HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Արա Ղազարյան. «Սա անձնական կյանքի իրավունքին համաչափ եւ անհրաժեշտաբար կատարվող միջամտություն է»

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության առաջարկով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականին ընդունված օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ են նախատեսվում։ Փոփոխության անհրաժեշտությունը Կառավարությունը հիմնավորում է տեխնոլոգիական միջոցներով կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությամբ, որը ենթադրում է անձի տեղաշարժի նկատմամբ հսկողություն՝ կապի օպերատորների տրամադրած տեղեկությունների հիման վրա։ «Հետքը» զրուցել է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ՝ պարզելու, թե որքանով է անհրաժեշտ եւ համաչափ ժողովրդավարական հասարակությունում անձնական կյանքին այս օրինագծով պահանջվող միջամտությունը։

Պրն Ղազարյան, որքանո՞վ են առաջարկվող միջոցը եւ նպատակը՝ այս պարագայում կորոնավիրուսի համավարակը կանխելը, համապատասխանում միմյանց։

Այդ հարցին կարող են պատասխանել պետական համակարգում գտնվող մարդիկ, օրինակ՝ պարետատան համապատասխան մասնագետները, որոնք իրավիճակին տիրապետում են։ Ես կարող եմ ասել, որ իրավիճակը, ըստ երեւույթին, բավականին լուրջ է, որ այսպիսի արտակարգ, անձնական կյանքին միջամտության շրջանակներ են գծվում այս օրենքով։ Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ բավականին լավ, փոխհավասարակշռված օրինագիծ է, իմ տեսած երեւի ամենալավ, ամենաարդյունավետ, հանրային եւ մասնավոր շահերը փոխհավասարակշռող օրենքի նախագիծ է։ Այստեղ անընդհատ համաչափության սկզբունքը կարմիր թելի պես անցնում է, թեեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի մեկ այլ հոդված նույնպես այդ մասին նշում է։ Նվազագույնի սկզբունքը անընդհատ շեշտվում է, ընդգծվում է, որ բացառապես պետք է կիրառվի այն նպատակով, որի համար ստեղծվել է օրենքը։ Սրանք բոլորը համաչափության միջազգային սկզբունքներ են։ Կարծում եմ՝ բավականին հաջող, փոխհավասարակշռված նախագիծ է, միայն հարց է ծագում երրորդ կողմին տվյալները փոխանցելու դրույթի շուրջ. եթե ընդունենք, որ առաջին կողմը պետությունն է, երկրորդ կողմը՝ մասնավոր անձը, ում նկատմամբ կիրառվում է սահմանափակում կամ ԱԴ (արտակարգ դրություն) իրավական ռեժիմում՝ մեկուսացում, ապա երրորդ կողմը չի մասնավորեցվում, թե ովքեր են։

ԱԺ քննարկման ժամանակ արդեն իսկ հարցեր ու մտահոգություններ հնչեցին առ այն, որ օրենքի նախագծով չեն սահմանվում, թե կոնկրետ որ լիազոր մարմինն է տնօրինելու այդ տեղեկությունները։ Չի սահմանված, թե ով եւ ինչպես է վերահսկողություն իրականացնելու այդ լիազոր մարմնի նկատմամբ։

Դրանք շտկելի հարցեր են։ Ես ուղղակի անդրադառնում եմ կարեւոր տեսական հարցերին, որովհետեւ կիրառման մեխանիզմների մասին բավարար ինֆորմացիա չունենք։ Այդ ամբողջն, անշուշտ, պետք է մանրամասն կարգավորվի։ Որպես տեսական մոտեցում ես կասեմ՝ ցանկացած մարմին թող լինի, միայն թե ոչ Ազգային անվտանգության ծառայությունը։ Նման դեպքերում գաղտնիացված մարմինները չպետք է կարգավորողի դերում հանդես գան, որովհետեւ նրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը չի աշխատում։ ԱԱԾ-ն չպետք է մասնակից լինի այս ողջ գործընթացին՝ տվյալների մշակման։ Կարեւորը՝ այդ լիազոր մարմինը ամբողջությամբ հանրային վերահսկողության դաշտում լինի։ Մնացած ընթացակարգերը նույնպես կարեւոր են, հատկապես այն դրույթները, որոնք առնչվում են այդ տվյալները ոչնչացնելուն, երբ ԱԴ ռեժիմն ավարտվի։ Հստակ ընթացակարգեր են պետք։ Նաեւ անձը պետք է իրավունք ունենա այդ տվյալների վերաբերյալ հարցում անել եւ պատասխաններ ստանալ, բողոքարկել այդ որոշումները։ Սրանք հիմնարար իրավունքներ են, որոնք պետք է տրամադրվեն եւ տրամադրված են, որովհետեւ այս ամբողջը վարչարարության շրջանակներում է տեղավորվելու։

Ո՞րն է ողջամիտ ժամկետն այդ տվյալները պահպանելու, օրենքի նախագծով կարծես մեկ ամիս է սահմանվում։

Ես որոշ հակասություն եմ տեսնում օրինագծի 6-րդ եւ 9-րդ հոդվածների միջեւ։ 6-րդ հոդվածով նշվում է, որ տվյալները պետք է ապաանձնավորվեն, իսկ 9–րդում՝ որ պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունն ԱԴ ընթացքում, ինչպես նաեւ՝ ԱԴ ավարտից հետո։ Պետք է մտածել, որ սա վերաբերում է հենց այդ մեկ ամսվան, որովհետեւ, ի վերջո, դրանք պետք է ոչնչացվեն։ Եթե մենք անալոգիա անցկացնենք, ապա սա նույն ռեժիմն է, ինչ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ստացված տվյալները, որոնք օրենքի սահմանմամբ պետք է ոչնչացվեն, բայց ոչ մեկը վստահ չէ՝ այդ տվյալները կոչնչացվեն, թե ոչ։ Սա նման օրենքների ամենախոցելի կողմն է, որովհետեւ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները դիմել են տվյալների վերաբերյալ ինֆորմացիա ստանալու, որովհետեւ Սահմանադրությունն այդ իրավունքը տալիս է, բայց մինչեւ վերջ քաղաքացին չի կարող վստահ լինել՝ դրանք ոչնչացվում են, թե պահվում են եւ դոսյեներ են ստեղծվում։ Ամեն դեպքում, օրենքը սահմանում է ողջ տվյալները վերծանելու, մշակելու իրավունքը, այլ ոչ թե բովանդակությունը։ Սա ամենակարեւոր սկզբունքն է այս օրենքի, բովանդակությունն իրենց չի հետաքրքրում, հետաքրքրում է միայն վերծանումը։ Սա անձնական կյանքի իրավունքի շրջանակի համաչափ միջամտություն է եւ անհրաժեշտաբար կատարվող միջամտություն։

Մենք տեսնում ենք, որ եւ՜ մեր, եւ՜ այլ պետություններ այնպիսի միջամտություններ են նախագծում մարդու անձնական կյանքի իրավունքի, որ մենք երկու-երեք տարի առաջ չէինք էլ կարող մտածել այդ մասին։ Կյանքը ստիպում է փոփոխություններ կատարել, բայց սկզբունքները նույնն են՝ միջամտությունը պետք է լինի անհրաժեշտաբար, խստորեն այնքան, որքան անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։ Տվյալ նախագծով առաջարկվում է ընդամենը վերծանումները մշակել, այլ ոչ՝ բովանդակությունը։ Այսինքն՝ ոչ թե հեռախոսային խոսակցությունները, այլ մետրական տվյալները, դա անհրաժեշտ է մոդելավորումներ անելու, ռիսկային գոտիները մշակելու եւ այլ նպատակներով։ Այս ամբողջը, կարծում եմ, անհրաժեշտ է, բայց զարմանալի է, թե 21-րդ դարում մենք ինչ տեղաշարժեր ենք տեսնում մարդու իրավունքների պաշտպանվածության բնագավառում։ Գնալով անձնական տվյալների շրջանակները նեղանում են։ Նախկինում պատճառը տեխնոլոգիական զարգացումն էր, հիմա՝ համաշխարհային պանդեմիան։

Գուցե ավելորդ տարրեր կան այստեղ, բայց օրենքի տրամաբանությունը եթե նայենք, այն լիովին տեղավորվում է ժողովրդավարության սկզբունքներում։ Եվրոպական նորմերը ես այստեղ, միանշանակ, նկատում եմ, մնում է տեսնել, թե ինչպես է կիրառվում։ Հակակշռող, զսպող բավականաչափ երաշխիքներ կան եւ’ վարչարարության ընդհանուր փաթեթում, եւ’ այս օրինագծում, եւ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում։ Որոշ անորոշություններ կան, բայց ընդհանուր առմամբ բավականին հաջող նախագիծ է։

Օրենքի դրույթները քաղաքացիների կողմից խախտելու համար պատասխանատվությունն առայժմ վարչական տիրույթում է, դուք այն քրեականացնելու վտանգ տեսնու՞մ եք։

Այո, առայժմ խոսքը վարչական տույժերի մասին է, բայց կախված անձի վարքագծից եւ նրանից՝ արարքը քրեականացված է, թե ոչ, վարչական տիրույթի այն կարող է ցատկել եւ հայտնվել քրեական դաշտում։ Բայց եկեք չմոռանանք նաեւ, որ եւ՜ այս օրենքով, եւ՜ երբեմն վարչական տույժն իր խստությամբ հավասարազոր է քրեական պատժին։ Ինչպես, օրինակ, ԶԼՄ-ների նկատմամբ 500-800 հազար դրամի տույժը։ Մենք ունենք քրեական պատասխանատվություն սահմանող տուգանքների բազմաթիվ տեսակներ, որոնք դրամային չափով ավելի մեղմ են, քան վարչական տույժը։ Սա, իհարկե, լավ չէ, եւ դրա մասին նախկինում շատ ենք խոսել, վարչական տույժը խստության աստիճանով կարող է քրեական բնույթի պատիժ դառնալ։ Սա պետք է հաշվի առնել, բայց այո, անձի վարքագիծը, որը կրկնվում է կամ այլ հատկանիշներ է ձեռք բերում, կարող է վարչական տիրույթից հայտնվի քրեականում։ Բայց այդ արարքը պետք է հստակորեն սահմանված լինի Քրեական օրենսգրքում։

Կուզենայի անդրադառնալ նաեւ այն հարցին՝ արդյոք օպերատորները պարտավոր են անվերապահորեն տրամադրել տեղեկությունները։ Անալոգիա անցկացնենք «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 50-րդ հոդվածի հետ։ Երբ անձի նկատմամբ գաղտնի միջոց է կիրառվում՝ օպերատիվ աշխատանք, օպերատորը պարտավոր է անվերապահորեն տվյալներ տրամադրել, որեւէ կերպ սահմանված չէ, որ օպերատորը կարող է մերժել ԱԱԾ դիմումը։ Այստեղ գործ ունենք վարչաիրավական դաշտի հետ, որտեղ անձի նկատմամբ հսկողություն է իրականացվում նրա գիտությամբ եւ համաձայնությամբ։ Օրենքը դարձյալ նշում է, որ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պարտավոր են տեղեկություններ տրամադրել։ Հարց է ծագում՝ նրանք կարո՞ղ են այդ դիմումը մերժել, թե ոչ։ Այս օրենքում սա չի սահմանվում, բայց միգուցե պետք չէր սահմանել, որովհետեւ ընդհանուր վարչարարության շրջանակներում է, իսկ դա կարգավորվում է մայր օրենսգրքով՝ «Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» օրենքով, որտեղ ընդհանուր կարգով եթե պատճառաբանված չէ վարչական մարմնի որոշումը, ապա կարող է մերժվել։ Այստեղ տվյալները ԱԴ ժամանակ անվերապահորեն պետք է տրամադրվեն, այսինքն՝ հակակշիռ չկա։ Նույն հակակշիռը բացակայում է բերված օրինակում՝ օպերատիվ-հետախուզական գործունեության մասին։ Պետք է մտածել՝ սահմանե՞լ դա այս օրենքով, թե՞ թողնել ընդհանուր վարչարարության դաշտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter