HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տավուշում կա 2 վարակակիր, 31 մեկուսացված անձ․ բժշկական կենտրոններն ապահովված են սարքավորումներով

Տավուշի մարզի բժշկական կենտրոններում չկան կորոնավիրուսի վարակակիրներ։ Հայտնաբերված երկու անձինք տեղափոխվել են ինֆեկցիոն կենտրոններից մեկը։

Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ չնշելով ինֆեկցիոն կենտրոնի անունը։

Ըստ Տավուշի մարզպետարանի տվյալների՝ Տավուշում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակակիր 2 անձ, որոնցից մեկը արտերկրից ժամանած վարորդ է, որը մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը գրանցվել է Դիլիջան քաղաքում։

Ըստ մարզպետի՝ մեկուսացվել են 31 քաղաքացիներ, որոնք գտնվում են մարզի հյուրանոցներից մեկում։

Մարզպետը նշեց, որ բուժհաստատությունները համալրված են համապատասխան սարքավորումներով։

«Հետազոտությունները եւ մեկուսացումներն իրականացվում են առողջապահության նախարարի սահմանած կարգով։ Առավել ծանրաբեռնված է Նոյեմբերյանի հիվանդանոցը. այնտեղ են իրականացվում հետազոտությունները, որոնք կապված են սահմանի հետ»,- ասում է Չոբանյանը։

«Հետքը» կապ հաստատեց «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոնի ղեկավար Գարունիկ Ղուշչյանի հետ, որը հիվանդանոցի պայմանների, սարքավորումների եւ ԲԿ-ի ծանրաբեռնվածության վերաբերյալ որեւէ ինֆորմացիա չտրամադրեց՝ խորհուրդ տալով դիմել մարզպետարան։

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանից տեղեկացրին, որ մարզում գործում է 27 բուժհիմնարկ, որոնցից 4-ը բժշկական կենտրոններ են, 3-ը՝ առողջության կենտրոններ, 1-ը բժշկական անհատական պրակտիկայի գրասենյակ է, 19-ը՝ գյուղական բժշկական ամբուլատորիաներ:

Տավուշի մարզի բժշկական հաստատություններում առկա է 270 մահճակալ: Ըստ ստացած տեղեկատվության՝ մարզում կա 6 ռենտգեն սարքավորում, որոնցից 1-ը չի աշխատում, դրանք գտնվում են ԲԿ-ներում։ Թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված է 14 ապարատ՝ 3-ը Դիլիջանի ԲԿ ՓԲԸ-ում, 4-ը՝ Իջևանի ԲԿ ՓԲԸ-ում, 4-ը՝ Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ում, 3-ը՝ Բերդի ԲԿ ՓԲԸ-ում։

Տավուշում գործող 4 բժշկական կենտրոնները, ըստ Չոբանյանի, ունեն առանձնացված տարածքներ, որոնք հետագայում կարող են ծառայել վարակակիրների մեկուսացման համար։ Կատարվում են նաեւ տնայցեր, եթե վարակի ախտանշաններ են առաջ գալիս, ըստ անհրաժեշտության իրականացվում են նմուշառումներ։ «Դրանց հիման վրա քաղաքացին կարող է տեղափոխվել կլինիկական հատված։ Իրականում այս հիվանդության հետ կապված հետազոտության համար բոլոր հնարավոր եղանակները ունենք, չենք իրականացնում թեստավորում, եթե կարիք կա, ապա ինֆեկցիոն կենտրոն ենք ուղարկում»,- ասաց մարզպետը։

Տավուշում առանձացվել են տարածքներ, որոնք ծառայելու են մեկուսացման համար։

«Ունենք սցենարի վատթարացման հետ կապված մեր միջոցառումները, որոնք վերաբերում են հատկապես մեկուսացման վայրերին։ Հետաքրքրվում ենք հյուրանոցների օգտագործմամբ, որոնցով կապահովենք նաեւ տնտեսվարողների կենսագործունեությունը։ Բոլոր հնարավորությունները հաշվառվել են»,- նշեց մարզպետը։

«Իջեւանի» ԲԿ-ի ղեկավար Էդուարդ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս հիվանդանոցում եւս պլանային դեպքեր, վիրահատություններ չեն իրականացնում: Այն հարցին, թե ունե՞ն թոքերի արհեստական շնչառության բավարար քանակով սարքավորումներ, ԲԿ-ի ղեկավարը նշեց, որ «կհերիքեն»։

«Կա մեկուսացման սենյակ, կան մահճակալներ, անհրաժեշտությունից ելնելով՝ ամեն ինչ էլ կա»,- նշեց կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ մեկուսարանի համար հատկացվել է առանձին մասնաշենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter