
Բաբկեն Թունյան. «Այսօր առանց գիտակցելու տոտալ վերահսկողության վարքագծի տակ ենք մեր վարքագծի պատճառով»
Խորհրդարանում արտահերթ նիստով շարունակվում է քննարկվել Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխությունների առաջարկը: Գործադիրը ցանկանում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների տեղորոշումը, զանգերի քանակն ու տևողությունը վերահսկել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում ընդգծեց` հարցը զգայուն է, ուստի դժվար է միանշանակ դիրքորոշում արտահայտել:
«Ինչու լոկացիայից բացի նաև զանգերի ժամանակն ենք ֆիքսում, արդարադատության նախարարը «բիգ դատայի» (հսկայածավալ տվյալներ, հեղ.) մասին խոսեց, ասաց, որ ինֆորամացիան հավաքվում է բոլոր հնարավոր տեղերից. անգամ մանրուք թվացող տվյալներն են հավաքագրվում, հետո որոշակի ալգորիթմների միջոցով մարդու հնարավոր վարքագծի մասին տեղեկություններ են գեներացվում: Այդ առումով կարող է անգամ աննշան թվացող հաղորդագրության փաստը թույլ տա ենթադրությունները հիմնավորել»,- ասաց պատգամավորը:
Թունյանի խոսքով` նույնն է նաև սոցիալական ցանցերի պարագայում, երբ անգիտակցաբար կարող ենք մեր մասին հնարավորինս շատ ինֆորմացիա տրամադրել:
«Ֆեյսբուքում մի քանի անգամ լայք դնելը, նկար տեղադրելը, չեքին լինելը որոշակի խմբերի կարող է ձեր մասին այնքան ինֆորմացիա տալ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Էսօր առանց գիտակցելու տոտալ վերահսկողության վարքագծի տակ ենք մեր վարքագծի պատճառով, բայց էստեղ մի հարց է առաջանում` արդյոք Կառավարությունն ունի տեխնիկական հնարավորություններ ու գործիքակազմ, որ կարողանա այդ ինֆորմացիան մշակել»,- ասաց նա:
Թունյանը նման իրավիճակում քաղաքացիների որոշակի իրավունքների սահմանափակման ճանապարհով գնալն արդարացված է համարում, սակայն շեշտում է` այն պետք է բալանսավորված լինի: Եթե հավաքագրված տեղեկությունը չի կարող որևէ կերպ նպաստել համաճարակի տարածման դեմ պայքարում, ապա այդ պարագայում, ըստ նրա, պետք է զգույշ մոտենալ ազատությունների սահմանափակմանը:
Մեկնաբանել