
Փախստականներ-պետություն վեճ. խնդիրը բանա՞կն է
«Հետքը» գրել էր փախստական Արտակ Մարդյանի մասին, որը, 1988-ին ընտանիքի հետ Բաքվից տեղափոխվելով Հայաստան եւ փախստականի կարգավիճակով բավականին երկար ապրելով այստեղ, 2012-ի հունվարին իմացել է, որ զրկվել է կարգավիճակից: Արտակի նման ավելի քան 140 անձ է նման վիճակում հայտնվել: Նրանցից առնվազն 23-ը բողոքարկել են միգրացիոն պետական ծառայության որոշումներն իրենց վերաբերյալ:
Կարգավիճակից զրկելու հիմքերը տարբեր են եղել, սակայն փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ասում են, որ շեշտը դրվել է 1983-1984 թթ. հետո ծնված արական սեռի ներկայացուցիչների վրա, իսկ ավելի պարզ՝ բանակի խնդիր է դրված, քանի որ մինչեւ 27 տարեկանները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այլ տեսակետ ունի. «Ծառայությունը գործում է միմիայն օրենքի շրջանակներում եւ շատ ակտիվ դիմադրություն կա նրա ընդունած որոշումների դեմ: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ փախստական լինելու հիմքով զորակոչից ազատվում են: Վերջին 1-1,5 տարվա ընթացքում փորձում են ամեն կերպ մեր ծառայության աշխատանքները կասկածների տակ դնել»:
«Այսինքն՝ եւ ձեր եւ նրանց կողմից բանակի խնդի՞րն է դրված» հարցին Եգանյանը պատասխանում է. «Մեր կողմից միայն օրենսդրության պահանջները կատարելն է, միմիայն այն, ինչ որ օրենքով նախատեսված է: Արդյունքում կարող է այդպիսի հարց էլ առաջ գա, բայց ես դրա հետ առնչություն չունեմ»: Այն, որ թիրախում հայտնվել են հատկապես մինչեւ 27 տարեկան արական սեռի փախստականները, վերջիններիս ներկայացուցիչները որպես փաստարկ ներկայացնում են նաեւ, որ իգական սեռի ներկայացուցիչների գործերը չնչին տոկոս են կազմում՝ 2-3 գործ միայն: Սակայն Եգանյանը նախ նշում է, որ կանանց գործերն այսքան քիչ չեն, ապա հավելում, որ հենց միայն դրանց առկայությամբ ապացուցվում է, որ իրենք սեռերի միջեւ խտրականություն չեն դրել: Ըստ նրա՝ տարիքային տարբերություն նույնպես չի դրվում. ով չունի փախստական ճանաչվելու հիմքեր, զրկվում է կարգավիճակից:
Այդուհանդերձ, Արտակ Մարդյանի օրինակով կան այլ դեպքեր եւս, որտեղ գործակալությունը մի շարք բացթողումներ է թույլ տվել: Խոսքը օրենսդրական հիմքերի մասին է, որոնց խախտման արդյունքում այսօր մարդիկ հայտնվել են օդից կախված վիճակում: Մասնավորապես Արտակի վերաբերյալ վերջնական որոշումներ չկա, քանի որ գործը գտնվում է դատարանում, սակայն հենց այս ընթացքում այդ նա չունի փախստականի կոնվենցիոն ճամփորդական վավեր փաստաթուղթ (դրան ժամկետը չի երկարացվել), որը, ըստ օրենքի, «փախստականի անձը եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթն է: Այն նաեւ հիմք է փախստականի կողմից սույն օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար»: Այլ կերպ ասած՝ անձը զրկված է իր իրավունքներից, այդ թվում՝ ազատ տեղաշարժից եւ աշխատանքից: Միգրացիոն ծառայության պետը, սակայն, ասում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ «նման դեպքերի առնչությամբ լուծում արդեն կա»: Այսինքն՝ ստացվում է, որ մինչեւ դատական գործընթացի ավարտը փախստականի ճամփորդական փաստաթղթի ժամկետը երկարաձգվում է: Այնինչ, Արտակը պնդում է, որ նման բան իրականում չկա:
Գագիկ Եգանյանն ասում է, որ «ճամփորդական փաստաթղթերը տրամադրելու լիազորությունները վերապահված են ոստիկանությանը: Միգրացիոն պետական ծառայությունն այդպիսի լիազորություններ չունի»: Այո, փաստաթուղթը երկու տարով տրամադրում է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը, սակայն վերջինս ամեն անգամ հարցում է անում հենց միգրացիոն պետական ծառայությանը, որն էլ տեղեկանք է տրամադրում՝ տվյալ անձը համարվում է փախստակա՞ն, թե՞ ոչ: Եվ հենց այս տեղեկանքի հիման վրա են ավելի քան 140 անձինք հայտնվել նման իրավիճակում:
«Իրենք հնարավորություն ունեն այդ որոշումները դատական կարգով բողոքարկել, ինչը սիրով անում են: Մենք գործում ենք օրենսդրության եւ մեր իրավասության շրջանակներում»,- հավաստիացնում է Եգանյանը: Ընդ որում՝ երկու հոգի արդեն շահել է դատը բոլոր ատյաններում եւ վերականգնել իրենց կարգավիճակը:
Անշուշտ, հիմնազուրկ չէ Եգանյանի այն խոսքը, թե «մարդիկ փախստական լինելու հիմքով զորակոչից ազատվում են»: Սակայն խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկել եւ դիտարկվում է իրավական տեսանկյունից. եթե անձը, օրենսդրության համաձայն, փախստական է, չի կարելի նրան օրենքի խախտումով զրկել կարգավիճակից ու համալրել տալ բանակի շարքերը: Փախստականի կարգավիճակով հայ երիտասարդն ինքը պիտի գիտակցի հայրենիքի սահմանները իրեն փախստական դարձրած երկրի նկրտումներից պաշտպանելու կարեւորությունը: Եթե անձն ինչ-ինչ դրդապատճառներով կամավոր չի հրաժարվում օրենքով իրեն հասնող այդ կարգավիճակից (որը կրելն էլ զուտ մարդկային տեսանկյունից առավելություն չէ), դա նրա խնդիրն է…
Լուս.՝ Արմեն Երամիշյանի
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել