HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Զվարթնոցի» չվերթները հասել են նվազագույնի

Ռուսական ամենախոշոր ավիափոխադրողը՝ «Աէրոֆլոտը», հետաձգել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին եւ 2-ին նախատեսված իր չվերթների մեծ մասը: Այս մասին հայտնել է ընկերության պաշտոնական կայքը: Պատճառն այն է, որ ՌԴ կառավարության օպերատիվ շտաբը որոշել է կրճատել Մոսկվա ժամանող ուղեւորների թիվը. միջազգային չվերթներով օրական Մոսկվա կարող է ժամանել առավելագույնը 500 մարդ: Ընդ որում՝ Մոսկվայի օդանավակայաններից միայն «Շերեմետեւոն» է ընդունելու միջազգային թռիչքները: Ռուսաստանի մնացած տարածքում գտնվող օդանավակայանները կարող են օրական առավելագույնը ընդունել 200 ուղեւոր: 

Հիշեցնենք, որ այս պահին ռուսական փոխադրողներն իրականացնում են բացառապես իրենց քաղաքացիների տարհանման թռիչքներ աշխարհի տարբեր կետերից:

Նկատենք, որ այսօր Մոսկվայից դեպի Երեւան կայացել է ընդամենը 1 չվերթ: Խոսքը «S7» («Սիբիր») ավիաընկերության «Դոմոդեդովո»-«Զվարթնոց» թռիչքի մասին է: Ռուսական փոխադրողի ինքնաթիռն այս պահին վերադառնում է Մոսկվա: Ըստ չվացուցակի՝ վայրէջքը կլինի կրկին «Դոմոդեդովոյում»: Այսօրվա մյուս չվերթը (Մոսկվա («Շերեմետեւո)-Երեւան-Մոսկվա), փոխադրող՝ «Pegas Fly») չեղարկվել է: 

«Զվարթնոցի» չվացուցակի համաձայն՝ այս պահին վաղվա համար նախատեսված է միայն մեկ չվերթ: Դա «S7»-ի նույն Մոսկվա-Երեւան-Մոսկվա թռիչքն է:      

Հիշեցնենք, որ գիշերը Երեւանում վայրէջք է կատարել հայկական «Atlantis European Airways»-ի հատուկ չվերթով ժամանած օդանավը, որը Հնդկաստանից տարհանել է 68 աշակերտի եւ նրանց ուսուցիչներին: 

Լուսանկարը՝ zvartnots.aero-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter