HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անհրաժեշտ է պատրաստ լինել չվերթների փոփոխություններին

Ներկա պահին Հայաստանի օդային կապը միայն Ռուսաստանի եւ Բելառուսի հետ է: Ինչպես գրել ենք, ռուսական փոխադրողները մարտի 27-ից իրականացնում են թռիչքներ, որոնց նպատակը ՌԴ քաղաքացիներին Ռուսաստան տեղափոխելն է: Այդ չվերթներով կարող են Հայաստան վերադառնալ նաեւ ՀՀ քաղաքացիները: 

Երեկ 4 ավիաընկերություն՝ «Աէրոֆլոտը», «Ural Airlines»-ը, «S7»-ը («Սիբիր») եւ «Nordwind Airlines»-ը, Մոսկվայից ու Սոչիից ընդհանուր 5 չվերթ են իրականացրել դեպի Երեւան («Աէրոֆլոտը»՝ 2 անգամ):

Նախատեսված էր, որ ռուսական խոշորագույն օպերատորը այսօր Մոսկվայից եւս 3 թռիչք կիրականացնի դեպի Հայաստան, սակայն դրանցից 2-ը չեղարկվել են, իսկ մեկն արդեն կատարվել է, եւ այժմ «Աէրոֆլոտի» ինքնաթիռը վերադառնում է Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաքից ժամանել է նաեւ «S7»-ի օդանավը, որը քիչ առաջ թռավ հետադարձ ուղղությամբ: Այս պահին Մոսկվա-Երեւան ճանապարհին է «Pegas Fly»-ի («Իկար») ինքնաթիռը: 

ՀՀ ԱԳՆ-ն երեկ արդեն հայտնել է, որ ռուսական ավիափոխադրողները այլ երկրներից Ռուսաստան են տեղափոխում միայն սեփական քաղաքացիներին, ինչի հետեւանքով ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի տարածքով (վերջինս իբրեւ տարանցիկ գոտի օգտագործելու միջոցով) Հայաստան վերադառնալու խնդիրների են բախվել: «Հորդորում ենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն»,- նշել է նախարարությունը։   

Մյուս կողմից՝ նկատենք, որ Ռուսաստանը, ըստ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշման, համարվում է կորոնավիրուսի համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ այդտեղից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների նկատմամբ, համաձայն կառավարության 16.03.2020 թ. որոշման, կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում մեկուսացման ռեժիմներ:

Ներկայում այդպիսի երկիր չի դիտարկվում Բելառուսը, որի տարածքը մեր քաղաքացիները կարող են օգտագործել, մասնավորապես, Եվրոպայից Հայաստան հասնելու համար (այսինքն՝ անել այն, ինչ հնարավոր չէ Ռուսաստանի տարածքով): Անդրադարձել ենք Ամստերդամից ու Փարիզից Մինսկի միջոցով Երեւան հասնելու հնարավորությանը: 

Անդրադառնալով չվերթների փոփոխություններին՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել՝ մասնավորապես, նշելով. «Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ եւ չվերթների փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք հետեւողական լինել, հետեւել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին եւ կապ հաստատել ավիաընկերությունների հետ»։

Ինչ վերաբերում է մարտի 30-ի չվացուցակին, ապա այս պահի դրությամբ նախատեսված է 3 չվերթ՝ Մինսկ-Երեւան-Մինսկ («Բելավիա»), Մոսկվա-Երեւան-Մոսկվա («Աէրոֆլոտ»), Մոսկվա-Երեւան-Մոսկվա («S7»):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter