապաքինվել է 3 մարդ։ Այդ մասին մարտի 27-ի առավոտյան հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։ Երկուսը դուրս են գրվել թիվ 2 կլինիկական հիվանդանոցից, իսկ մեկը՝ Կոմունարկայի բժշկական համալիրից։ Ուրբաթ օրվանից սկսած կորոնավիրուսով պացիենտներին կընդունի նաև Մոսկվայի արևելքում գտնվող Ֆիլատովի անվան թիվ 15 հիվանդանոցը։ Ռակովայի խոսքերով՝ այդ նպատակով հիվանդանոցում առանձնացվել է 1300 մահճակալ։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով, որի ժամանակ հայտարարել է, որ հաջորդող շաբաթը կլինի ոչ աշխատանքային՝ Ռուսաստանում տարածվող կորոնավիրուսի պատճառով։ Ավելի ուշ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով մարտի 28-ից ապրիլի 5-ը կփակվեն քաղաքի բոլոր ռեստորանները, սրճարանները, այգիները և բոլոր խանութները` բացառությամբ մթերային խանութների և դեղատների։ Բացի այդ, այդ ժամանակահատվածում փակ կլինեն նաև գեղեցկության բոլոր սրահները, սպա կենտրոնները և բաղնիքները։

Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 542 529-ի, ապաքինվածների թիվը՝ 126 257-ի, իսկ մահացածների թիվը՝ 24 369-ի։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter