HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը տարբերակ է փնտրում հեռախոսային խոսակցությունների վերահսկման մերժված նախագիծը կրկին ԱԺ ուղարկելու համար

Խստացված սահմանափակումները` «տանը մնալու ռեժիմը» կերկարաձգվի առնվազն 10 օրով:

Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նման որոշման պատճառը կորոնավիրուսի դրական ախտորոշված դեպքերի աճն է: Փաշինյանի խոսքով` այս պահին 499 անձի մոտ է ախտորոշված կորոնավիրուս, և արձանագրված վիճակագրությունը Կառավարությանն անհանգստացնում է: Վարչապետն ընդգծեց` վարակակիր 424 անձ նույնիսկ ջերմություն չունի, բայց մոտ 90 անձ թոքաբորբ ունի:

«Թոքաբորբով հիվանդ մեր քաղաքացիներից 30-ը ծանր վիճակում է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով` Կառավարությունը սահմանափակում է քաղաքացիների կենսական շատ իրավունքներ իրավիճակը կառավարելի պահելու և ի վերջո կորոնավիրուսը հաղթահարելու համար:

«Նաև սրա հետ է կապված այն օրենսդրական առաջարկը, որը խորհրդարանն այսօր ցավոք սրտի չընդունեց, հիմա փնտրվում է եղանակ այդ նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու համար»,- ասաց Փաշինյանը` անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների վերահսկողության փաթեթին:

Հիշեցնենք, որ նախագիծը չնայած առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն այսօր երկրորդ ընթերցմամբ բավական ձայներ չստացավ:

«Նախագծի իմաստը հետևյալն է` երբ քաղաքացու մոտ արձանագրվում է դրական դեպք, մենք փորձում ենք հասկանալ որտեղից է վարակվել, վարակված անձը ում հետ է շփվել ու մեկուսացնել` հետագա տարածումը կանխելու համար, բայց ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ վստահ չենք` քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Կառավարությունն ուսումնասիրել է միջազգային փորձը և եկել այն եզրակացության, որ հեռախոսային խոսակցությունների միջոցով բաժանորդների տեղորոշումը պարզելը կարող է նպաստել պոտենցիալ վարակակիրների բացահայտմանը:

Փաշինյանը վստահեցրեց` նման փոփոխություն չեն կատարում քաղաքական դրդապատճառներից ելնելով, ավելին` տհաճությամբ են անում, սակայն փորձում են միջոցներ գտնել իրավիճակը կառավարելի դարձնելու համար:

Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից պատճառված անհարմարությունների համար` ընդգծելով, որ որքան երկարում են սահմանափակումները, այնքան տնտեսական խնդիրներն են խորանում, ուստի Կառավարության շահերից չի բխում սահմանափակումները երկարացնելը, սակայն ամեն ինչ արվում է հանրային առողջության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter