
ԱԺ-ն կրկին քննարկում է կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու փաթեթը. ընդդիմությունը չի եկել նիստին
Խորհրդարանն արտահերթ նիստով կրկին քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու փաթեթը: Հիշեցնենք, որ այն այսօր առավոտյան երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել, քանի որ ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը:
ԱԺ այս նիստն ընթանում է առանց ընդդիմադիր խմբակցությունների. նրանք չեն եկել նիստին:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց` քանի որ առավոտյան ներկայացված նախագծերն են, կարիք չկա կրկին մանրամասն ներկայացնելու:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բացատրեց հանրությանը, թե որն է պատճառը երկրորդ անգամ նիստ հրավիրելու:
«Խնդիրն այն է, որ եթե ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն 67 պատգամավոր է գրանցվում, ապա 34 ձայնը բավարար է, որ նախագիծն ընդունվի, սակայն քանի որ ընդդիմությունը բոյկոտեց ու չմասնակցեց քվերակությանը, հետևաբար կողմ ձայները պետք է լինեին 67: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 10-ը դիտորդական առաքելություն է իրականացնում Արցախում, այն անձինք, ովքեր եղել են բացակա, մի մասը եղել են հիվանդ, մյուս մասը խոցելի խմբում են, ցավոք անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսը ներկա գտնվեն և սրանով է պայմանավորված առաջին հատվածի չեղարկումը»,- ասաց Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ելույթին, որտեղ վերջինս ասել է` նիստին չեն գնացել, քանի որ ուշ են տեղեկացվել: Ռուբինյանը վստահեցրեց` բոլոր պատգամավորները նույն ժամին են տեղեկացվել: Ըստ Ռուբինյանի` Մարուքյանի պատճառաբանությունը ծիծաղ է առաջացնում` հաշվի առնելով այն, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ է, երկրում շուրջ 500 վարակակիր կա, որոնցից 30-ը թոքաբորբ է տանում:
Սասուն Միքայելյանն էլ ընդգծեց, որ ընդդիմության բոյկոտն արհամարհանք է հանրության նկատմամբ: Միքայելյանն ասաց` պարզ է, որ այս օրենքով երկիրը չեն փրկելու, բայց այն մի քայլ է, որը կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց` տպավորություն կարող է լինել, որ այս նախագիծը քննարկում են առանց ընդդիմության, սակայն այժմ նույն նախագիծն է ներկայացված, որն առավոտյան քննարկվում էր: Միրզոյանի խոսքով` առավոտյան եղել է բուռն քննարկում, ընդդիմադիր պատգամավորներն ունեցել են հնարավորություն իրենց դիրքորոշումն արտահայտելու, ինչը և արել են: Միրզոյանը շեշտեց` պատգամավորները տեղեկացվել են նիստի մասին այն ժամանակ, երբ Կառավարությունից եղել է նիստ հրավիրելու առաջարկ:
Նախագծերի փաթեթը ներկայացվեց քվեարկության, այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին` խնդրելով առաջարկների համար նախատեսված երեք ժամը սպառելուց հետո անմիջապես հրավիրել նիստ, որպեսզի փաթեթը ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, և երկրորդ ընթերցմամբ քննարկեն:
Միրզոյանը դիմեց մյուս խմբակցություններին` կոչ անելով հնարավորության դեպքում գալ մյուս նիստին: Միրզոյանը խնդրեց 21:30-ից լինել ԱԺ-ում:
Մեկնաբանել