HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արարատի մարզի 3 բժշկական կենտրոններից 2-ն ունեն առանձնացված սենյակներ կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար

Կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպքեր գրանցվել են նաև Արարատի մարզում։ Ըստ այսօրվա պաշտոնական տեղեկատվության` Արարատի մարզի 56 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով:

«Հետք»-ը կապ է հաստատել Արարատի մարզի բժշկական կենտրոնների հետ` պարզելու, թե ի՞նչ պայմաններ ունեն բժշկական կենտրոնները, արդյո՞ք ունեն բավարար չափով պաշտպանիչ հանդերձանք ու միջոցներ բժիշկների ու հիվանասենյակների հիվանդների համար։

Վեդու բժշկական կենտրոն

Վեդու բժշկական կենտրոնն ունի ինֆեկցիոն բաժանմունք: ԲԿ-ի տնօրեն Արամայիս Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ինֆեկցիոն բաժանմունք կտեղափոխվեն մեկուսացման ենթակա հիվանդները Առողջապահության նախարարության կողմից համապատասխան հրահանգ ստանալու դեպքում։

«Շտապօգնության կանչ ստանալու դեպքում, եթե քաղաքացու մոտ կա  ջերմություն կամ կորոնավիրուսի որևէ այլ ախտանիշ, բուժանձնակազմը կանչի գնում է հատուկ հանդերձանքով: Արարատի մարզի այն բնակիչները, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, Վեդու  բժշկական կենտրոն չեն տեղափոխվել, նրանք տեղափոխվել են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասաց տնօրենը։

Արամայիս Գրիգորյանը նշեց նաև, որ մոտ 1 ամսվա համար հիվանդանոցն ունի բժիշկների համար նախատեսված  հանդերձանք, դիմակ, ռետինե ձեռնոցներ, դեղորայք ու ախտահանիչ միջոցներ։

«Ինֆեկցիոն բաժանմունքում առանձնացված է նաև 1 սենյակ, որտեղ կա 8 մահճակալ, այնտեղ կարող ենք մեկուսացնել կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին, դեռևս չենք օգտագործել սենյակը, քանի որ չենք ստացել հրահանգ Առողջապահության նախարարությունից»,- ասաց Արամայիս Գրիգորյանը։

Արտաշատի բժշկական կենտրոն

Արարատի մարզկենտրոնի՝ Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը վստահեցնում է, որ հիվանդանոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները հիվանդներին մեկուսացնելու համար։

«Ինֆեկցիոն բաժանմունքի սենյակներից մի քանիսը հատկացրել ենք, որպեսզի այնտեղ մեկուսացվեն կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները, սակայն դեռ սենյակներն օգտագործելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր մարզի հիվանդանոցներում չեն հոսպիտալացնում կորոնավիրուսով հիվանդներին»,- ասաց փոխտնօրենը։

Նա նաև նշեց, որ բժիշկների համար ձեռք են բերել պաշտպանիչ արտահագուստ։

Արարատի բժշկական կենտրոն

Արարատ քաղաքի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ստեփան Սմբատյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը չունի ինֆեկցիոն բաժանմունք։

«Այն քաղաքացիները, որոնք դիմել են բժշկական կենտրոն և ունեցել կորոնավիրուսային ախտանշաններ, մեկուսացվել են ընդունարանում մինչև անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելը։ Հոսպիտալացումը և հետագա բուժումը ստանում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում, նաև շտապօգնության 4 կանչ ենք ունեցել կորոնավիրուսի կասկածանքով, շտապօգնության մեքենայով միանգամից տեղափոխվել են «Նորքի» ինֆեկցիոն, անցկացվել է թեստավորում, թեստի պատասխանը բոլորի մոտ եղել է բացասական»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրենը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter