
Որ հյուրանոցներն են ավելի շատ հարկ վճարում Հայաստանում
Հայաստանում գործող հյուրանոցներից միայն մեկ տասնյակն է ներառված խոշոր հարկատուների ցանկում։ 2019 թվականին նրանց մեծ մասն ավելացրել է հարկերը։
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության այս օրերին հյուրանոցներն, ինչպես բազմաթիվ ոլորտների տնտեսվարողներ, «հարկադիր դադար» են վերցրել։ Հյուրանոցային բիզնեսն այս օրերին ամենաշատ տուժողներից է։ Բիզնեսի դադարը ենթադրում է նաև վճարվող հարկերի նվազում, այսինքն ՝ կորուստներ պետական բյուջեի համար։ Թե ինչ չափի կորուստներ կլինեն, առայժմ հնարավոր չէ գնահատել։ Միայն կարելի է հասկանալ, թե ինչ դիրք ունեն հյուրանոցները խոշոր հարկատուների ցանկում։
Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը տարեցտարի ավելանում է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2019 թվականի սկզբի դրությամբ հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմել է 652: Այստեղ ներառված են ինչպես հյուրանոցները, այնպես էլ՝ առողջարանները, հոսթելները, մոթելները, հանգստյան տները և այլն։ Սակայն, նրանցից քչերն ունեն որակավորման կարգեր։
Միայն 10 հյուրանոց ունի որակավորման կարգ
Ըստ Էկոնոմիկայի նախարարության կայքում հրապարակված ցանկի՝ Հայաստանում այսօր որակավորման կարգ ունի 10 հյուրանոցային տնտեսության օբյեկտ։ Նրանցից մեկը՝ հինգաստղանի «դելյուքս» կարգ ունի՝ «Մուլտի գրանդ հոթելը», մեկը պարզապես հինգաստղանի հյուրանոց է՝ «Ռեդիսոն բլու հոթել Երևանը», վեցը՝ չորսաստղանի են և ևս մեկ զբոսաշրջային տուն ու պանսիոն ունեն երրորդ կարգի որակավորում։ Հատկանշական է, որ նախկինում որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելի մեծ է եղել։ Օրինակ՝ 2016 թվականի դրությամբ այդ թիվը 20 է եղել։
Հայաստանում հյուրանոցները որակավորման կարգ են ստանում կամավոր սկզբունքով՝ դիմելով Էկոնոմիկայի նախարարությանը և ստանալով համապատասխան կարգը։ Հյուրանոցային օբյեկտների որակավորման գործընթացը պարտադիր չէ։ Դա է պատճառը, որ բացի վերշը նշված հյուրանոցներից, մի շարք հյուրանոցներ չունեն «աստղեր»՝ նույնիսկ այն դեպքում, երբ մատուցում են բարձրակարգ ծառայություններ։
Հյուրանոցներից քչերն են խոշոր հարկատու
Հյուրանոցներից քչերն են դասվում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում։ Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից, 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած հյուրանոցների թիվը 9 է։
Նրանց շարքում առավել բարձր հորիզոնականներում է «Մուլտի գրանդ հոթելը» շահագործող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։ Այն շահագործում է ոչ միայն «Մուլտի գրանդ հոթելը»-ը, այլև՝ այն ներկայացնում է «Փարավոն» հանգստի ու ժամանցի համալիրը, ինչպես նաև՝ այս ընկերությանն է պատկանում «Շանգրի լա Երևան» խաղատան շահագործման լիցենզիան։ Այսինքն՝ ընկերության հարկերի ծավալը պայմանավորված չէ միայն հյուրանոցի շահագործմամբ, այլ նաև՝ մյուս բիզնեսներով։
«Օնիրա քլաբը» 2019 թվականին պետական բյուջե է վճարել 5 մլրդ 206 մլն դրամի հարկեր, որը նախորդ տարվա համեմատ աճել է 381 մլն դրամով կամ 7.9 %-ով։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 43-րդ տեղում է։
Հյուրանոցների շարքում մյուս խոշոր հարկատուն «Մարիոթ» բրենդը ներկայացնող «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն է։ 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում 166-րդ տեղում է։ Հարկերի ծավալը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 181 մլն դրամով կամ 18.7 %-ով։
Հաջորդում է «Անի պլազա հոթել» ՓԲԸ-ն՝ 591 մլն դրամի հարկերով։ Ընկերությունը 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում 307-րդ տեղում է։ 2018 թվականի համեմատ հյուրանոցի հարկերի ծավալն աճել է մոտ 56 մլն դրամով կամ 10.4 %-ով։
Խոշոր հարկատուների ցանկի 330-րդ տեղում «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն է, որը շահագործում է «Գրանդ հոթել Երևանը»։ Ընկերությունը հարկերի էական անկում է գրանցել։ Վճարած հարկերի ծավալը կազմել է մոտ 559 մլն դրամ՝ 2018 թվականի համեմատ նվազելով 661 մլն դրամով կամ 54.4 %-ով։
«Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ն ևս խոշոր հարկատու է։ Այն շահագործում է հյուրանոցներ Երևանում, Դիլիջանում, Ծափաթաղում և այլն։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում է՝ 319 մլն դրամով՝ աճելով 63 մլն դրամով կամ 24.6 %-ով։
Հյուրանոցային ոլորտի հաջորդ խոշոր հարկատուն «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ն է՝ համանուն հյուրանոցով։ Խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 579–րդ տեղը՝ 297 մլն դրամի հարկերով։ 2018 թվականի համեմատ ընկերության հարկերն աճել են մոտ 74 մլն դրամով կամ 33 %-ով։
«Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցը շահագործող «Ինտեռարմ-Մ» ՍՊԸ-ն ևս խոշոր հարկատուների ցանկում է։ 2019 թվականին պետական բյուջե է վճարել 280 մլն դրամի հարկեր՝ մոտ 130 մլն դրամով կամ 86.2 %-ով ավելին, քանի 2018 թվականին։
Հաջորդը «Փարիզ հոթել» ՍՊԸ-ն է, որի վճարած հարկերի ծավալը կազմել է մոտ 255 մլն դրամ՝ աճելով 90 մլն դրամով կամ 54.7 %-ով։
Եվ հյուրանոցային ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ն է, որը շահագործում է «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ը, ինչպես նաև՝ «Գոլդեն փելիս Երևանը»։ 2019-ի խոշոր հարկատուների ցանկում 762-րդ տեղում է։ Վճարել է 225 մլն դրամի հարկեր, աճը՝ 43 մլն դրամ կամ 23.5 %:
Ինչ վերաբերում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, 2018 թվականին հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր հասույթը կազմել է մոտ 34 մլրդ 500 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6 մլրդ դրամով կամ 21.3 %-ով։ 2019-ի տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել։
Մեկնաբանել