HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարկադիր դադար». ինչպես են աշխատում հյուրանոցները

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո հյուրանոցների մի մասը դադարել է աշխատել. «Հետքը» փորձել է կապ հաստատել 15 հյուրանոցի հետ։ Նրանցից 5-ը փակ է, 4-ը գործում է մասամբ, իսկ մնացածները չեն պատասխանել մեր հարցերին։ Չեն գործում նշված հյուրանոցների բարերն ու ռեստորանները։ Հյուրանոցների ղեկավարներից մի քանիսը պատմել են, թե ինչպես են վճարելու աշխատակիցներին եւ ինչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից։

«The Grand Hotel Yerevan»-ի ընդունարանի աշխատակիցը հեռախոսազրույցում հայտնեց, որ հյուրանոցը մարտի 23-ից ապրիլի 30-ը չի գործելու։ Ընկերության ֆեյսբուքյան էջի հայտարարությունում նշված է, որ նպատակը մեկն է՝ պահպանել հաճախորդների, աշխատողների եւ նրանց ընտանիքների առողջությունը։

«Իբիս»

Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Իբիս» հյուրանոցը շարունակում է իր աշխատանքը: 

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատակիցների մի մասը չի աշխատում, բայց դա չի անդրադառնա նրանց աշխատավարձերի վրա, չաշխատած օրերի համար էլ նրանք կվարձատրվեն »,- տեղեկացրեց հյուրանոցի աշխատակիցը:

Նա հավաստիացրեց, որ տարածքը պարբերաբար ախտահանվում է, պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:

«Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս»

Գյումրի քաղաքի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցի տնօրեն Արմեն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ հյուրանոցը մարտի 24-ից դադարեցրել է աշխատանքը։

«Փակվել ենք երեկվանից, բայց արդեն մի ամիս է՝ այցելու չունենք, հուսով ենք, որ պետությունը գոնե կհասկանա, որ դժվար կացության մեջ ենք, կօգնի, հարկերը կնվազեցնի, որ աշխատողների աշխատավարձերը կարողնանք վճարել»,- ասում է տնօրենը:

Նա նշում է նաև, որ ըստ պարետի ցուցումների՝ չեն աշխատի առաջիկա մի շաբաթվա ընթացում, հետագա որոշումները կախված կլինեն երկրում տիրող իրավիճակից:

«Դայմոնդ Հաուս հոթել» 

Արամի 6 հասցեում գտնվող «Դայմոնդ» հյուրանոցը ևս մարտի 16-ից չի գործում: Հյուրանոցի տնօրեն Իգոր Անիսիմովը մեզ հետ զրույցում նշեց, որ պետությունից միակ ակնկալիքը, որ ունեն, վարկերի տոկոսների նվազեցումն ու սուբսիդավորումն է:

«Հյուրանոցը չի աշխատում մարտի 16-ից, չի աշխատի նաև ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, չեղարկել ենք բոլոր ամրագրումները, աշխատողներին իրենց հաշվին արձակուրդ ենք ուղարկել, մարտ ամսվա աշխատավարձը կվճարվի»,- ասաց տնօրենը:

Եթե հյուրանոցը երկար ժամանակ չաշխատի, տնօրինությունը  չի կարող վճարել բանկերի վարկերն ու աշխատողների աշխատավարձերը, պետության օժանդակությունն, ըստ տնօրենի, անհրաժեշտ է:

«Նաիրի Սպա Ռեզորթս»

Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Նաիրի Սպա Ռեզորթս»-ը չի գործում մարտի 10-ից:

Հյուրանոցի գլխավոր մենեջեր Լիլիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ  հյուրանոցում կարանտինային ռեժիմ է սահմանված:

«Անվտանգության նկատառումներից ելնելով ենք փակել, օրվա ընթացքում մեզ կարող է 60 այցելու զանգել գալու, հանգստանալու համար, բայց մենք, աշխատակիցների, հյուրերի անվտանգությունից ելնելով, չենք աշխատում»,- նշեց գլխավոր մենեջերը:

Կառավարության մարտի 26-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հյուրանոցներին, նշեց, որ փորձելու են բանակցել հյուրանոցների հետ, որպեսզի մեկուսացված անձանց տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը եւ մյուս կարիքները. «Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ, նաեւ տնտեսության առումով, հյուրանոցները ըստ էության դատարկ են։ Իհարկե, կվախենան իրենց բրենդի հետագա գործունեության համար»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հյուրանոցների տերերը պարտավոր են հյուրանոցները ժամանակ առ ժամանակ ախտահանել։

«Նաիրի հանգստյան տուն»

«Նաիրի հանգստյան տունը» ֆեյսբուք իր էջում մարտի 26-ին հայտարարություն հրապարակեց, որ պատրաստ են հյուրանոցը տրամադրել մեկուսացված անձանց։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի հանգստյան տունը»` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ անհատույց տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Մենք զրուցեցինք հանգստյան տան տնօրեն Միհրան Աղաբեկյանի հետ, որը մեզ ներկայացրեց, որ հյուրանոցը մեկուսացման համար տրամադրելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ըստ նրա՝ արդեն երեք օր է՝ այստեղ մեկուսացվել են քաղաքացիներ. «Բուժանձնակազմի հետ 120 հոգի կլինեն այստեղ, աշխատողների մի մասը, ովքեր ցանկացել են աշխատել, Առողջապահության նախարարության հետ են պայմանավորվել, նախարարությունը նրանց կվճարի, մի մասը պարապուրդի մեջ է։ Հասկանում եք, պիտի տեղից մարդ լինի, ով տեղյակ է»,- ասում է Միհրան Աղաբեկյանը՝ հավելելով, որ հյուրանոցը մարդկանց մեկուսացման համար տրամադրվել է անվճար։

Մեր զրույցից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերով հաստատեց, որ մեկուսացվածների մի մասը գտնվում է «Նաիրի հանգստյան տանը»։

«Օպերա Սուիթ հոթել» 

Այս հյուրանոցում հիմնականում այն աշխատակիցները, որոնք համակարգիչ մուտք գործելու հնարավորություն ունեն, աշխատում են տնից, հյուրանոցում ամեն բաժնից մի հոգի է աշխատում։ Այս մասին ասում է մարքեթինգի բաժնի պատասխանատու Լեւոն Գեւորգյանը, հավելելով, որ հյուրանոցում հինգ հյուր ունեն, ովքեր չեն կարողանում երկրից հեռանալ։ Հյուրանոցի ռեստորանը, բարը չեն աշխատում, հյուրերին տրամադրում են նախապես պատրաստված սենդվիչներ։ Մեր այն հարցին՝ արդյոք բոլոր աշխատողները աշխատավարձ կստանան, թե ոչ, Լեւոնը նշեց, որ դեռեւս պարզ չէ։ «Ես էլ եմ աշխատող, ուղղակի շարժվելու ենք Սահմանադրության համաձայն»,- խոսքը եզրափակում է մարքեթինգի բաժնի պատասխանատուն։

«Դաբլթրի Բայ Հիլթն»

Հյուրանոցը աշխատանքը չի դադարեցրել, գործում է սահմանափակումների շրջանակում, որը հրապարակել է պարետը։ Հյուրանոցում կա հինգ հոգի, որոնք բիզնես նպատակով են Հայաստան եկել։ Հյուրանոցում գտնվող բարը, ռեստորանը եւ սպա կենտրոնը չեն աշխատում։ Խոհանոցը աշխատում է մնացող հինգ հյուրի համար։ «Հյուրանոցում բացի ընդհանուր ախտահանումից դրված են ձեռքի ախտահանիչ միջոցներ։ Այն աշխատակիցները, որոնք չեն աշխատում, նրանք վճարվելու են։ Պետությունից ակնկալում ենք, որ վարակի դեմը առնելու են, եւ առաջացած խնդիրները լուծելու են»,- «Հետքի» հետ զրույցում նշեց հյուրանոցի ֆինանսական տնօրեն Գրիգոր Ալեքսանյանը։

«Ալեքսանդր Հոթել»

Երեւանի Աբովյան ¾ հասցեում գտնվող «Ալեքսանդր» լյուքս դասի հյուրանոցը, որն ընդգրկվել է «The Luxury Collection» բրենդի ցանկում, իր դռները այցելուների համար չի փակել։ Հյուրանոցում կա 114 համար։ Հյուրանոցից «Հետքին» տեղեկացրել են, որ այն այժմ բաց է և գործում է հյուրերի համար՝ հետևելով կանոնադրությանը և օրենքներին։ Հյուրանոցի ռեստորանների և բարերի գործառույթը դադարեցված է։ Հյուրանոցի մարքեթինգի եւ PR բաժնի պատասխանատու Իլոնա Հովհաննիսյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ չեն կարող այլ տեղեկատվություն տրամադրել բնակվող հյուրերի եւ աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ։

«Անի Պլազա» հյուրանոց

Երեւանի ամենամեծ հյուրանոցներից մեկը՝ «Անի պլազան», չի աշխատում։ «Հետքի» զանգին պատասխանեց անվտանգության աշխատակիցը՝ նշելով, որ հյուրանոցն արդեն մեկ շաբաթ է՝ ընդհանրապես չի աշխատում։

Լուսանկարները՝ հյուրանոցների ֆեյսբուք էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter