HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Դավիթ Սանդուխչյան. «Կառավարությունը պետք է ազնիվ լինի քաղաքացիների եւ պատգամավորների հետ»

Ազգային ժողովը երկու օր է՝ քննարկում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ են նախատեսվում։ Այն մերժվեց ընդդիմության կողմից։ «Հետքը» օրենքի նախագծի շուրջ զրուցել է իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանի հետ։

Պրն Սանդուխչյան, Դուք այս օրինագծի անհրաժեշտությունը տեսնու՞մ եք, եւ արդյոք համաչա՞փ է մարդու մասնավոր կյանքին նման միջամտությունը։

Նախքան գնահատական տալը պետք է հասկանալ դրա նպատակը։ Համաձայն այն փաստաթղթի, որին ես ծանոթացել եմ, նկատի ունեմ օրենքի հիմնավորումը եւ դրա ներկայացումը Ազգային ժողովում արդարադատության նախարարի կողմից, չեմ հասկացել, թե ինչ են ուզում անել։ Ֆորմալ առումով ասում են, թե ցանկանում են կանխորոշել մարդկանց տեղաշարժը՝ հիմնվելով զանգերի վրա։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես են դա անելու։ Ես կարող եմ ենթադրել, թե ինչպես դա կարող է աշխատել՝ ոչ թե հիմնվելով կառավարության ներկայացրած փաստաթղթի վրա, այլ իմ իմացած տեխնոլոգիաների։ Որպեսզի բացառվեն բոլոր անմիջական շփումները, իրենք պահանջում են տեղակայման տվյալները եւ հեռախոսազանգերը։ Որպեսզի բացառեն պատահական համընկնումները եւ պարզեն շփումները, վերլուծում են նաեւ զանգերը։ Բայց դա պարտադիր չէ, որովհետեւ իրար կողք տեղակայված մարդիկ կարող են շփվել վայբերով, սկայպով։ Անճշտության բավականին մեծ հավանականություն կա։ Հնարավոր է՝ մարդն ինձ այցելի առանց զանգելու, կարող է այցելել՝ զանգելով ոչ ավանդական հեռախոսագծով՝ OTT-ով, կարող է զանգահարել ինձ, բայց մեկ ուրիշին այցելել։ Այսինքն՝ դա ընդամենը հավանականություն է։ Իրենք կարող են դա մոտավոր հաշվարկել։ Ստույգ չեն կարող որոշել, հեռախոսազանգը կարող է օգնել, կարող է՝ ոչ։ Բայց բացատրությունը, թե ինչպես է արվելու, ո’չ ԱԺ ներկայացված փաստաթղթի մեջ եմ տեսել, ո’չ էլ քննարկման ժամանակ լսեցի։ Տպավորություն ունեմ, որ արդարադատության նախարարն առանձնապես տեղյակ չէ սրանից, եւ հասկանալի չէ, թե ինչու է նա ներկայացնում օրինագիծը, եւ ոչ՝ համաճարակի կանխարգելման միջոցների համար պատասխանատու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը կբացատրեր, թե տեխնոլոգիաներն ինչպես են գործելու։ Ինչու՞ չկար փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, որն այս գաղափարն առաջ է տանում իր շրջապատի, ընկերների հետ։ Սա անընդունելի մոտեցում է եւ ես, եթե լինեի պատգամավոր, կվիրավորվեի։

Երեկ հրապարակվել է Անձնական տվյալների պաշտպանության 108 կոնվենցիայի կոմիտեի նախագահության եւ Եվրոպայի խորհրդի Անձնական տվյալների պաշտպանության կոմիսարի համատեղ հայտարարությունը անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, որտեղ ասվում է, որ «Անձնական տվյալների լայնածավալ մշակումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ գիտականորեն ապացուցված է, որ հանրային առողջության համար այդպիսի համաճարակային թվային հսկողության (օրինակ՝ կոնտակտների հետևում) հնարավոր օգուտները, ներառյալ դրանց ճշգրտությունը, գերազանցում են այլընտրանքային լուծումներին, որոնք ավելի պակաս «ներխուժող» կլինեին»։

Այսինքն՝ երբ ունեք գիտական հետազոտությունների վրա հիմնված ապացույց, որ այդ մեթոդները ձեզ կօգնեն համաճարակը կանխել կամ դանդաղեցնել, կարող եք անտեսել մարդու իրավունքները եւ սահմանափակել դրանք։ Ի՞նչ ենք տեսնում մեր օրինագծում՝ ո’չ գնահատական կա, ոչ’  վերլուծություն։ Ընդամենն ասվում է, որ այս-այս ցուցանիշներին հասնելու համար պետք է կիրառենք այս մեթոդներրը։ Եվ թվարկում են այլ երկրների օրինակները՝ ԵՄ երկրներից, Սինգապուր, Հարավային Կորեա եւ այլն։ Ես ուսումնասիրեցի ԱՄՆ-ի, Սինգապուրի եւ Հարավային Կորեայի փորձը։ Վերցնենք Սինգապուրը. առանց օպերատորներից որեւէ տեղեկություն պահանջելու այստեղ ստեղծել են համակարգ, որը թույլ է տալիս համաճարակի դեմ ինչ-որ ձեւով պայքարել։ Ինչպե՞ս. Bluetooth տեխնոլոգիայի միջոցով, որն աշխատում է 5-10 մ հեռավորության վրա, ձեր սարքը հայտնաբերում է ձեր շրջակայքում գտնվող վարակված մարդուն եւ ձեզ զգուշացնում, որ 10մ շառավղով այդպիսի մարդ կա, եւ շատ հնարավոր է, որ դուք էլ եք վարակված։ Ընդ որում՝ մարդը կարող է դա չկիսել պետության հետ, դա կամավոր է, դուք կարող եք միացնել ձեր սարքը՝ կառավարության համապատասխան մարմնի հետ փոխանակելով այդ ֆունկցիան, կարող եք չանել։ Եթե չեք անում, ստանձնում եք պատասխանատվությունը ձեր ախտորոշման համար։ Եթե կառավարությանը հայտնում եք, այն ձեզ ախտորոշման տարբերակ է առաջարկում։ Ընդ որում՝ այս տեխնոլոգիան գործարկելուց առաջ Սինգապուրը մեծ ջանքեր է գործադրել ախտորոշման ուղղությամբ։ Իրենք ապահովված են եղել թեստերով։ Բայց պետք է հասկանալ, թե որ միջոցը որ երկրում լավ կգործի։ Սինգապուրի օրինակը կիրառելի չէ ԱՄՆ-ի համար, որտեղ նույնիսկ արտակարգ իրավիճակի դեպքում առողջության մասին, բժշկական գաղտնիք պարունակող տվյալները չի թույլատրվում փոխանցել երրորդ անձանց։ Սինգապուրում դա հնարավոր է, որովհետեւ այն պակաս ժողովրդավար եւ մարդու իրավունքները հարգող երկիր է։ Բայց նույնիսկ Սինգապուրը որեւէ օպերատորի մասնակցություն չի պահանջել։ Հիմա հարց մեր կառավարությանը՝ ինչու՞ եք կիրառում Չինաստանի օրինակը։ Եկեք պարզ ասենք՝ սա Չինաստանի ու Իրանի փորձն է, որը սովոր է իր քաղաքացիներին համատարած հետեւել ու հետապնդել, ունի սոցիալական ռեյտինգի համակարգ եւ դրանով ամենուր հետեւում է մարդկանց տեղաշարժը՝ առանց տեղեկացնելու, մի երկիր, որտեղ սահմանափակված են համացանցի ծառայությունները, սոցիալական ցանցերը, կան քաղաքական բանտարկյալներ։ Ու այդ երկրի փորձը բերում ենք Հայաստան։

ԵՄ անդամ երկրներից Լեհաստանի եւ Գերմանիայի օրինակը նույնպես հիշատակված էր նախագծի հիմնավորման մեջ։   

Լեհաստանի փորձը չեմ ուսումնասիրել, բայց Գերմանիայի հաջողությունը ոչ թե մարդկանց տեղաշարժը հսկելու մեջ է, այլ ունեցած առողջապահական համակարգի, որը սոցիալական ուղղվածություն ունի։ Գերմանիան ամենից շատ թոքերի արհեստական շնչառության սարքերն ունի՝ հարյուր բնակչի հաշվով։

Եթե ամփոփեք, Դուք կողմ չեք առհասարակ, որ նման նախագիծ բերվե՞ր խորհրդարան, թե դրա անհրաժեշտությունը կար, բայց ոչ այս տեսքով։

Ես կառաջարկեի օգտագործել Սինգապուրի փորձը՝ առանց անձնական տվյալների մշակման։ Սա ցանկալի տարբերակն է։ Բայց եթե ինչ-ինչ պատճառներով ՀՀ կառավարությունը չի կարող իրեն դա թույլ տալ՝ փող չունի կամ տեխնոլոգիա չունի, ապա առնվազն պարզաբանել, թե ինչ նպատակների համար է օգտագործվելու այդ համակարգը։ Ենթադրենք որոշեցիք, որ այս մարդը վարակված է, ի՞նչ եք անելու։ Ես մարդիկ գիտեմ, որոնք կորոնավիրուսի դրական ախտորոշում են ունեցել, ու դա ոչ մի հետեւանք չի ունեցել։ Ասել են՝ գնա տանը բուժվիր, ու նույնիսկ այդ մարդու աշխատավայր չեն զանգել, չեն ասել՝ ժողովուրդ, ձեր գրասենյակում եղել է հիվանդ։ Ո’չ տուն են զանգել հարցնեն՝ չեք ուզու՞մ ախտորոշվել, ձեր բարեկամը հիվանդ է, ո’չ էլ աշխատավայր։ Հիմա ի՞նչ են պատկերացնում՝ այդ ծրագի՞րը պետք է անի իրենց փոխարեն։ Դա ենք ուզում հասկանալ։ Եթե բերում եք մարդու իրավունքների սահմանափակում նախատեսող օրինագիծ, պետք է պարզաբանեք, թե ինչ եք անելու։ Գուցե պարզապես տվյալ եք հավաքում էդ թեմայով մեկի դիսերտացիայի համար։ Իսկ եթե, իրոք, կանխարգելման միջոցներ եք մշակել, ասեք, թե դրանք ինչպես են աշխատելու։ Մինչդեռ արդարադատության նախարարը չի մանրամասնում, թե ինչպես են օգտագործելու այդ տվյալները։ Կամ իրենք, իրոք, չգիտեն՝ ինչ են անելու, իրենց ասել են՝ բերեք այդ տվյալները, մի բան կանենք, կամ արդեն ունեն ծրագիր, որն ավելի հավանական է։ Եվ դա, իմ կարծիքով, Չինաստանից Իրան բերված ծրագիրն է։ Ուղղակի չեն ուզում խոստովանել։ Այստեղից հաջորդ հարցն է ծագում՝ եթե բերել եք պատրաստի ծրագիր եւ ուզում եք շահագործել, ո՞վ է բերել, ինչո՞ւ եք ընտրել հենց այս ծրագիրը, ի՞նչ գումարներով եք շահագործելու, ի՞նչ ընթացակարգով է շնորհվելու այդ գումարը։ Երբ նման խավար մթնոլորտ է տիրում, ես եզրակացնում եմ, որ գումարի հարց էլ կա։

Հնարավո՞ր է նման ծրագիր արագ գործարկել։

Հարցը հենց դա է։ Եթե արագ է արվում, մրցույթ չի լինի, մեկ անձից հրատապ գնում կանեն եւ իրենք կորոշեն, թե որ ընկերությունից են գնում։ Դա էլ է վտանգ, բայց այլ կարգի։ Ի վերջո, եթե դա մարդկանց կյանք կփրկի, թող ինչ-որ մի տեղ էլ ինչ-որ գումար կորի։ Բայց թող բացատրեն, թե դա ոնց է փրկելու մարդկանց կյանքը։ Ենթադրենք՝ որոշեցին վարակված մարդկանց շրջապատը, ի՞նչ են անելու այդ մարդկանց՝ նստեցնելու են տանը եւ տուգանե՞ն խախտման դեպքում։ Ունի՞ պետությունը բավարար միջոցներ այդ մարդկանց բուժելու։ Պլանը պետք է լինի։

Տպավորություն ունեմ, որ իրենք ունեն համակարգ, որն ուզում են ներդնել։ Ես չեմ ուզում մեր արդար, ժոովրդավար կառավարության մասին վատ մտածել, բայց կարծես իրենք ուզում են «պտիչկա» դնել, թե՝ դա էլ արեցինք, որ երբ վաղը հարցնեն ի՞նչ եք արել, ասեն՝ ծրագիր ենք սարքել։ Փաստաթղթում բերված օրինակներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Սինգապուրի մասին արդեն ասացի, Միացյալ Նահանգներում էլ չեն պարտադրում եւ այնտեղ պարզապես մարդկանց կուտակումներին են հետեւում, որովհետեւ մարդիկ այնտեղ անփույթ են եւ կարող են խնջույքների մասնակցել, Կանադայում ընդհանրապես նման բան չի արվում։

Դուք այս օրինագծում երաշխիքներ տեսնու՞մ եք մշակված տվյալների ոչնչացման առումով։ Պա՞րզ են ձեզ համար ընթացակարգերը՝ երբ է իրականացվելու, ում կողմից եւ ինչպես։

Շատ լավ հարց է։ Տվյալների թե’ պաշտպանությունը ընթացքում, թե’ արտահոսքը ընացքում, թե’ հետագայում ոչնչացումը կարեւոր է։ Սովորաբար, որպեսզի կազմակերպությունը նման գործունեություն իրականացնի՝ տվյալների զանգվածային մշակման, առնվազն պետք է ունենա ներքին ընթացակարգեր եւ ISO 27001 անվտանգության ստանդարտ։ Երբ անկախ աուդիտորական ընկերությունը համոզվում է, որ տվյալները մշակողն ունի անհրաժեշտ վերահսկողություն, որը բացառում է տվյալների արտահոսքը, անփույթ պահպանումը, որը բազմաթիվ դեպքերում մենք՝ մասնագետներս, տեսնում ենք։ Աուդիտը երաշխավորում է, որ կան ոչնչացման գործընթացներ, պատասխանատու մարդիկ, որոնք ոչ պատշաճ իրականացման դեպքում պատասխանատվություն կկրեն։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Որքանով ես գիտեմ, այն ընկերությունը, որին ենթադրաբար ուզում են տրամադրել այս գործառույթը, նման փաստաթուղթ չունի։ Հայաստանում հաշված ընկերություններ ունեն այդ աուդիտի փաստաթուղթը, հիմնականում՝ բանկերը, ապահովագրական ընկերությունները եւ վարկային կազմակերպությունները, որովհետեւ դա պահանջվում է օրենքով եւ ԿԲ-ի կողմից։ Որոշ ընկերություններ կամավոր են անցնում, որովհետեւ աշխատում են եվրոպական շուկաներում եւ իրենցից դա պահանջվում է։

Մյուս խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ անձնական տվյալների արտահոսքը չնչին տուգանք է առաջացնում՝ 300-500 հազար դրամ։ Դա աբսուրդային գումար է եւ պատժամիջոց։ Արդարադատության նախարարը միանգամից պետք է նաեւ պատժաչափը խստացնող օրինագիծ բերեր այդ դեպքում։ Առհասարակ, անձնական տվյալների մասին մեր օրենսդրությունը սարսափելի վիճակում է։

Ո՞րն է Ձեր հորդորը պատգամավորներին։

Օրինագիծը վերադարձնել լրամշակման ու կառավարությունից հստակ պարզաբանում պահանջել՝ արդյոք ունե՞ն այդ ծրագիրը, եթե ոչ՝ ե՞րբ այն կլինի, որովհետեւ արդեն ուշ է, եւ որքանո՞վ է արդյունավետ։ Կառավարությունը պետք է ազնիվ լինի քաղաքացիների եւ պատգամավորների հետ եւ ցույց տա, որ հստակ պլան ունի, որը հիմնված է կոնկրետ վերլուծության վրա։    

Դավիթ Սանդուխչյանի լուսանկարը՝ media.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter